
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2026 թվականի հունվարի 30-ին Դիտորդների խումբը՝ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի գլխավորությամբ, չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում Խմբի անդամների մուտքը հիմնարկ չի ապահովվել Խմբի գործունեության կարգին համապատասխան, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով։ Դիտորդները ստիպված են եղել մոտ 20 րոպե սպասել հիմնարկ մուտք գործելու համար, ինչը հակասում է կարգով սահմանված անարգել մուտքի սկզբունքին և խաթարում է քաղաքացիական արդյունավետ վերահսկողության տրամաբանությունը։ Խմբի գործունեությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան հոդվածների, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի դրույթների, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի վրա։ Վերոնշյալ միջադեպի և արձանագրված այլ խոչընդոտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ուղարկվել պաշտոնական գրություն։ Նախարարությունն իր պատասխանով հանձնարարել է համապատասխան քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին կրկին տեղեկացնել Խմբի լիազորությունների և անարգել մուտք ապահովելու պարտավորության վերաբերյալ։ Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են նաև առողջությանը վերաբերող խնդիրներ։ Մասնավորապես՝ • Ն․Կ․-ն հայտնել է, որ մի քանի օր շարունակ ունեցել է կրծքավանդակի սուր ցավեր և շնչառության դժվարություն։ • Ա․Ա․-ն հայտնել է, որ ամիսներ շարունակ «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» կողմից չի անցել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և իրեն չեն տրամադրվել անհրաժեշտ դեղամիջոցները։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ ամբուլատոր բժշկական քարտում առկա գրառումների հիման վրա Ն․Կ․-ն չի հետազոտվել սրտաբանի կողմից, քանի որ նա սրտանոթային համակարգի հետ կապված որևէ գանգատ չի հայտնել։ Բացի այդ, ստորաբաժանման բժշկական անձնակազմը չի ստացել որևէ գանգատ նրա ոտքի վիճակի վատթարացման վերաբերյալ, և անոթաբանի խորհրդատվության անհրաժեշտություն չի արձանագրվել։ Մշտադիտարկման այցի ընթացքում Խմբի անդամները զրուցել են նաև հիմնարկի հերթապահ բժշկի հետ, որը հաստատել է ազատազրկված անձանց կողմից ներկայացված գանգատների առկայությունն ու բովանդակությունը։ Ազատազրկված անձանց պատշաճ և ժամանակին բժշկական օգնության տրամադրումը պետության անմիջական պարտականությունն է, որը բխում է ինչպես ազգային օրենսդրությունից, այնպես էլ միջազգային պարտավորություններից։ Խումբը կրկին ընդգծում է, որ քրեակատարողական համակարգում հասարակական վերահսկողության իրականացումը և ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելը իրավական պարտավորություններ են և ակնկալում է պետական մարմինների լիարժեք համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։
© 2026 PMG.AM։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։