
Դիտորդների խումբը չհայտարարված այց է իրականացրել «Արմավիր» ՔԿՀ 2026 թվականի մարտի 26-ին Դիտորդների խումբը, նախագահ Սերգեյ Գաբրիելյանի գլխավորությամբ, իրականացրել է չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ։ Այցի շրջանակներում Խմբի անդամները շրջել են հիմնարկի տարածքով, այցելել տարբեր բաժանմունքներ, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին, ինչպես նաև ուսումնասիրել կենցաղային և սանիտարահիգիենիկ իրավիճակը։ Խմբի անդամները հանդիպումներ են ունեցել հիմնարկի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հիմնարկի գործունեությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին վերաբերող հարցեր։ Միաժամանակ իրականացվել են անհատական և խմբային զրույցներ ազատազրկված անձանց հետ՝ պարզելու նրանց իրավունքների իրացման, պահման պայմանների և առօրյա խնդիրների վերաբերյալ հարցադրումները։ Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև սննդի ապահովման գործընթացին․ Խմբի անդամները տեղում ուսումնասիրել են սննդի պատրաստման պայմանները, խոհանոցային տարածքները, ինչպես նաև սննդի որակին առնչվող հարցերը։ Այցի արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ՝ ինչպես ազատազրկված անձանց պահման պայմանների, այնպես էլ բուժսպասարկման կազմակերպման և մատչելիության հետ կապված։ Խումբը խոր մտահոգություն է հայտնում հիմնարկում բուժծառայության կազմակերպման պայմանների և մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ՝ արձանագրելով, որ դրանք բավարար չափով չեն ապահովում ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացումը։ Հավաքագրված տվյալները ներկայումս գտնվում են մանրամասն ուսումնասիրման և ամփոփման փուլում։ Այցի արդյունքների ամփոփումից հետո Խումբը գրություններ կհասցեագրի համապատասխան գերատեսչություններին։
© 2026 PMG.AM։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։