ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած Կ․Ա․-ի դեպքի կապակցությամբ այցելել են քրեակատարողական հիմնարկ և հարցը քննարկել հիմնարկի պետի, հոգեբանի և ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն»-ի բժշկական ստորաբաժանման ղեկավարի հետ։ Պարզվել է, որ Կ․ Ա․-ն առնվազն 7 անգամ կատարել է ինքնավնասում, ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիր, որն աստիճանաբար բարդացել է։
Վերջինս «Նուբարաշեն» ՔԿՀ է մուտք գործել 2014 թ․-ին։ Ընդունվելիս գանգատներ չի ունեցել: 21․05․2015 թ․-ից սկսած ինքնավնասումներ է կատարել (գդալի պոչ է կուլ տվել), մի քանի օր անց հայտարարել է հացադուլ։ Ուղիղ մեկ տարի անց կատարվել է հոգեբույժի խորհրդատվություն, ախտորոշվել է «Նևրասթենիա», նշանակվել է դեղորայքային բուժում: Հաջորդ տարիներին պարբերբար կրկնվել են ինքնավնասումները և ինքնասպանության փորձերը։ Տարիներ շարունակ նա օգտագործել է նաև հոգեակտիվ միջոցներ, այդ թվում նաև թմրամիջոցներ։ Պարբերաբար զննվել է հոգեբույժի կողմից, և ախտորոշումը՝ «Անձի էմոցիոնալ անկայուն խանգարում», գրեթե միշտ հաստատվել է։ Ստացել է դեղորայքային բուժում։
20․02․2022 թ․ կրկին կատարել է ինքնավնասում՝ սուր կտրող գործիքով վնասել է աջ նախաբազուկը, որից հետո ցուցաբերվել է բուժօգնություն։ Հաջորդ օրն ինքնասպան է եղել՝ սավանով կախվել է խցում։
Ըստ Դիտորդների կողմից հավաքագրված տեղեկատվության,՝ Կ․Ա․-ը շարունակ դիմումներ է ներկայացրել արգելված իր՝ բջջային հեռախոս ունենալու խնդրանքով՝ հիվանդագին ցանկություն ունենալով անընդհատ կապ հաստատել կնոջ հետ։ Ու թեև հաճախակի հեռախոսազանգի հնարավորություն է ունեցել, սակայն դա նրան չի բավարարել։
Պետք է նաև նշել, որ հոգեբանը, ով Կ․Ա․-ի հետ վերջին անգամ շփվել է ինքնասպանություն գործելուց մեկ օր առաջ, ամբողջական տեղեկատվություն չի ունեցել անձի վիճակի վերաբերյալ, քանզի չի իմացել, որ նախկինում նրա մոտ բազմիցս ախտորոշվել է «Անձի էմոցիոնալ անկայուն խանգարում», և նա ստացել է դեղորայքային բուժում, և դիտորդների այն հարցին, թե արդյոք ինքնասպանություն գործած Կ․ Ա․-ը ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիր, հոգեբանը պատասխանել է՝ ոչ։
Վերոգրյալի հիման վրա Դիտորդները դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ հետևողական և գործնական քայլեր են կատարվել՝ տվյալ դեպքում ինքնասպանության կանխարգելման ուղղությամբ։ Ինչպես են գնահատվել անձի սուիցիդալ ռիսկերը՝ ինքնասպանությունը կանխարգելելու նպատակով։ Կատարվե՞լ են արդյոք բոլոր գործողությունները, որոնք ամրագրված են ՀՀ ՔԿՀ ինքնավնասումների և ինքնասպանության կանխարգելման 2020-2023թթ․ռազմավարության մեջ։
ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ ըստ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հոգեբանի կողմից 2022 թվականի մարտի 22-ին տրված տեղեկանքի՝ Կ․ Ա․-ը 2022 թվականի փետրվարի 20-ին նախաբազկի հատվածում ածելիի սայրով կատարել է ինքնավնասում, ինչի հետ կապված նրա հետ իրականացվել են հոգեբանական խորհրդատվական աշխատանքներ՝ ինքնավնասման դրսևորումների կանխարգելման, հոգեվիճակի կայունացման ուղղությամբ։ 2022 թվականի փետրվարի 21-ին քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահի զեկուցագրի հիման վրա կատարվել է Կ․ Ա․-ի ընդունելություն՝ վերջինիս հուզական վիճակը, առկա խնդիրները պարզելու, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Իրականացված ընդունելության ընթացքում դատապարտյալը հայտարարել է, որ իր հոգեվիճակը պայմանավորված է եղել անձնական խնդիրներով և արտաքին աշխարհի հետ մշտական կապի միջոց (բջջային հեռախոս) ունենալու ցանկությամբ։ Ընդունելության ընթացքում իրականացվել են համապատասխան բացատրական աշխատանքներ:
Անդրադառնալով 3-րդ հարցադրմանը՝ նախարարությունից հայտնել են, որ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 513-Լ հրամանի հավելված 2-ի շրջանակներում 2021 թվականի համար նախատեսված բոլոր գործողությունները, բացառությամբ 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերի (դրանց ժամկետները տեղափոխվել են 2022 թվական՝ հաշվի առնելով այն, որ դրանց իրականացումը բխում է այլ միջոցառումների արդյունքներից և հանդիսանում է համակարգային գործընթացի սահուն շարունակություն), իրականացվել են:
ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 8-ի N 440-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի թիվ 44-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն հրամանի N 1 հավելվածում, որով բացառվել է ինքնավնասման հակում ունեցող անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառումը, և ըստ այդմ՝ ապահովվել է ինքնավնասման և ինքնասպանության հակում ունեցող անձանց «պիտակավորման» փոխարեն նրանց հետ արդյունավետ վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորությունը:
Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մշակվել են քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության զննության, ռիսկի գնահատման և ինքնավնասումների ու ինքնասպանությունների ռիսկի վերհանման և գնահատման գործիքները, որոնք փորձարկվել են ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Աբովյան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում: Գործիքակազմի կիրառմամբ ակնկալվում է գնահատել անձի հոգեկան առողջության վիճակը՝ նրա կողմից ինքնասպանություն կամ ինքնավնասում կատարելու ռիսկերն անմիջապես քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս որևէ ռիսկի առկայության դեպքում իրականացնել առավել խորքային գնահատում և անձի հետ անհատական աշխատանքները կատարել առավել թիրախավորված և արդյունավետ:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Աբովյան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների՝ փորձարկմանը մասնակցող աշխատակիցները վերապատրաստվել են գործիքների փորձարկման շրջանակներում՝ դրանց պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով:
Ներկայումս Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպվում են վերապատրաստումներ՝ գործիքների կիրառումը հետագայում բոլոր հիմնարկներում ապահովելու նպատակով:
2021 թվականի ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 550 քրեակատարողական ծառայող վերապատրաստում է անցել, ի թիվս այլնի, հետևյալ թեմաներով՝ «Քրեակատարողական համակարգում իրավախախտ անչափահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները», «Քրեակատարողական համակարգում խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները», «Կյանքի իրավունք»:
Բացի այդ, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից քրեակատարողական համակարգի հոգեբանների համար իրականացվել է կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից դրսևորվող սուիցիդալ վարքագծի վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման առցանց դասընթաց:
Նշել են նաև, որ 2021 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հոգեբան մասնագետները ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գլխավոր հոգեբանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում աշխատող հոգեբանների մասնակցությամբ, ըստ նախապես ուսումնասիրված և վերջիններիս կողմից բարձրացված մասնագիտական կարիքների, իրականացրել են հինգ համապատասխան դասընթաց:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգեբանների աշխատանքային գործիքների միատեսակությունը և միասնականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներին տրամադրել ազատությունից զրկված անձանց անձնային առանձնահատկությունները, հոգեվիճակը, իմացական ոլորտը բացահայտող մեթոդիկաների, անչափահասների և չափահասների համար նախատեսված խմբային հոգեբանական աշխատանք իրականացնելու մոդուլային ծրագրերի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում աշխատող հոգեբանների աշխատանքի էթիկական նորմերի վերաբերյալ մեթոդական ձեռնարկներ, որոնց կապակցությամբ նաև նախատեսվում են վերապատրաստումներ իրականացնել համապատասխան աշխատակիցների շրջանում: