
Դիտորդների խումբը ՀՀ առողջապահության նախարարությանը դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված որոշ անձանց առողջական վիճակի վերաբերյալ անհապաղ միջոցներ ձեռնարկելու գրությամբ։ 2026 թվականի հունիսի 6-ին իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են մի շարք մտահոգիչ հանգամանքներ։ 🔹 Կալանավորված անձ Հ․ Ս–ն արդեն 26 օր գտնվում է հացադուլի մեջ։ Նրա խոսքով՝ ունի առողջական խնդիրներ, տեսողության հետ կապված դժվարություններ և ակնոցների կարիք։ Բացի այդ, նախկինում ունեցել է երկրորդ կարգի հաշմանդամություն, սակայն հաշմանդամության ժամկետի ավարտից հետո չի անցել ֆունկցիոնալության գնահատում։ 🔹 Ազատությունից զրկված անձ Հ․Ա․ հայտնել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ նախկինում ստացել է «Գաբապենտին» 300 մգ բուժում, սակայն ներկայումս դեղամիջոցը չի տրամադրվում, իսկ ընտանիքը սոցիալական ծանր վիճակի պատճառով հնարավորություն չունի այն ձեռք բերելու։ 🔹 Ցմահ դատապարտյալ Հ․Խ․ հայտնել է, որ երկար ժամանակ չի ընդունվել հոգեբույժի կողմից։ Նրա խոսքով՝ նախկինում բուժում է ստացել նաև հոգեբուժական հաստատությունում, մինչդեռ ներկայումս պահվում է մեկուսացված պայմաններում։ ⚖️ Հայաստանի Հանրապետությունը, որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մասնակից պետություն, պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը՝ նույն չափանիշներով, ինչ հասարակության մյուս անդամների համար։ 📌 Դիտորդների խումբը պահանջել է. ✔️ կազմակերպել Հ․Ս․-ի համալիր բժշկական զննությունը, ✔️ ապահովել նրա տեսողության ստուգումը և ֆունկցիոնալության գնահատումը, ✔️ գնահատել Հ․Ա․-ի հոգեկան առողջության վիճակը և անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան դեղորայքային բուժումը, ✔️ կազմակերպել Հ․Խ․-ի հոգեբուժական զննումը և քննարկել մասնագիտացված բուժման անհրաժեշտությունը, ✔️ տեղեկացնել Դիտորդների խմբին ձեռնարկված և նախատեսվող միջոցառումների մասին։ Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ շարունակում է ունենալ արժանապատիվ վերաբերմունքի, առողջապահական ծառայություններից օգտվելու և անհրաժեշտ բուժում ստանալու իրավունք։
© 2026 PMG.AM։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։