Կալանքի տակ գտնվող անձինք ոստիկանական բաժանմունքում ենթարկված խոշտանգման արդյուքնում ունեն առողջական խնդիրներ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) ստացված ահազանգերի հիման վրա 2022 թ․դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ընթացքում առանձնազրույց են ունեցել կալանքի տակ գտնվող Ռ.Ս.-ի և Է.Վ.-ի հետ և տեղեկացել, որ վերջիններս ունեն առողջական խնդիրներ։

Մասնավորապես, Խմբի անդամները Ռ․ Ս․-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացել են, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցին նախորդող շաբաթվա ընթացքում վերջինս ենթարկվել է «Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)» հետազոտության։ Նա Խմբի անդամներին բանավոր հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել են մի շարք խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում հետագայում հենաշարժողական խնդիրների առաջացման համար։ Ըստ Ռ․ Ս․-ի՝ հետազոտության արդյունքում իր մոտ ախտորոշվել է 5-րդ ողի վրա առկա սերտաճում, ինչպես նաև ողնուղեղի խոռոչի մեջ գոյացած պարկ, որի արդյունքում իր վերջույթներն «անջատվում են» և չի կարողանում կառավարել իր շարժումները։ Ըստ Ռ․ Ս․-ի՝ երկարատև նման վիճակում գտնվելը և հետևողական բուժում չստանալը կգամի իրեն սայլակին։

Ռ․Ս․-ը հայտնել է նաև, որ քրեակատարողական հիմնարկում որևէ բուժում չի ստանում: Մինչև քրեակատարողական հիմնարկում գտնվելը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատելու ժամանակահատվածում պարբերաբար անցել է բժշկական հետազոտություններ, որոնք մշտապես ամրագրել են, որ ինքն ունի «տիեզերագնացի առողջություն»: Ըստ Ռ․Ս․-ի՝ իր մոտ առկա առողջական վիճակի վատթարացումը սկսվել է իրեն բերման ենթարկելիս և ոստիկանության բաժանմունքում ծեծի ենթարկվելուց հետո և խորացել է քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում:

Զրույցի ընթացքում Ռ․Ս․-ը նաև հաստատել է13․12․2022 թ․ Խմբի կողմից ՀՀ ԱՆ ներկայացված 22-58 գրությամբ փոխանցված տեղեկատվությունը՝ կապված անվտանգության աշխատակցի հետ ունեցած ընդհարման հետ՝ պնդելով հարցի քննարկման կարևորությունը։

 

Կալանավորված Է․ Վ․-ը, ըստ «Ազատություն ռադիոկայան» լրատվական կայքում հրապարակված նյութի[1], Ոստիկանության բաժանմունքում ենթարկվել էր ծեծի և ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Է․ Վ․-ը Խմբին հայտնել է, որ տեղաշարժվում է ձեռնափայտով և ստացած վնասվածքների արդյունքում վիճակը վատթարացել է, առաջացել է լսողական խնդիր, քանի որ ականջի թաղանթները վնասվել են (ըստ նրա՝ «պայթեցրել են»)։ Ըստ Է․ Վ․-ի՝ տրավմաների արդյունքում առաջացած առողջական խնդիրներից բացի՝ վերջինիս մոտ ախտորոշվել է նաև «ողնաշարի հեմանգիոմա», որը բուժելու նպատակով ազատության մեջ գտնվելու ընթացքում կատարվել է վիրահատություն, սակայն նույն խնդիրն առաջացել է նաև մյուս ողի վրա, որը ևս ենթակա է վիրահատության և շուտով պետք է կատարվեր։ Ոստիկանության բաժանմունքում ծեծի ենթարկվելուց հետո առողջական վիճակը վատթարացել է: Է․ Վ․-ը նաև հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ցավազրկողներից բացի այլ բուժում չի ստանում:

Վերոգրյալի հիման վրա Խումբը դիմել է ՀՀ ԱՆ՝ առաջարկելով ձեռնարկել անհրաժեշտ, բավարար և ամբողջական միջոցառումներ՝ ապահովելու Ռ․ Ս․-ի պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքը, այդ թվում՝ Ռ․Ս․-ին ապահովել անհրաժեշտ բժշկական հետազոտություններով, մասնագիտացված բժշկական օգնությամբ, անհրաժեշտ հոգեբանական աջակցությամբ, ինչպես նաև վերջինիս տրամադրել իր առողջական խնդիրների վերաբերյալ կատարված հետազոտությունների, դրանց եզրակացությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև, առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ, ձեռնարկել անհրաժեշտ, բավարար և ամբողջական միջոցառումներ՝ ապահովելու Է․ Վ․-ի պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքը, այդ թվում՝ ձեռնարկել Է․ Վ․-ի առողջական խնդիրների հետազոտման և բուժման համար անհրաժեշտ միջոցներ, քննարկել և անհրաժեշտության դեպքում ապահովել Է․ Վ․-ի մոտ առկա առողջական խնդիրներով պայմանավորված մասնագիտացված բժշկական օգնության տրամադրումը:

Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարություն ստացված այս գրության և հիմքում ունենալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից ու «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալները՝ նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ռ. Ս.-ը զննվել է բժշկի կողմից: Զննության ժամանակ վերջինս գանգատվել է ընդհանուր թուլությունից, խորխարտադրությունից, հազից: Զննության արդյունքում ախտորոշվել է՝ «Քրոնիկ բրոնխիտի սրացում», նշանակվել է դեղորայքային բուժում: 2022 թվականի նոյեմբերի 15-ին Ռ. Ս.-ը զննվել է նյարդաբանի կողմից: Զննության արդյունքում ախտորոշվել է՝ «Պարանոցա-կրծքային հատվածի օստեոխանդրոզ: Ցավային սինդրոմ»: Նշանակվել է դեղորայքային բուժում: 2022 թվականի դեկտեմբերի 7-ին Ռ. Ս.-ը «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնում ենթարկվել է նեյրովիրաբույժ Ռ. Ֆանարջյանի կողմից ցուցված (2022 թվականի օգոստոսի 24-ին) ողնաշարի կրծքային հատվածի կրկնակի (3ամիս անց) ՄՌՏ հետազոտության: Կատարված հետազոտության արդյունքում կազմվել է եզրակացություն՝ «Ողնաշարի կրծքային և գոտկասրբանային հատվածի չափավոր արտահայտված դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություների ՄՌ-պատկեր: Լ5 ողի սակրալիզացիայի նշաններ: Միջողային սկավառակների էքստրուզիա և պրոտուզիաներ: Ողնաշարի կրծքային բաժնում հիդրոմիելիայի նշաններ»:

2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ռ. Ս.-ի ՄՌՏ (կատարված 2022 թվականի դեկտեմբերի 7-ին) և ԷՆՄԳ (կատարված 2022 թվականի հոկտեմբերի 26-ին) հետազոտության արդյունքներով նեյրովիրաբույժ Ռ. Ֆանարջյանի կողմից տրվել է տեղեկանք՝ համաձայն, որի Ռ. Ս.-ի մոտ ռադիոլոգիական դինամիկ հսկողության արդյունքում փոփոխություններ չեն հայտնաբերվել: Ախտորոշումը՝ «Th6-Th9 հիդրոմիելիա, S1 նյարդարմատիկների երկկողմանի ռադիկուլոպաթիա (ԷՆՄԳ տվյալներով)»: Ռ. Ֆանարջյանի կողմից Ռ. Ս.-ի նյարդավիրաբուժական միջամտության ցուցում հիվանդության ներկա փուլում չի նշվել: Ցուցվել է իրականացնել 1 կուրս հորմոնալ թերապիա:

Միևնույն ժամանակ, Ռ. Ս.-ի հետ քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հոգեբանների կողմից ըստ անհրաժեշտության իրականացվել և իրականացվում են անհատական ընդունելություններ, և տարվում հոգեբանական խորհրդատվական աշխատանքներ:

Ռ. Ս.-ը ներկայումս գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության ներքո, ստանում է համապատասխան բժշկական օգնություն և բուժում:

Տեղեկացրել են նաև որ Ռ. Ս.-ին արդեն իսկ տրամադրվել են բժշկական փաստաթղթերի պատճենները:

Անդրադառնալով Է. Վ.-ին՝ հաղորդել են, որ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին Է. Վ.-ը մուտք է գործել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Առաջնային բժշկական զննության ժամանակ Է. Վ.-ը հայտարարել է, որ «Արաբկիրի» ոստիկանության բաժանմունքում ծեծի ենթարկվելու արդյունքում ստացել է «գլխի տրավմա, ուղեղի ցնցում և պայթել են ականջի թաղանթները»: Հայտարարության հիմքով կազմվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Է. Վ.-ը նշել է նաև, որ ունի հեմանգիոմա, քայլում է ձեռնափայտով, գանգատվել է ողնաշարի ցավերից:

  • թվականի դեկտեմբերի 7-ին Է. Վ.-ը ենթարկվել է թեստավորման, որի արդյունքում արձանագրվել է. HCV` բացասական, HIV` բացասական, COVID` բացասական:

2022 թվականի դեկտեմբերի 7-ին Է. Վ.-ը բժշկական զննության ժամանակ գանգատվել է գլխապտույտից, գլխացավից (հետտրավմատիկ), աջ կոնքազդրային հոդի ցավից, լսողական ֆունկցիայի խանգարումից: Է. Վ.-ը տրամադրել է բժշկական փաստաթղթերի փաթեթ՝ ունեցած վնասվածքների վերաբերյալ: Զննության արդյունքում ախտորոշվել է՝ «Երկկողմանի սենսոնևրալ ծանրալսություն բարձր հաճախականություններում: Աջ կոնք-ազդրային հոդի դեֆարթրոզի ՄՌ պատկեր: Աջակողմյան կոքսարտրոզ ՀՇ պատկեր»: 2022 թվականի դեկտեմբերի 7-ին Է. Վ.-ը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական մասնաշենք՝ բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո գտնվելու նպատակով:

2022 թվականի դեկտեմբերի 29-ին Է. Վ.-ը զննվել է քիթկոկորդականջաբանի կողմից, ախտորոշվել է՝ «Երկկողմանի սենսոնևրալ ծանրալսություն»: Նշանակվել է դինամիկ հսկողություն և աուդիոլոգիական հետազոտություն, որը կիրականացվի սահմանված կարգով:

2022 թվականի դեկտեմբերի 30-ին Է. Վ.-ը զննվել է նյարդաբանի կողմից, ախտորոշվել է՝ «Կրունկի նևրիտ: Ռոտի հիվանդություն»: Է. Վ.-ը հայտնել է, որ պետք է էնդոպրոթեզավորվի: Տրվել են համապատասխան խորհուրդներ:

Վերջում հավելել են, որ Է. Վ.-ը ներկայումս գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության ներքո, ստանում է համապատասխան բժշկական օգնություն և դեղորայքային բուժում:

 

[1] Տե՛ս «Իրավապաշտպաններն ահազանգում են՝ ոստիկանական բաժանմունքում քաղաքացու են խոշտանգել» վերնագրով նյութը նշված հողումով.

https://www.azatutyun.am/a/32173132.html?fbclid=IwAR1ep2Cj6HHMlR4Ku-Zq61nwt_oH6w4tXHYQdp8hfxcEDZsVh4yd4mh tWWI

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search