ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները 2019թ. հուլիսի 4-ին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ ցանկացել են հանդիպել կալանավորված անձ Ռոբերտ Քոչարյանին, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չեն թույլատրել՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է արգելանք՝ նշված անձի հետ տեսակցությունների վերաբերյալ։
Դիտորդները արձանագրել են, որ այցելության պահին հիմնարկում կար 25 կալանավորված անձ, որոնցից 16-ի տեսակցությունների վերաբերյալ առկա էր քննիչի կողմից արգելանք։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում Խմբի աշխատանքները այդ հիմքով չէին խոչընդոտվում, իսկ հետագայում խոչընդոտների հիմքում ընկած էին քաղաքական նկատառումներ, ինչը հետագայում տարածվեց նաև մյուս կալանավորված անձանց նկատմամբ, Խումբը գտնում է, որ այդ արգելքները և այդ իմաստով տրված օրենքի մեկնաբանությունները եղել են կամայականության արդյունք:
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ 2019 թվականի հուլիսի 1-ին ընթացիկ հաշվետվությամբ ՀՀ արդարադատության նախարարությանն են ներկայացրել առաջարկություններ: 2019 թվականի հուլիսի 30-ին նախարարությունը ներկայացրել է պատասխան պարզաբանումները:
Այսպես, դիտորդները արձանագրել են, որ «Աբովյան» ՔԿՀ-ում աշխատում է ընդամենը 1 հոգեբան, ով Խմբի այցելության ժամանակ գտնվում էր արձակուրդի մեջ, այնինչ հիմնարկում կան անձինք, ովքեր, Խմբի գնահատմամբ, տվյալ պահին ունեին հոգեբանական աջակցության կարիք (հատկապես խնդիրը լուրջ էր անչափահաս կալանավորված անձանց դեպքում): Խումբը առաջարկել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նախատեսել լրացուցիչ հոգեբանի հաստիք: Պատասխան գրությամբ նախարարությունից պարզաբանել են, որ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տարվող վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող բաժնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում: Այս համատեքստում հարկ ենք համարում արձանագրել, որ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների թվի ոչ մեծ լինելը համընդհանուր խնդիր է: Ըստ այդմ՝ քայլեր են ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող բաժինների ներուժը մեծացնելու ուղղությամբ:
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական դիտորդների խումբը մշտադիտարկման իրականացման ընթացքում պարզել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ռենտգեն սարքը չի աշխատում արդեն 1,5 տարի: Ըստ ստացված տվյալների` վերանորոգման համար անհրաժեշտ են բավականին մեծ գումարներ, ինչի պատճառով խնդիրը մինչև օրս մնում է չլուծված:
Ռենտգեն սարքը շատ կարևոր է, քանի որ այդ դատապարտյալների մոտ հատկապես շնչական համակարգի հիվանդություններ (ՏԲ, թոքաբորբեր, բրոնխիտներ) ձեռք բերելու հավանականությունը միշտ խիստ բարձր է: Ռենտգեն սարքի միջոցով հնարավոր է նաև վերահսկել օտար մարմինների ընթացքը մարսողական համակարգում: Կարևոր է նաև ազատազրկված անձանց վնասվածքներն ախտորոշելու հնարավորությունը:
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ 2019 թվականի հունիսի 26-ին թիվ 19-35 ընթացիկ հաշվետվությամբ ՀՀ արդարադատության նախարարությանն են դիմել համապատասխան առաջարկություններով: 2019 թվականի հուլիսի 29-ին նախարարւթյունը պատասխան գրությամբ մեկնաբանություններ է ներկայացրել դիտորդների առաջարկություններին:
Այսպես, դիտորդները արձանագրել են, որ հիմնարկի՝ դեպի 6-րդ մասնաշենք տանող միջանցքը անցնում է առաջին հարկով, որի առաստաղից կոյուղաջրեր են թափվում: Այդ հատվածում ամբողջությամբ գարշահոտություն է տարածված։ Հարցը քննարկվել է հիմնարկի աշխատակիցների հետ, վերջիններս խնդրի լուծման ուղղությամբ որևէ տարբերակ չեն նշել։
Ավելին …
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան բրիտանական Equal Rights Trust կազմակերպության հետ համատեղ 2019 թվականի հուլիսին Հայաստանում հավասարության իրավունքի պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման զեկույց է ներկայացրել։
Զեկույցի կազմման աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը՝ ներկայացնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող խոցելի խմբերի ներկայացուցիչների (կանայք և անչափահասներ, հաշմանդամություն ունեցող և ԼԳԲՏ անձինք) հավասարության իրավունքի պաշտպանության իրավիճակը: Կից կարող եք ծանոթանալ զեկույցի անգլերեն տեքստին: