098 606393
Public Monitoring Group Publishes the Ministry of Justice's Response Following Its Monitoring Visit to Nubarashen Penitentiary

Հանրային մոնիթորինգի խումբը հրապարակում է արդարադատության նախարարության պատասխանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած մոնիթորինգային այցից հետո

2026 թվականի հունիսի 6-ին Դիտորդների խումբը այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատազրկված անձանց հետ, ինչպես նաև դիտարկել խցային պայմանները։ Առանձնազրույց է տեղի ունեցել նաև կալանավորված անձ Արտուր Օսիպյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ ունի ողջամիտ վախեր իր կյանքի և անձնական անվտանգության վերաբերյալ, որոնք, ըստ նրա, պայմանավորված են հանրային հնչեղություն ստացած քաղաքական հայտարարություններով և իր ներկայիս կարգավիճակով։ Հիշեցնենք, որ 2026թ․-ի հունիսի 10-ին Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է և նա ազատ է արձակվել։ ՀՀ արդարադատության նախարարությունը (ԱՆ) պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ հիմնարկում պահվելու ողջ ժամանակահատվածում Արտուր Օսիպյանի կյանքի, առողջության և անձնական անվտանգության ապահովման նպատակով կատարվել է անհատական ռիսկի գնահատում և ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ։ Այցի ընթացքում Խմբի անդամները տեսակցել և առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած կալանավորված անձանց։ Խումբը հատկապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հացադուլի մեջ գտնվող անձինք շարունակում են պահվել խիստ խոնավ, ցուրտ, գարշահոտ և բնական լուսավորության անբավարար պայմաններում գտնվող խցերում։ ՀՀ ԱՆ պատասխան գրությամբ հայտնել է, որ հացադուլ հայտարարած անձինք տեղափոխվել են վեցերորդ մասնաշենքի 001 խուց, որը գտնվում է բարվոք վիճակում, ունի բնական և արհեստական լուսավորություն, առանձնացված և մոտ զբոսահրապարակ, ինչպես նաև առկա չեն խոնավության հետքեր։ Ըստ ԱՆ-ի 2025 թվականին 10-րդ խցում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, սակայն կարճ ժամանակահատված անց կրկին առաջացել է խոնավություն, ինչի վերաբերյալ կցվում են համապատասխան լուսանկարները։ Միաժամանակ արձանագրվել է, որ կալանավորված անձ Հ․Ս-ն շուրջ 26 օր հացադուլի մեջ գտնվելու պայմաններում շարունակում է բարձրացնել իր երկու անչափահաս երեխաների հետ տեսակցության կազմակերպման խնդիրը՝ նշելով, որ արդեն ամիսներ շարունակ զրկված է նրանց տեսնելու հնարավորությունից։ Խումբը այս մասով դիմել էր ինչպես ՀՀ ԱՆ-ին, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ ՀՀ ԱՆ-ի կողմից տրվել է պարզաբանում այն մասին, որ կալանավորի դիմումի հիման վրա Հիմնարկը 2026 թվականի հունիսի 10-ին համապատասխան գրություն է ուղղել են «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ տեղեկանալու կալանավորված անձ Հ․Ս․-ի և իր անչափահաս երեխաների տեսակցության կազմակերպման հնարավոր միջոցների մասին։ Դիտորդների խումբը ՀՀ ԱՆ-ին ուղղված գրությամբ ներկայացրել է նաև այլ ազատազրկված անձանց կողմից բարձրաձյանցված խնդիրները և խնդրել համապատասխան քայլեր ձեռնարկել։ 2026թ-ի հունիսի 16-ին ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության պատասխան գրությունը։ Գրության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․ https://drive.google.com/.../1w9kFmVH62zsBRAKvVEC.../view...