«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող ազատազրկվածի ծնողները դիմել էին Դիտորդների խմբին՝ որդու անվտանգությունը և իրավունքների պաշտպանվածությունը վերականգնելու խնդրանքով


2022 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ գրություն էր ստացել «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող ազատազրկված Ռ. Ս.-ի ծնողներից, ովքեր խնդրում էին վերականգնել իրենց որդու անվտանգությունը և իրավունքների պաշտպանվածությունը: 

Գրության մեջ մասնավորապես նշված էր, որ «12.12.2022 թ. 12:00-12:20-ի սահմաններում «Արմավիր» ՔԿՀ 4-րդ մասնաշենքի անվտանգության առաջատար մասնագետ մայոր Ա․ Գ․-ը անազաատության մեջ գտնվող Ռ. Ս.-ի հանդեպ հերթական անգամ, ասես թշնամական, ոչ կանոնադրական մոտեցում է դրսևորել՝ հրապարակայնորեն հայհոյել, վիրավորել ու այդպիսով նվաստացրել է իր կարգավիճակով կաշկանդված ու այդպիսով ծայրահեղ անպաշտպան անձին, ձերբակալման օրից նաև առողջության նյարդային խնդիրներ ձեռք բերած անձին վիրավորել է, հոգեկան ցավ պատճառել՝ շատ լավ գիտակցելով, որ նրանից հակադարձում չի ստանալու: Եվ սա այն բանի համար, որ մարդը պահանջել է իր հետ հարգալից վերաբերվել: Ու քիչ է, որ, փաստորեն, հոգեկան խոշտանգման է ենթարկում, մի բան էլ հաջողում է ղեկավարությանը սադրել՝ վերջինիս նկատմամբ տույժեր կիրառելու»:

Դիտորդները, գտնելով, որ Խմբին հայտնված դեպքը վերաբերում է անազատության մեջ գտնվող անձի՝ խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու հիմնարար իրավունքի խախտմանը, որը պահանջում է անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ, բավարար և ամբողջական միջոցառումներ՝ դեպքը բացահայտելու, մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու, իրավունքը խախտված անձի իրավունքները վերականգնելու համար, դիմել էին ՀՀ ԱՆ-ին։ 

ՀՀ ԱՆ-ը, ի պատասխան ստացված թիվ 22-58 գրության և հիմքում ունենալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալները, հայտնել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։25-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող «Թեժ գիծ» ծառայությանը 095-34-81-60 հեռախոսահամարից զանգահարել է Ա. Ս. ներկայացած քաղաքացին և հայտնել, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող Ա. Գ.-ը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել որդու՝ Հիմնարկի կալանավորված անձ Ռ. Ս.-ի հասցեին։

Վերոնշյալ հանգամանքների պարզաբանման նպատակով Ծառայության պետի հանձնարարությամբ Ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնում իրականացվել է ուսումնասիրություն։

Համալիր ուսումնասիրության ընթացքում իրականացված անհատական ընդունելությունների, ստացված բացատրությունների, պարզաբանումների, ներկայացված փաստաթղթերի վերլուծությամբ և ձեռք բերված տվյալների համադրմամբ պարզվել է, որ Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ի կողմից քրեակատարողական ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու հանգամանքի վերաբերյալ հայտնել են Ռ. Ս.-ն ու վերջինիս ծնողները, մինչդեռ վերջիններիս կողմից ներկայացված հանգամանքները ոչ իրական են, քանի որ ուսումնասիրության ներկա փուլում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ի կողմից քրեակատարողական ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու վերաբերյալ փաստական տվյալների համակցություն ձեռք չի բերվել:

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ ուսումնասիրությունները շարունակվում են, նոր փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում կհայտնեն լրացուցիչ։

Անդրադառնալով Ռ. Ս.-ի առողջական վիճակին՝ արձանագրել են, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին վերջինս զննվել է բժշկի կողմից: Զննության ժամանակ գանգատվել է ընդհանուր թուլությունից, խորխարտադրությունից, հազից: Զննության արդյունքում ախտորոշվել է՝ «Քրոնիկ բրոնխիտի սրացում»: Ախտորոշման արդյունքում նշանակվել է դեղորայքային բուժում:

2022 թվականի նոյեմբերի 15-ին Ռ. Ս.-ը զննվել է նյարդաբանի կողմից: Զննման արդյունքում ախտորոշվել է՝ «Պարանոցակրծքային հատվածի օստեոխոնդրոզ: Ցավային սինդրոմ»: Ախտորոշման արդյունքում նշանակվել է դեղորայքային բուժում:

2022 թվականի դեկտեմբերի 7-ին Ռ. Ս.-ը «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնում ենթարկվել է ողնաշարի կրծքային հատվածի կրկնակի ՄՌՏ հետազոտության, որը ցուցված է եղել 2022 թվականի օգոստոսի 24-ին նեյրովիրաբույժ Ռ. Ֆանարջյանի կողմից: Կատարված հետազոտության արդյունքում կազմվել է եզրակացություն՝ «Ողնաշարի կրծքային և գոտկասրբանային հատվածի չափավոր արտահայտված դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություների ՄՌ-պատկեր: Լ5 ողի սակրալիզացիայի նշաններ: Միջողային սկավառակների էքստրուզիա և պրոտուզիաներ: Ողնաշարի կրծքային բաժնում հիդրոմիելիայի նշաններ»:

Հարկ են համարել նաև նշել, որ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ռ. Ս.-ի ՄՌՏ (կատարված 2022 թվականի դեկտեմբերի 7-ին) և ԷՆՄԳ (կատարված 2022 թվականի հոկտեմբերի 26-ին) հետազոտության արդյունքներով նեյրովիրաբույժ Ռ. Ֆանարջյանի կողմից տրվել է տեղեկանք, համաձայն որի՝ Ռ. Ս.-ի մոտ ռադիոլոգիական դինամիկ հսկողության արդյունքում փոփոխություններ չեն հայտնաբերվել: Ախտորոշումը՝ «Th6-Th9 հիդրոմիելիա, S1 նյարդարմատիկների երկկողմանի ռադիկուլոպաթիա (ԷՆՄԳ տվյալներով)»: Ռ. Ֆանարջյանի կողմից Ռ. Ս.-ի նյարդավիրաբուժական միջամտության ցուցում հիվանդության ներկա փուլում չի նշվել: Ախտորոշման արդյունքում ցուցվել է իրականացնել մեկ կուրս հորմոնալ թերապիա:

Վերջում հավելել են, որ Ռ. Ս.-ը ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության ներքո, ստանում է համապատասխան բժշկական օգնություն և բուժում: Նաև հայտնել են, որ Ռ. Ս.-ը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search