
Մահացած ազատազրկված անձանց բժշկական փաստաթղթերի հասանելիության իրավական խոչընդոտների և հասարակական վերահսկողության արդյունավետության ապահովման անհրաժեշտության վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը մտահոգություն է հայտնում ազատազրկված անձանց մահվան դեպքերի ուսումնասիրության ընթացքում բժշկական փաստաթղթերի և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասանելիության հետ կապված իրավական և գործնական խոչընդոտների վերաբերյալ։
Խնդիրը հերթական անգամ ի հայտ է եկել 2026 թվականի նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու ընթացքում։
Նոյեմբերի 11-ին Դիտորդների խմբի անդամներն այցելել են քրեակատարողական հիմնարկ՝ մահվանը նախորդած հանգամանքները պարզելու նպատակով։ Այցի ընթացքում Խումբը ցանկացել է ուսումնասիրել նաև մահացած անձի բժշկական փաստաթղթերը՝ պարզելու նրա առողջական վիճակի, բժշկական օգնության դիմելու, համապատասխան բուժօգնության կազմակերպման և տրամադրման հանգամանքները։
Սակայն բժշկական փաստաթղթերը Դիտորդների խմբին չեն տրամադրվել։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից պարզաբանել են, որ փաստաթղթերը պարունակում են բժշկական գաղտնիք, և դրանց տրամադրման համար անհրաժեշտ է անձի նախապես տրված գրավոր համաձայնությունը։
Ստեղծված իրավիճակը բացահայտում է իրավական և գործնական լուրջ հակասություն. մահացած անձի բժշկական փաստաթղթերին ծանոթանալու համար պահանջվում է նրա կենդանության օրոք տրված համաձայնությունը, մինչդեռ մահվան դեպքի ուսումնասիրության անհրաժեշտությունն առաջանում է հենց անձի մահից հետո։
Ակնհայտ է, որ Դիտորդների խումբը չի կարող նախապես կանխատեսել ազատազրկված անձի մահը և մինչ այդ ստանալ նրա համաձայնությունը՝ հետագայում բժշկական փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով։ Միաժամանակ, մահվանից հետո անձից նման համաձայնություն ստանալն օբյեկտիվորեն անհնար է։
Դիտորդների խումբն ընդգծում է, որ բժշկական գաղտնիքը և անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն։ ։ Սակայն դրանց պաշտպանությունը չպետք է հանգեցնի ազատազրկված անձանց մահվանը նախորդած առողջական վիճակի, տրամադրված բժշկակն օգնության, ինչպես նաև մահվան պատճառների վերաբերայլ տեղեկատվության հասանելիության սահամանփակմանը։Հատկապես մտահոգիչ է, որ նման սահմանափակումները կարող են խոչընդոտել պարզելու՝ արդյոք մահացած անձը ժամանակին ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, արդյոք պատշաճ կերպով գնահատվել է նրա առողջական վիճակը, և արդյոք բժշկական ծառայությունների գործողություններում առկա են եղել հնարավոր թերացումներ։
Ազատությունից զրկված անձինք գտնվում են պետության անմիջական վերահսկողության ներքո, հետևաբար պետությունն ունի նրանց կյանքի և առողջության պաշտպանության պարտավորություն։ Ազատազրկման վայրերում մահվան դեպքերը պետք է ենթարկվեն արդյունավետ, անկախ և բազմակողմանի ուսումնասիրության։
Դիտորդների խումբը բազմիցս բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության որակի, ժամանակին հասանելիության և բժշկական ծառայությունների նկատմամբ արդյունավետ հասարակական վերահսկողության ապահովման խնդիրները։ Բժշկական փաստաթղթերի հասանելիության սահմանափակումները լրացուցիչ խոչընդոտ են ստեղծում այդ խնդիրների բացահայտման, գնահատման և դրանց կրկնությունը կանխարգելող առաջարկությունների մշակման համար։
Դիտորդների խումբը գտնում է, որ անհրաժեշտ է վերանայել համապատասխան իրավակարգավորումները՝ վերապահելով Դիտորդների խմբին իրավասություն ուսումնասիրելու մահացած ազատազրկված անձի բժշկական փաստաթղթերը՝ առանց նախապես տրվածգրավոր համաձայնության պարտադիր պահանջի։։
Նման հնարավորությունը պետք է դիտարկվի որպես բացառություն՝ ապահովելով ստացված տեղեկությունների օգտագործումը բացառապես հասարակական վերահսկողության նպատակներով և դրանց չհրապարակումը՝ բացառությամբ օրենքով նախատեսվածդեպքերի։
Դիտորդների խումբը շարունակելու է բարձրաձայնել խնդիրը և իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ համապատասխան իրավական լուծումների մշակմանը նպաստելու ուղղությամբ։
Դիտորդների խումբը հարկ է համարում ընդգծել, որ բժշկական փաստաթղթերի հասանելիության սահմանափակումների և դրանց հետևանքով հասարակական վերահսկողության արդյունավետ իրականացման խոչընդոտների մասին բազմիցս բարձրաձայնել է՝ խնդիրը ներկայացնելով համապատասխան իրավասու մարմիններին։ Սակայն մինչ օրս որևէ արդյունավետ լուծում չի տրվել, և առկա իրավական ու գործնական խոչընդոտները շարունակում են պահպանվել։ Մտահոգիչ է, որ չնայած խնդրի վերաբերյալ բազմիցս ներկայացված ահազանգերին՝ պատասխանատու մարմինների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվել այն կարգավորելու ուղղությամբ, ինչի հետևանքով Դիտորդների խումբը շարունակում է բախվել նույն սահմանափակումներին՝ հատկապես ազատազրկված անձանց մահվան դեպքերի հանգամանքներն ուսումնասիրելիս։