ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հերթական նիստը կայացավ 2021 թ․ նոյեմբերի 3-ին՝ հեռավար ձևաչափով։ Նիստը, որին մասնակցում էին Խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը, Խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, անդամներ՝ Արայիկ Զալյանը, Օֆելյա Զալյանը, Արշակ Գասպարյանը, Նարե Հովհաննիսյանը, Հասմիկ Հարությունյանը, Լուիզա Վադանյանը, Շուշան Խնկոյանը, Արման Սահակյանը և աշխատակազմը, վարում էր Խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը։ Օրակարգում պլանային այցերին, գործիքներին, ժամանակացույցին, ինչպես նաև Խմբի կարգի խնդրահարույց հարցերին և քրեակատարողական օրենսդրությանը վերաբերող թեմաներն էին, որոնց զուգահեռ դիտորդները քննարկեցին նաև «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները փակվելու հետ կապված որոշ հարցեր։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը և անդամ Նարե Հովհաննիսյանը մասնակցեցին հոկտեմբերի 22-ին և 26-ին ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ դեսպանատան «Թմրամիցոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության» գրասենյակի կողմից «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում կազմակերպված ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկմանը։
Քրեակատարողական օրենսգրքի աշխատանքային խմբի անդամ Արփինե Սարգսյանը ներկայացրեց Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները, ինչին հաջորդեցին մտքերի փոխանակումն ու ակտիվ քննարկումը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 46-րդ կետը, համաձայն որի՝ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի խուցն առնվազն պետք է ապահովված լինի սեղանով, նստարանով կամ աթոռով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով, ռադիոընդունիչով, աղբամանով, սեղանի խաղերով, դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ տեղեկանալու, թե ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների կարիքների համար վերջին անգամ երբ են կատարվել վերոնշյալ գույքերի գնումները, ինչ քանակությամբ և որքան գումար է ծախսվել։
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) հոկտեմբերի 15-17-ն անցկացրած արտագնա հանդիպումից վերադարձավ էլ ավելի մեծ ոգեշնչմամբ աշխատելու հաստատակամությամբ, ինչին մեծապես նպաստեցին անդամների փորձի փոխանակումը, թարմ մտքերով ու գաղափարներով հագեցած մտագրոհի անցկացումը և, ինչու չէ, Քովիդ-19 համավարակով պայմանավորված երկարաժամկետ հեռավար հանդիպումից հետո անձնական շփումը։
Եռօրյա օրակարգը բավականին հագեցած էր։ Այդ օրերին քննարկվեցին Խմբի գործող Կարգի և էթիկայի կանոնների խնդրահարույց կետերը, մշակվեցին Էթիկայի նոր կանոններ, ներկայացվեց Հանրային կապերի ոլորտի դերն ու զարգացման հեռանկարները, վերանայվեց պլանային այցերի գործիքակազմը, մշակվեցին նոր գործիքներ։
ՀՀ արդարադատության նախարարի N 126-Ն հրամանի 26 կետով պայմանավորված՝ ընտրվեց Խմբի նոր նախագահ, քննարկվեց Խմբի տեսլականը, առաքելությունը, ռազմավարական նպատակները, ներկայացվեց «Եվրոպական բանտային կանոններ» ձեռնարկի, մոնիթորինգային խմբերի կենսագործունեության ու նպատակների միջազգային փորձն ու փաստաթղթերը, քննարկվեց միջազգային չափանիշներին համապատասխան զեկույց գրելու ընթացակարգը։
Հանդիպումն ավարտվեց նոր նախագահի ամփոփիչ խոսքով։
Այսօր՝ 2021 թ․ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ), առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի N 126-Ն հրամանի 26 կետով, այն է՝ Խումբն ամեն տարի դռնբաց նիստի ընթացքում մեկ տարի ժամկետով պետք է ընտրի նոր նախագահ, արտագնա հանդիպման ժամանակ փակ քվեարկությամբ՝ 1 դեմ 10 կողմ ձայների հարաբերակցությամբ Զարուհի Հովհաննիսյանին ընտրեց որպես նախագահ։ Վերջինս Խմբի անդամ է 2017 թ-ից՝ ներկայացված «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի կողմից: Նա նաև մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների անդամ է։ Քաղաքացիական դիրքորոշման և իրավապաշտպանական գործունեության համար ստացել է մի շարք մրցանակներ, որոնց թվում՝ «Ամալյա Կոստանյանի» անվան մրցանակ, «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» և այլն։