ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գրանցված կալանավորված անձ Ա․Ս․-ի մահվան կապակցությամբ այց են կատարել՝ պարզելու համար մանրամասները։ «Արմավիր» ՔԿՀ ղեկավարության պարզաբանմամբ` անձի մահվան օրը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 10:10 խցակիցները դուռը թակելով աշխատակիցներին տեղեկացրել են, որ կալանավորն իրեն լավ չի զգում։ Ժամը 11:20 բժիշկը մոտեցել է, իսկ 11:30 արձանագրվել է կալանավորի մահը:
Ի դեպ, թե՛ հիմնարկ ընդունվելիս բժշկական զննություն անցնելիս, թե՛ դրանից հետո Ա․Ս․-ի մոտ բողոքներ կամ առողջական խնդիրներ չեն գրանցվել: Նա հանդիսացել է թմրամիջոց օգտագործող, սակայն ընդգրկված չի եղել մեթադոնային ծրագրի մեջ:
Բոլոր տեսակետներին և փաստաթղթերին ծանաթոնալով՝ Դիտորդների խումբն առաջարկել է իրականացնել ծառայողական քննություն՝ պարզելու համար արդյոք Ա․Ս.-ին նշանակված դեղորայքային բուժումը ճիշտ է եղել և բավարար, թե անհրաժեշտ են եղել այլ հետազոտություններ ու բուժումներ, և արդյոք նրա մահվան օրը վերջինիս ցուցաբերած բժշկական օգնությունը կազմակերպվել է ժամանակին և ամբողջական։
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հիմնարկի՝ կալանավորված և խցային պայմաններում պահվող անձանց համար նախատեսված մասնաշենքը (մեկուսարանի շենք) ներկա դրությամբ պիտանի չէ բնակության համար։ Նման պայմաններում անձանց պահելը Դիտորդների խումբը որակում է որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորում։ Մասնաշենքն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ջրամատակարարման ու ջրահեռացման հետ կապված խնդիրներ ունի, որոնք նույնիսկ վերանորոգումից հետո լուծում չեն ստացել։Հերթական վթարի պատճառով շենքի առաջին հարկում պատերն ու առաստաղը թրջված են, պատերի ծեփը՝ թափված։ Մասնաշենքի օդը հեղձուցիչ է, ինչին գումարվում է բարձր խոնավության ու գոլորշու անտանելի առկայությունը։ Նման պայմաններում են գտնվում առաջին հարկում տեղակայված խցերում բնակվող ազատազրկված անձինք։ Նույն իրավիճակում են նաև աշխատակազմի և բժիշկների սենյակները։
Ավելին …
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են մի շարք խնդիրներ։
Մասնավորապես՝ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ Ա․ Պ –ն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ՝ Տեղաբաշխման հանձնաժողով) որոշմամբ մի քանի ամիս կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելուց հետո կրկին տեղափոխվել է կիսափակ ուղղիչ հիմնարկ, քանզի դատախազությունը կասեցրել է հիշյալ որոշումը և միջնորդություն ներկայացրել՝ հարցը կրկին քննարկելու համար, ինչը Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից բավարարվել է։ Այդ որոշման հետ իր անհամաձայնությունը հայտնելու նպատակով Ա․ Պ-ն հացադուլ է հայտարարել։ Այդ գործընթացին, ի դեպ, դատապարտյալը մասնակից չի եղել և հնարավորություն չի ունեցել դատախազության միջնորդության վերաբերյալ ներկայացնել հակափաստարկներ։
Ավելին …

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ), ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի որոշ դատապարտյալների հետ զրուցելիս, պարզել են, որ նրանք այլ ՔԿՀ-ներ տեղափոխվելու հետ կապված կյանքին և առողջությանը սպառնացող լուրջ մտահոգություններ ունեն։
Ուստի Դիտորդների խումբը 2021 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ արդարադատության նախարարությանը թիվ 21-54 գրությամբ հրատապ հաշվետվություն է ներկայացրել՝ առաջարկելով տեղաբաշխման հարցը լուծելիս առաջնային ուշադրություն դարձնել անվտանգության հարցին, ինչպես նաև հաշվի առնել անձանց՝ ընտանիքներին հնարավորինս մոտ լինելու, առողջության հետ կապված, աշխատող դատապարտյալներին (և ոչ միայն) այլ ՔԿՀ-ում կրկին աշխատանքով ապահովելու հարցերը:
Նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ Հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց տեղաբաշխելիս հնարավորինս հաշվի է առնվում (ելու) ազատությունից զրկված անձանց դիմումները, ինչպես նաև անվտանգությունը, առողջական վիճակը և այլ կարևոր հանգամանքներ:

Դատապարտյալները, հիմնականում չունենալով կանոնավոր եկամուտ, չեն կարողանում պատշաճ իրացնել իրենց իրավունքները։
Մինչ 2019 թվականը պատժի կրման ընթացքում ծագող իրավահարաբերությունների վերաբերյալ գործերը քննվում էին ընդհանուր իրավասության դատարանների կողմից, և քրեաիրավական հարաբերություններից ծագող գործեր հարուցելիս կամ վերադաս բողոք ներկայացնելիս պետական տուրք սահմանված չէր։
ՀՀ Սահմանադրական դատարանի 22․01․2019 թ․ Թիվ ՍԴՈ-1439 որոշմամբ՝ քրեաիրավական հարաբերություններից ծագող բազմաթիվ գործեր քննվում են վարչական դատարանների կողմից, ինչը խոցելի վիճակում հայտնված անձանց համար կարող է խոչընդոտ հանդիսանալ՝ իրավունքի իրացման տեսանկյունից։ Այո´, ազատությունից զրկված անձինք, դատարաններում հանդես գալիս, կարող են ներկայացնել պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու միջնորդություն և հետաձգել պետական տուրքի վճարումը, քանի որ դատարանները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի համաձայն՝ իրավասու են կիրառել նման արտոնություն՝ ելնելով կողմի գույքային դրությունից, սակայն այլ մարմինների հետ հարաբերություններում նման միջնորդություններով կամ դիմումներով դատապարտյալները հանդես գալ չեն կարող, քանի որ նոտարները կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմինները լիազորված չեն կիրառելու պետական տուրքի վճարման արտոնություն։
Ավելին …