Խմբի ստեղծման պատմություն

ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը վերահսկողության տակ պահելը քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ փակ հիմնարկները առավել մեծ հնարավորություններ են ընձեռում տեղում պահվողների իրավունքների խախտումների համար:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը գործում է 2005 թվականից՝ ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով։

Կարգի համաձայն՝ հասարակական դիտորդական խմբի գործունեությունը նպատակաուղղված է ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկմանը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավմանը, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական օրենսդրության մեջ փոփոխություններով և լրացումներով հանդես գալուն:

Նախարարի հրամանի մեջ նշվում էին խմբի անդամին ներկայացվող պահանջները և խմբի կազմավորման հետ կապված այլ խնդիրներ, ինչպես նաև նկարագրվում է վերահսկողության եղանակները և այլ աշխատանքային խնդիրներ:

2013թ. սկզբում հաստատվել է նաև դիտորդական խմբի Էթիկայի նորմերը, որտեղ սահմանվում էին դիտորդների աշխատանքային առօրյա գործունեության շատ սկզբունքներ՝ հիմնված արդեն գոյություն ունեցող կարգի վրա, սահմանվում էին խմբի անդամի իրավունքները և պարտականությունները: Այս վարքականոնը հիմնվում է արդարադատության նախարարի վերոնշյալ հրամանի վրա և շատ բաներով կրկնում և մանրամասնում է խմբի դիտորդի գործունեության բնագավառը: