
ՀՀ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջական վիճակի և բուժսպասարկման վերաբերյալ --- ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը վերջին այցերի ընթացքում արձանագրել է ազատությունից զրկված մի շարք անձանց առողջական վիճակին, բուժօգնության հասանելիությանը և անձնական անվտանգությանը վերաբերող խիստ մտահոգիչ դեպքեր։ Ազատությունից զրկված անձինք ահազանգում են առողջապահական ծառայությունների հասանելիության, անհրաժեշտ բժշկական հետազոտությունների, մասնագիտական խորհրդատվությունների, դեղորայքային բուժման և շարունակական բժշկական հսկողության բացակայության կամ ոչ բավարար ապահովման մասին։ Մասնավորապես, Նուբարաշեն ՔԿՀ–ում Խումբը արձանագրել է հետևյալ խնդիրները. Կալանավորված անձի մոտ արձանագրվել են երկարատև հացադուլի հետևանքով առաջացած լուրջ առողջական խնդիրներ՝ քաշի զգալի կորուստ, ֆիզիկական հյուծվածություն, գիտակցության ժամանակավոր կորուստներ և հիշողության խանգարումներ։ Նման վիճակը կարող է կյանքին և առողջությանը սպառնացող հետևանքներ առաջացնել և պահանջում է անհապաղ, անկախ և շարունակական բժշկական հսկողություն։ Մեկ այլ կալանավորված անձ հայտնել է էխինոկոկոզի վերաբերյալ նախկինում հաստատված առողջական խնդրի մասին՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում չեն իրականացվելանհրաժեշտ հետազոտությունները, ինչպես նաև չի տրամադրվել պատշաճ բուժօգնություն և դեղորայք։։ Անձը գանգատվել էգոտկատեղի ցավերից, թիկունքի թմրածությունից, մարսողական համակարգի խնդիրներից, ջերմության բարձրացումից և սրտխառնոցից։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անձինք հայտնել են վահանաձև գեղձի հիվանդության, սրտանոթային խնդիրների, մաշկաբանական հիվանդությունների, փսորիազի, շնչահեղձության, ձախ թևի թմրածության, կրծքավանդակի ցավերի և դեղորայքի բացակայության կամ անարդյունավետության մասին։ Առանձնակի մտահոգիչ է սրտի միջամտություն անցած դատապարտյալի վիճակը, որի խոսքով՝ իրեն տեղադրվել է երկու ստենդ, սակայն հետագա անհրաժեշտ բուժական միջամտությունները և սրտաբանական շարունակական հսկողությունը լիարժեք չեն ապահովվել։ Նման դեպքերը պահանջում են անհապաղ սրտաբանական խորհրդատվություն և հետազոտություն։ Խումբը նաև արձանագրել է ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձի պահման պայմանների անհամապատասխանություն։ Սայլակով տեղաշարժվող անձը փաստացի չի կարողանում օգտվել լոգանքի և զբոսանքի իրավունքից՝ շենքային անմատչելիության պատճառով, իսկ սանիտարահիգիենիկ կարիքների բավարարմանի հարցում կախված է խցակիցների օգնությունից։ Սա անընդունելի իրավիճակ է և առաջացնում էարժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Դիտորդների խումբը շեշտում է, որ ազատությունից զրկված անձինք շարունակում են ունենալ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի և խտրականությունից զերծ բուժօգնության իրավունք։ Պետությունը կրում է ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանության պոզիտիվ պարտավորություն։ Քրեակատարողական հիմնարկում գտնվելը չի կարող հանգեցնել անձի առողջապահական կարիքների անտեսման կամ բուժօգնության ուշացման։ Խումբը կոչ է անում իրավասու մարմիններին՝ - Անհապաղ կազմակերպել նշված անձանց առողջական վիճակի պատշաճ և համալիր գնահատում։ - Ապահովել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություններ՝ սրտաբանի, մաշկաբանի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի, հոգեբույժի և այլ մասնագետների ներգրավմամբ։ - Տրամադրել անհրաժեշտ դեղորայքային բուժում և ապահովել բուժման շարունակականությունը։ - Գնահատել հաշմանդամություն ունեցող անձի տեղաշարժի խնդիրները և միջնորդել հարմարեցված մասնաշենք կամ ՔԿՀ տեղափոխել, - Ապահովել ազատությունից զրկված անձանց առողջության իրավունքի իրացումը՝ ՀՀ օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների համաձայն։ Խումբը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան, ՄԱԿ-ի «Նելսոն Մանդելայի կանոնները», ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը և քրեակատարողական օրենսդրությունը պետությունից պահանջում են ապահովել ազատությունից զրկված անձանց կյանքը, առողջությունը, անվտանգությունը և արժանապատիվ պահման պայմանները։ Դիտորդների խումբը շարունակելու է իր մանդատի շրջանակներում հետևել արձանագրված դեպքերին և իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող գործողություններին։ Խումբը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
© 2026 PMG.AM։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։