ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել․
- ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկ կալանավորված կամ դատապարտված անձինք մուտք գործելու դեպքում քանի օր են պահվում կարանտինային խցում, արդյոք պահվում են միայնակ, թե մուտք գործած այլ անձանց հետ միասին:
- Արդյոք յուրաքանչյուր անգամ մուտք գործելիս կատարվում է COVID-19-ի թեստավորում, եթե այո, ապա ում միջոցների հաշվին։
- Կալանավորված և դատապարտված անձանց ցանկության դեպքում արդյոք կատարվում է COVID-19-ի դեմ պատվաստում, եթե այո, ապա ում միջոցների հաշվին։
ՀՀ արդարադատության նախարարությունը, բարձրացված հարցադրումներին ի պատասխան, հայտնել է․
Ազատությունից զրկված անձը քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ սահմանված կարգով բժշկական հետազոտություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքի` այդ նպատակով նախատեսված խցում:
Ի դեպ COVID-19 համավարակի ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարի ցուցումով ազատությունից զրկված անձանց կարանտինային բաժանմունքում պահման ժամանակահատվածը երկարացվել էր ևս յոթ օր ժամկետով՝ դառնալով 14 օր:
Ներկայումս, ազգային առողջապահական համակարգում համավարակի հետ կապված սահմանափակումների մեղմացման հանգամանքով պայմանավորված, գործում են կարանտինային խցում պահելու ընդհանուր ժամկետը և կանոնները: Առանձնահատուկ դեպքերում (օրինակ՝ անձի մոտ համապատասխան ախտանշանների առկայության դեպքում) կարանտինային խցում անձը կարող է պահվել մինչև 14 օր ժամկետով:
Ազատությունից զրկված անձինք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելիս ռապիդ (արագ) COVID-19 թեստավորման (քիթ-ըմպանային կամ արյունային եղանակով) ենթարկվում են անվճար սկզբունքով: Ազատությունից զրկված անձանց պատվաստումներն իրականացվում են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի և քրեակատարողական հիմնարկի կողմից նախօրոք պատվաստման ցանկություն հայտնած անձանց ցուցակագրման տվյալների համաձայն՝ անվճար սկզբունքով:
Ընդ որում, ազատազրկված անձանց համար հասանելի են Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի դեմ առկա բոլոր տեսակի պատվաստանյութերը: