ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հացադուլ հայտարարած դատապարտյալներին հատկացված խցերի (որպես կանոն, պահվում են հիմնարկի 1-ին հարկի խցերում) պահման պայմաններն անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող են։ Խուցը խոնավ է, առկա է գարշահոտություն, պատերի և առաստաղի ծեփն ամբողջությամբ թափված է, խցում հակասանիտարական պայմաններ են, խուցն ունի խիստ վերանորոգման կարիք։

Այդ այցելության ժամանակ Դիտորդների խմբի անդամներն առանձնազրույց են ունեցել նաև ազատազրկված Յ․ Մ․-ի հետ, որը գանգատվել է ողնաշարի խնդիրներից և հաճախակի գլխացավերից: Նա նաև ունի հոգեկան առողջության խնդիրներ, ընդունում է հոգեմետ դեղեր: Դիտորդները հարցը քննարկել են հիմնարկի պետի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեղամասի պետի հետ, որոնք նշել են, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է:

Վերոգրյալի հիման վրա Դիտորդների խումբը դիմել է ՀՀ արդարաատության նախարարություն՝ առաջրկելով կազմակերպել Յ․ Մ․-ի բուժումը, ինչպես նաև հիմնովին վերանորոգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերը կամ հրաժարվել այդ հատվածի խցերում ազատությունից զրկված անձանց պահելուց, իսկ այդ հատվածում գտնվող անձանց տեղափոխել այլ խցեր։

Անդրադառնալով վերոնշյալ հարցերին՝ ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ) շահագործման է հանձնվել դեռևս 1980 թվականին: Հիմնարկի վթարային սանհանգույցներն անբարեխիղճ շահագործման հետևանք են, իսկ առաջին հարկի խցերի սանհանգույցները վերանորոգվել են 2019 թվականին: Հիմնարկի առաջին հարկը կիսանկուղային է, իսկ հիդրոմեկուսիչ շերտը բնական ամորտիզացիայի հետևանքով քայքայվել է: Այն վերականգնելու համար անհրաժեշտ են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը տնտեսական արդյունավետության տեսանկյունից արդարացված չի լինի, քանի որ քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-Լ որոշմամբ նախատեսված քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման պլանով, ի թիվս այլնի, նախատեսված է փակել սույն Հիմնարկը ևս, որի արդյունքում Երևան քաղաքի տարածքում կկառուցվի քրեակատարողական նոր հիմնարկ:

Բայց միևնույն ժամանակ նշել են, որ Հիմնարկի խցերի վերանորոգման աշխատանքներն ընդգրկված են 2022 թվականի ընթացիկ նորոգման աշխատանքների ցանկում:

Անդրադառնալով Յ․Մ․-ի բուժմանը՝ նախարարությունից հայտնել են, որ վերջինս պարբերաբար զննվել է օրթոպեդի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի կողմից,  կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն, ենթարկվել է համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության, այնուհետև կրկին զննվել նյարդաբանի կողմից։

15.07.2021-29.07.2021թթ. ընկած ժամանակահատվածում Յ. Մ․-ը ստացել է բուժում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պայմաններում, որտեղ ախտորոշվել է՝ «Շաքարային դիաբետ 2 տիպ, թեթև աստիճանի ցեֆալգիկ համախտանիշ, անձի էմոցիոնալ-անկայուն խանգարում, ձախ ստորին վերջույթի երակների վարիկոզ լայնացում»:

06.12.2021-15.12.2021 թթ. ընկած ժամանակահատվածում Յ. Մ-ը ստացել է բուժում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։

Ներկայումս դատապարտյալ Յ. Մ.-ը գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ստանում է համապատասխան բժշկական օգնություն:

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Վ. Հ-ը տառապում է մի շարք հիվանդություններով, ունի հենաշարժողական խնդիրներ, չի կարողանում քայլել, տեղաշարժվում է սայլակով, լոգանքից և սանհանգույցից օգտվում է խցակիցների օգնությամբ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ), մտահոգված վերջինիս ազատ տեղաշարժվելու անկարողությամբ, դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ստանում է որևէ բուժում, եթե այո, ապա այն ունի կանխարգելիչ, թե ամոքիչ բնույթ, արդյո՞ք նրան կցված է խնամակալ՝  24-ժամյա ռեժիմով, և ի՞նչ կարգով է կազմակերպվում Վ․ Հ.-ի զբոսանքը։

ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ․ Հ.-ը մինչև 2022 թվականի փետրվարի 21-ը «Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ, կենտրոնական ձև, 2-րդ աստիճանի ակտիվություն, երկկողմանի սակրոիելիտ, էնթեզոպաթիկ համախտանիշ, սինդեզմոֆիտներ, կոնք-ազդրային հոդերի երկրորդային օստեոարթրոզ, ողնաշարի և հոդերի ՖԱ 2-րդ աստիճան: Աուտոիմուն թիերոիդիտ՝ էութիերոզ: Հիպոֆիզի միկրոադենոմա՝ հիպերպրոլակտինեմիայով: Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ: Կարդիալ փականի անբավարարություն: Էրոզիվ պրոկտիտ» ախտորոշմամբ գտնվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ: Նա ստանում է սիմպտոմատիկ բուժում․ նաև խորհուրդ է տրվել բուժական ֆիզկուլտուրա՝ ողնաշարի և հոդերի ֆունկցիոնալ վիճակը բարելավելու նպատակով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել կալանավորված անձ Ն․ Մ-ի հետ և պարզել, որ վերջինս, ով ունի շաքարային դիաբետ, ցանկանում է անցնել համակողմանի հետազոտություն, քանի որ հիվանդության սրացման ժամանակ  թե՛ իր մոտ եղած, թե՛ հիմնարկի և թե՛ ԲԿ-ների գլյուկոմետրերը (այն սարքերը, որով չափում են շաքարը) շատ տարբեր տվյալներ են ցույց տալիս՝ 11 նիշից մինչև 27, իսկ նշանակված դեղորայքն անարդյունավետ է։ Կալանավորված անձը գանգատվել է նաև բժիշկների անտարբեր և անուշադիր վերաբերմունքից՝ նշելով, որ բուժումը նշանակելուց հետո բժիշկները չեն այցելել և չեն գնահատել տրված դեղորայքի ազդեցությունը և փոփոխության դինամիկան։ Նաև պատմել է՝ երբ վերջին անգամ՝սույն թվականի փետրվարի 6-ին, ինքնազգացողությունը վատացել է, բժիշկը, որը բավականին ուշ է մոտեցել, առաջարկել է իր ներկայությամբ խմել նախկինում նշանակված դեղահաբը, սակայն Ն․Մ-ը, որն այդ դեղի ազդեցությանը չի վստահում, բժշկի՝ դեղահաբը խմելու առաջարկին ի պատասխան պահանջել է ստորագրությամբ դուրս գրել տվյալ դեղորայքը, ինչից բժիշկը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ էնդոկրինոլոգ չէ, և պատասխանատվություն չի ստանձնի նման փաստաթուղթ տրամադրելու համար։

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search