«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է իրավապահ մարմինների ազատազրկված նախկին աշխատակիցների և օտարերկրացիների պահման համար: Հիմնարկության շենքը կառուցվել է 1996թ.-ին, վերակառուցվել` 2003-2004թթ.-ին: Վերջին կապիտալ վերանորոգումը տեղի է ունեցել 2005 թվականին, ինչի արդյունքում հնարավոր է դարձել դատապարտյալներին խցային պայմաններում պահելը:
Սույն քրեակատարողական հիմնարկի համար հաստատված է հետևյալ լրակազմը.


 փակ ուղղիչ հիմնարկ – 5 մարդ
 կալանք պատժատեսակ - 5 մարդ
 կիսափակ ուղղիչ հիմնարկ - 25 մարդ
 կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 70 մարդ
 բաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ
 կալանավորվածներին պահելու վայր - 34 մարդ:
Ըստ լրակազմի` «Վարդաշեն» ՔԿՀ-ն նախատեսված է 135-140 կալանավորվածների և դատապարտյալների համար:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում գոյություն ունեն երկու տիպի խցեր` կիսաբաց ուղղիչ հիմնարկի խցեր և կալանավորվածներին ու դատապարտյալներին պահելու համար նախատեսված վայրի խցեր:
ՔԿՀ-ի վերանորոգումից հետո տեղադրվել են մետաղապլաստե պատուհաններ,զուգարանները մեկուսացված են և սալիկապատ: Կալանավորվածներին և դատապարտյալներին պահելու վայրում խցերը 2-4 տեղանոց են, իսկ կիսաբաց ուղղիչ հիմնարկում` մինչև 8 տեղանոց: Կիսաբաց խցերը տարբեր մակերեսի են՝ 12 քմ-ից մինչև 30 քմ:
Կարճատև տեսակցությունների համար գործում է երեք տեսակցության սենյակ` 8 քմ-ից մինչև 21 քմ: Սույն հիմնարկն ունի 2 երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակ, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը հավասար է 20 քմ-ի:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում գործում է հեռախոսակապ, որից շուրջօրյա (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի) օգտվում են կիսաբաց ուղղիչ հիմնարկի ազատազրկվածները: Իսկ կալանավորվածներին և դատապարտյալներին պահելու վայրում գտնվող ազատազրկվածները օգտվում են հեռախոսակապից ժամանակացույցին համապատասխան` շաբաթը 2 անգամ:
Կալանավորներին և դատապարտյալներին պահելու վայրի խցերը նախատեսված են 2-4 կալանավորների համար, սակայն գերծանրաբեռնվածության հետևանքով դրանցից մի քանիսում պահվում էր 6 ազատազրկված:
Վարդաշեն» ՔԿՀ-ում գործում է գրադարան: Գրքերի քանակը կազմում է 3025 կտոր: Բոլոր գրքերը ցուցակագրված են, և ազատազրկվածներն ունեն ընտրելու հնարավորություն:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search