ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2022թ․մարտի 17-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ տեսակցել են ազատազրկված մի քանի անձանց և խիստ մտահոգված են նրանց առողջական (ֆիզիկական և հոգեկան) վիճակով։ Դիտորդներն արձանագրել են, որ վերջիններիս նկատմամբ ցուցաբերվել է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում չկան հենաշարժողական խնդիրներ ունեցողանձանց համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ։
Մասնավորապես․
Ազատազրկված անձ Բ․ Դ․, որը այցելության պահին գտնվել է պատժախցում (հայտարարել էր հացադուլ), զգուշացրել է, որ կկատարի ինքնավնասում, եթե իր նկատմամբ վերաբերմունքը չփոխվի։ Վերջինս տառապում է գիշերամիզությամբ և խուսափում է գտնվել այլ դատապարտյալների հետ նույն խցում, քանի որ չի կարողանում վերահսկել իր հիվանդությունը և ամաչում է, նաև վստահ է, որ կենթարկվի ծաղրի ու խտրականության։ Նա նաև ունի շագանակագեղձի բորբոքում և գիշերամիզության ժամանակ հաճախ լվացվելու կարիք է ունենում, սակայն խցերում տաք ջուր չկա, իսկ սառը ջրով և հաճախ հոսող ջրի բացակայության պայմաններում չի կարողանում լուծել հիգիենայի հետ կապված խնդիրները։ Դիտորդները նկատել են նաև, որ նա ունի անբնական նիհարություն՝ 190 սմ հասակի պարագայում կշռում էր 60 կգ-ից պակաս։ Ի դեպ, այցելությն պահին դատապարտյալը պառկած է եղել գետնին՝ տակդիրների կույտի վրա, քանի որ ցերեկային ժամերին պատժախցում փակում են մահճակալը և խցից դուրս տանում անկողինը։
Ավելին …
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2022 թվականի մարտի 24-ի N 129-Ա հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն ընդգրկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքների խորհրդատվական խմբում:
ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը լրամշակվել և ուղարկվել է շրջանառության, որի կապակցությամբ նախարարությունը կից ներկայացնում է նախագծի լրամշակված տարբերակը։
Առաջիկայում կկազմակերպվեն խորհրդատվական խմբի քննարկումներ։ Կից ներկայացվում է նաև ՀՀ արդարադատության նախարարի՝ 2022 թվականի մարտի 24-ի N 129-Ա հրամանը:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, պատիժների կատարման ու կրման, դատապարտյալների նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները կարգավորող օրենքներից, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների կողմից ընդունված իրավական ակտերից։
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, դատապարտյալին խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանող երաշխիքների ապահովման չափանիշների վրա, որոնք սահմանում են պատիժների կատարման ու կրման կարգը և պայմանները, դատապարտյալների հետ վարվեցողության կանոնները, ինչպես նաև դատապարտյալների նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության այլ միջոցները։
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակներն են՝ պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, նրա իրավահպատակ վարքագծի ձևավորումը և նոր հանցագործությունների կանխումը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ նաև ՊՈԱԿ) հասանելիություն չունի «Արմեդ» համակարգին, ինչը խոչընդոտում է հիվանդի վերաբերյալ անմիջապես տեղեկատվություն ստանալուն։ Հատկապեսխնդիրը կարևորվում է, երբ անձը նոր է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, ունի առողջական խնդիրներ և քաղաքացիական հիվանդանոցում ստացել է բուժում։ «Արմեդ» համակարգին հասանելիություն ունենալն ավելի դյուրին կդարձնի բժիշկների աշխատանքը, քանզի նրանք կտիրապետեն կալանավորի կամ դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությանը՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուն պես, և արդյունքում կկարողանան ազատազրկված անձին ավելի արագ տրամադրել անհրաժեշտ բուժօգնությունը։
Նշվածի կապակցությամբ Խումբն առաջարկում է քննարկել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝«Արմեդ» համակարգին միանալու անհրաժեշտությունը, ինչպես նաև կանոնակարգել քաղաքացիական հիվանդանոցներից հիվանդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ՊՈԱԿ-ին արագ փոխանցելու գործընթացը։
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ նույնասեռական անձանց (քրեակատարողական հիմնարկներում այս հասկացության տակ նկատի ունեն ոչ միայն սեռական կողմնորոշումը, այլև քրեական որոշ օրենքներով արգելված արարք կատարած և դրա համար պատժված անձանց) խցերը, ինչպես նաև հեռախոսային հանգույցը՝ տաքսաֆոնը, առանձնացված են։ Սնունդը նույնպես մատուցվում է առանձին տարաներով, իսկ հիմնարկի սանիտարահիգիենիկ աշխատանքներում ընդգրկված են միայն այդ խմբի մարդիկ։
Նման երևույթները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկներում գերիշխում է քրեական ենթամշակույթը, նշված խմբին պատկանող անձանց նկատմամբ առկա է անհանդուրժող մթնոլորտ և նրանք ենթարկվում են խտրական վերաբերմունքի։
Հեևաբար Խումբն առաջարկում է խստացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչպես նաև մշակել համապատասխան գործողությունների ծրագիր՝ քրեակատարողական հիմնարկներում խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառելու ուղղությամբ։
ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ խոցելի խմբին պատկանող անձինք Քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կարանտինային խցից համապատասխան խուց տեղափոխվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացված միջնորդության (ՀՀ արդարադատության նախարարի հրամանով հաստատված հավելվածի՝ Ձև 7) հիման վրա՝ հաշվի առնելով նրանց հոգեբանական համատեղելիությունը և մի շարք այլ առանձնահատկություններ: Հետագայում այլ խուց ազատությունից զրկված անձանց տեղափոխման հարցը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից քննարկվում է հիմնականում դատապարտյալների կամ կալանավորված անձանց դիմումի հիման վրա, այլ ոչ թե սեռական կողմնորոշմամբ կամ այլ առանձնահատկություններով պայմանավորված:
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձ Ն. Խ.-ի հետ և պարզել, որ վերջինս ունի առողջական խնդիրներ՝ հեպատիտ C, ոտքը վիրահատված՝ ամրակցված է մետաղական ձողով, ունի նաև շիզոֆրենիա, որի կապակցությամբ ընդունում է դեղորայք։ Նա նաև դիմել էր ՔԿՀ-ին՝ մեթադոնային ծրագրում ընդգրկվելու համար, բայց մինչ հանդիպման պահը հարցի լուծման վերաբերյալ տեղեկատվություն չուներ։ Նա հայտնել է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունի, որոնք սրվել են հացադուլի պատճառով, սակայն որևէ ստուգում չի անցել։
Դիտորդների խմբի անդամներն առանձնազրույց են ունեցել նաև ազատազրկված Ս․Մ․-ի հետ, որը կուլ էր տվել դանակ և մկրատի պոչ, և ցանկանում էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Դիտորդները հարցը քննարկել են հիմնարկի պետի հետ և նրանից տեղեկացել, որ վերջինս հաճախ է կուլ տալիս սուր, կտրող-ծակող իրեր, և շարունակ քրեակատարողական հիմնարկ շտապօգնություն է հրավիրվում։ Նա, ի դեպ, նաև ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։
Վերոշարադրյալի հիման վրա Դիտորդների խումբն առաջարկում է իրականացնել Ն․Խ․-ի լյարդի հետազոտություն։ Նաև անհրաժեշտ է համարում Ս․Մ․-ի հետ անցկացնել հոգեբանի և հոգեբույժի բազմակողմանի կոնսուլտացիա՝ հոգեկան խնդիրների ճիշտ ախտորոշման և դրանից բխող համապատասխան գործողությունների ծրագիր կազմելու համար, ինչպես նաև առաջարկում է քննարկել Ս․ Մ․-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու հարցը։
Ավելին …