ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

թիվ ՔՀ-66-Ն
18 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 Ղեկավարվելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածով.

Հրամայում եմ՝

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման» կարգը (հավելված N 1) կցվում է։

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) կազմը (հավելված

N 2) կցվում է։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 246-Ն և 2004 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կազմը հաստատելու մասին» թիվ ՔՀ-18-Ա հրամանները:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ս. Հովհաննիսյանին՝

ա) 5-օրյա ժամկետում պատրաստել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ստորագրմանը ներկայացնել Խմբի կազմում ընդգրկված անդամների անդամությունը հաստատող փաստաթղթերը՝ վկայականները,

բ) 10-օրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկների և մարմինների պետերին հանձնել Խմբի անդամների ցուցակը:

Դ. Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 18-ի 
թիվ ՔՀ-66-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների իրավասությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնում է հասարակական դիտորդների խումբը: Հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) պահվող անձանց (այսուհետ՝ ազատազրկվածներ), ինչպես նաև քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է:

2. Խմբի գործունեության նպատակներն են՝

1) ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական ծառայության հիմնախնդիրները ներկայացնելը,

2) քրեակատարողական ծառայությունում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,

3) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,

4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

5) քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների, ինչպես նաև քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանը աջակցելը:

Գ Լ ՈՒ Խ 2

ԽՄԲԻ ԿԱԶՄԸ

3. Խմբի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

Հավակնորդը ներկայացնում է դիմում, անձնագրի պատճենը, ինքնակենսագրություն,
իրեն ներկայացնող կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրությունն ու գործունեության համառոտ նկարագրությունը: Հավակնորդի թեկնածությունը քննարկվում է խմբի հերթական նիստում: Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշումը ընդունվում է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: Որոշման արձանագրության քաղվածքը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանը: Նախապատվությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում առնչվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակների իրականացմանը կամ որոնց գործունեությունն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը:

Խումբն իր կազմից մեկ տարի ժամկետով ընտրում է նախագահ, անհրաժեշտության դեպքում՝ նաև տեղակալ կամ տեղակալներ: Խմբի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ տեղակալը կամ տեղակալներից մեկը) ղեկավարում է Խմբի գործունեությունը:

4. Խումբը բաղկացած է ոչ պակաս, քան յոթ և ոչ ավելի, քան քսանմեկ հոգուց: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբում կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ:

5. Խմբում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն Կարգով նախատեսված կարգով:

Գ Լ ՈՒ Խ 3

 ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

6. Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

7. Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:

8. Խմբի անդամը պետք է դրսևորի իրեն որպես բարձր բարոյականություն ունեցող անձնավորություն:

Գ Լ ՈՒ Խ 4

ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

9. Խումբը գործում է հասարակական հիմունքներով:

10. Խումբն իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն Կարգով և Խմբի գործունեության էթիկայի կանոններով։

Խումբը համագործակցում է քրեակատարողական հիմնարկների և մարմինների վարչակազմի հետ:

11. Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ ազատազրկվածի կամ քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել ազատազրկվածներին և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց: Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել ձայնագրում, լուսանկարում, տեսագրում՝ պահպանելով սույն Կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ իրավական այլ ակտերով նախատեսված դրույթները:

12. Խմբի անդամն ընդգրկվում է Խմբի կազմում երեք տարի ժամկետով:

Խմբի անդամին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրվում է անդամությունը հաստատող փաստաթուղթ՝ վկայական (Ձև 1), որը նա պետք է կրի իր հագուստի վրա քրեակատարողական հիմնարկում կամ մարմնում գտնվելու ողջ ընթացքում:

Քրեակատարողական հիմնարկները և մարմինները պետք է ունենան խմբի անդամների ցուցակը:

(12-րդ կետը փոփ. 13.10.08 N 153-Ն, 17.12.10 N 236-Ն)

Գ Լ ՈՒ Խ 5

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

13. Վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու ձևով:

Ներկայացվում են երեք տեսակ հաշվետվություններ՝ ընթացիկ, տարեկան և հրատապ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները:

Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների խախտման, Խմբի լիազորությունների իրականացմանը՝ քրեակատարողական հիմնարկների և մարմինների կողմից խոչընդոտելու կոնկրետ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են մեկ ամսվա ընթացքում:

Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի և մարմնի գործունեությունը, քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, Խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Տարեկան հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք ամսվա ընթացքում:

Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում: Հրատապ հաշվետվությունների՝ Խմբի որոշմամբ հաստատված լինելը պարտադիր չէ։ Հրատապ հաշվետվությունները կարող են ուղարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Խմբի նախագահի ստորագրությամբ և այցելությունը կատարած Խմբի անդամների համաձայնությամբ։ Խմբի մյուս անդամները ուղարկված հրատապ հաշվետվությանը պարտադիր տեղեկացվում են Խմբի հերթական նիստի ժամանակ։ Խմբի յուրաքանչյուր անդամ ուղարկված հրատապ հաշվետվության վերաբերյալ դիտողություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում այդ դիտողություններն ու առաջարկությունները կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

Քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկնաբանությունների հետ մեկտեղ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սահմանված ժամկետում համապատասխան մեկնաբանությունները չներկայացնելու դեպքերի: Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ինտերնետային կայքում։

(13-րդ կետը լրաց. 05.02.09 N 20-Ն)

14. Վերահսկողության լիարժեք իրականացման նպատակով Խումբը տարվա մեջ
առնվազն մեկ անգամ պետք է այցելի բոլոր քրեակատարողական հիմնարկներ և առնվազն երկու տարին մեկ անգամ՝ բոլոր քրեակատարողական մարմիններ:

15. Խմբի անդամը քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում՝ ոչ աշխատանքային օր): Այցելությունները կատարվում են Խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ:

Խմբի անդամը ազատազրկվածի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ:

16. Անհրաժեշտության դեպքում Խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ: Խմբի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագետին տալիս է ժամանակավոր անցաթուղթ՝ քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ այցելելու համար:

Փորձագետը կարող է այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ միայն Խմբի անդամների հետ:

Գ Լ ՈՒ Խ 6

ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

17. Խումբն առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում և անց է կացնում նիստեր, որոնց ընթացքում կայացվում են որոշումներ: Խմբի նիստերը որպես կանոն անց են կացվում դռնփակ, իսկ Խմբի որոշմամբ՝ նաև դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նաև զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ: Խմբի անդամները նախապես տեղեկացվում են նիստի օրակարգին:

18. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել՝

1) Խմբի յուրաքանչյուր անդամ,

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

19. Խմբի նիստը համարվում է կայացած, եթե ներկա է անդամների կեսից ավելին:

Որոշման ընդունման համար անհրաժեշտ է Խմբի անդամների ձայների կեսից ավելին (բացառությամբ՝ Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշման կայացման, Խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և Խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքում):

Ընթացիկ կամ տարեկան հաշվետվությունների հաստատման որոշման տակ ստորագրում են Խմբի բոլոր անդամները, ընդ որում՝ եթե խմբի որևէ անդամ համաձայն չէ որոշմամբ հաստատված հաշվետվության որևէ կետի հետ, ապա այդ մասին կատարվում է համապատասխան նշում կամ հաշվետվությանը կից ներկայացվում է մասնավոր կարծիք:

20. Խմբի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը՝ հրապարակելով կամ արձանագրելով այն:

Խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում է Խմբի նիստի կողմից՝

Խմբի անդամների երկու երրորդի հավանությամբ:

Գ Լ ՈՒ Խ 7

ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

21. Խմբի անդամի լիազորությունները կասեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե.

1) ընդունվել է ձերբակալման կամ կալանավորման որոշում,

2) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը:
Խմբի անդամի լիազորությունները վերականգնվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե վերացել են սույն կետի 1-ին ենթակետով նշված հանգամանքները, կամ առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը Խմբի անդամի լիազորությունների վերականգնման համար:

22. Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե.

1) լրացել է Խմբի անդամի լիազորությունների ժամկետը,

2) առկա է Խմբի անդամի դիմումն իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ,

3) առկա է Խմբի անդամի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը
Խմբի անդամի լիազորությունների դադարեցման կամ մեկ այլ թեկնածուով Խմբի անդամի փոխարինման վերաբերյալ,

4) առկա են սույն Կարգի իններորդ կետով նախատեսված հիմքերը,

5) խախտել է սույն Կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ քրեակատարողական ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված դրույթները,

6) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը: