2018 թվականից հետո պետությունը` ի դեմս Արդարադատության նախարարության, մեծ նշանակություն է տալիս վերասոցիալականացման քաղաքականությանը, և այս կոնտեքստում կարևորվում է ազատազրկված անձանց կրթությունը, որը կազմված է մի քանի բաղադրիչ մասից`

  • Հանրակրթություն: Այստեղ հիմնական խնդիրը կապված է ազատազրկված անձանց տարիքի հետ: Օրեսնդրական խոչընդոտը 19 տարին լրացած անձանց հանրակրթության կազմակերպման հնարավորություն չի ընձեռում, ինչը խաթարում է կրթության շարունակականությունը:
  • Միջին մասնագիտական, մասնագիտական կրթություն: Արհեստագործական և մասնագիտական տարբեր դասընթացներից զատ՝ օրենքը նախատեսում է, նաև այն դատապարտյալների մասնագիտական ուսուցում, որոնց պատժի կրմանը մնացել է մինչև 6 ամիս: Այս ոլորտում խնդիրը վերաբերում է օրենքի կիրառմանը, քանի որ վերջին տարիներին մասնագիտական ուսուցում կազմակերպող ոչ մի կազմակերպություն չի դիմում հայտարարված մրցույթին:
  • Բարձրագույն կամ հետբուհական կրթություն: Այս մակարդակի կրթության կազմակերպման առումով օրեսնդրական բոլոր երաշխիքները կան, սակայն քրեակատարողական հիմնարկը միջամտում է այն դեպքում, երբ ընդունելության գործընթացն ավարտված է, և արդեն պետք է սկսվի դասապրոցեսը: Նախապատրաստական փուլում աջակցության որևէ մեխանիզմ չկա: Նաև չկա վարձավճարների հարցում աջակցության համակարգ:

Ազատազրկված անձանց կրթության մասին հոգ տանելը շատ կարևոր է. դրա շնորհիվ արդյունավետորեն տնօրինվում է քրեակատարողական հիմնարկի ներսում գտնվելու ժամանակը, իրական հնարավորություն է ստեղծվում, որ մարդը ձեռք բերի մասնագիտություն և կարողանա վերաինտեգրվել հասարակության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական  հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն  իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը, «Հանցանքի հետքով» հաղորդման շրջանակներում, անդրադարձել է անազատության մեջ գտնվող անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների թերացումներին։

Նա նշել է, որ Դիտորդական խմբի անցած տարվա ուսումնասիրության արդյունքում բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել բանտերում՝, այն է՝ բավարար չեն իրականացվող հոգեբանական աշխատանքները, չկան բավարարաչափ պատրաստված մասնագետներ, ինչն էլ առհասարակ նպաստում է, որ հայաստանյան բանտերում մահվան դեպքերն աճեն։

Ըստ Հովհաննիսյանի՝ բազմաթիվ բողոքները վկայում են, որ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից չի ապահովվում պատշաճ բուժզննություն, իսկ պատրաստված մասնագետները երբեմն չեն կարողանում աշխատել ազատազրկված անձանց հետ։

Հացադուլի խնդիրն առավել ցավոտ է, երբ դրանք կապված են քրեական գործերի հետ։ Հոգեբանական այդ աշխատանքները շատ կարևոր են, որպեսզի հացադուլ հայտարարած անձը, որը քրեական գործից դժգոհ է, պայքարը տանի իրավական դաշտում, և ոչ թե ինքնավնասման միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանն ահազանգում է․ արդեն 10 ամիս կալանավորված 69-ամյա Աղվան Հովսեփյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում նաև շաքարային ծանր դիաբետ, և նրա հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ։ Հետևաբար պետք է անհապաղ ազատ արձակվի։

2022 թ․ հուլիսի 18-ին կայացած դատական նիստին Քրեակատարողական հիմնարկը Աղվան Հովսեփյանի՝ դատարան չներկայանալու անհնարինության մասին տեղեկանք էր ուղարկել դատարան, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց հետաձգել նիստը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով կալանավորումը շատ հաճախ կիրառվում է ոչ բավարար հիմքերի պարագայում և կիրառվում է նաև առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը կալանքի հաճախ կիրառումը խիստ մտահոգիչ է համարում։ Նա, վկայակոչելով օրենքը, նշում է, որ դատարանը մեղադրյալին կարող է կալանավորել ծայրահեղ դեպքերում, եթե ունի հիմնավոր կասկած, որ նա կխուսափի կամ կթաքնվի գործի քննությունից։
 
«Արդյո՞ք պրոդյուսեր  Արմեն Գրիգորյանի դեպքում արժեր կիրառել հենց այդ կարծես թե ամենածայրահեղ միջոցը նախաքննության փուլում, որը պետք է նախաքննության մարմնին հնարավորություն տար ամբողջական քննություն իրականացնելու: Ստորագրություն չհեռանալու մասին, գրավի կիրառում, այս միջոցները եթե կարող են պարտավորեցնել, որ անձը պատշաճ կերպով նախաքննության պրոցեսին ներկայանա, բոլոր գործողությունները իրականացնի, կարծում եմ, կալանավորումն ուղղակի անիմաստ է կիրառել»:
 
Զ․ Հովհաննիսյանի կարծիքով՝ քննությունը պետք է պարզի՝ առողջական խնդիրներ ունեցող, բայց այդ մասին չբարձրաձայնած Գրիգորյանի հարցում որ օղակն է թերացել։
«Ի՞նչ քայլեր են իրականացվել: Մենք, իհարկե, պատրաստում ենք գրություններ, որոնցով պարզ կդառնա, թե ինչպիսի բժշկական գործողություններ են կատարվել Արմեն Գրիգորյանի ճնշման կայունացմանը հասնելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ կից հղումով։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Արմեն Գրիգորյանի մահման դեպքին․

«Եթե խոսում ենք կոնկրետ Արմեն Գրիգորյանի դեպքի մասին, ապա ես, որպես դիտորդների խմբի անդամ, կարող եմ ասել, որ տվյալ կալանավորված անձից մեր խումբն ահազանգ չի ունեցել: Ես կարծում եմ, որ Արմեն Գրիգորյանի դեպքի վերաբերյալ պետք է առանձին հետազոտություն անել, դեպքը քննել և հասկանալ, թե տվյալ կալանավորված անձի մոտ բարձր ճնշման հետ  կապված խնդիրը երբվանից է նկատվել, արդյոք քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց հետո, և արդյոք ՔԿՀ-ի պայմաններն են հանգեցրել տվյալ խնդրի սրմանը: Այս դեպքի հետ կապված ավելի հիմնավոր պատասխան հնարավոր կլինի ստանալ առանձին քննությունից հետո՝ հասկանալու համար՝ արդյոք խնդիրն այնպիսին էր, որ պետք է լիներ բժշկական միջամտություն, և եթե կար բժշկական միջամտության կարիք, արդյոք անձը բարձրաձայնել է դրա մասին, և այդ բարձրաձայնումը արդյոք մնացել է անհետևանք»։

Նրա խոսքով՝ այսպիսի դեպքերը պետք է ազդակ լինեն համակարգի համար, ծառայության համար, որպեսզի կարողանան այնպիսի պայմաններ ապահովել, որ այդ պայմանները որևէ ձևով անձի առողջական վիճակի վատթարացման կամ մահվան պատճառ չդառնան: «Այստեղ հիմնական մոտեցումն այն է, որ պետությունն այնպիսի քայլեր պիտի ձեռնարկի, որ նման դեպքեր չարձանագրվեն: Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, որ տարիներ շարունակ իրավապաշտպանները բարձրաձայնում են. այն, որ հիմնականում կալանավորումն է ընտրվում որպես խափանման միջոց, այսինքն՝ անձը պահվում է քրեակատարողական հիմնարկում, բայց այդ խափանման միջոցի ընտրությունը պետք է հիմնավորված լինի, ինչը որոշ դեպքերում այդպես չի լինում: Այսինքն՝ պետք է մաքսիմալ զերծ մնալ մարդուն անազատության մեջ պահելուց, որովհետև այդ ամենը մի շարք առումներով բացասական է ազդում մարդու վրա:

Մանրամասները՝ կից հղումով։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search