Անազատության մեջ գտնվող անձն ունի լսողական խնդիր և աջակցող սարք օգտագործելու կարիք

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել անազատության մեջ գտնվող Ա. Չ.-ի հետ և տեղեկացել, որ վերջինս ունի լսողական խնդիր և, դրանով պայմանավորված, լսողական աջակցող սարք օգտագործելու կարիք։ Սակայն հաշմանդամության խումբ չունենալու պատճառով պետական միջոցների հաշվին չի կարողանում այն ձեռք բերել, իսկ սեփական միջոցները բավարար չեն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խումբը դիմել է ՀՀ ԱՆ-ը՝ առաջարկելով ձեռնարկել անհրաժեշտ, բավարար և ամբողջական միջոցներ՝ ապահովելու պետության վերահսկողության ներքո գտնվող առողջական խնդիրներ ունեցող անձին վերականգնողական օգնության տրամադրումը՝ անհրաժեշտ լսողական սարք տրամադրելու միջոցով: Նաև ապահովել առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ հետազոտություն և ծանոթանցնել հաշմանդամության խմբի սահմանման համար փորձաքննության հանձնաժողովին դիմելու կարգին։

Ի պատասխան այս գրության և հիմքում ունենալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալները՝ ՀՀ ԱՆ-ից հայտնել են, որ Ա․ Մ․ Չ․-ը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանումում ենթարկվել է անհրաժեշտ հետազոտությունների և խորհրդատվությունների, որտեղ, որպես հիմնական հիվանդություններին ուղեկցող հիվանդություն, ախտորոշված է «Երկկողմանի սենսոնևրալ ծանրալսություն 3-4 աստ.»:

 

2021 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Ա. Չ․-ը բուժվել է Ստորաբաժանումում, ինչից հետո իր դիմումի հիման վրա դուրս գրվել։ Վերջինիս առձեռն տրամադրվել է կատարված վերջին աուդիոմետրիայի և ԼՕՌ մասնագետի խորհրդատվության եզրակացությունները՝ ըստ անհրաժեշտության ներկայացնելու համար:

2022 թվականի հոկտեմբերի 24-ին Ա. Չ․-ը Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից ենթարկվել է վերափորձաքննության, որի արդյունքում թիվ 3832 որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվել: 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ա. Չ․-ը բողոքարկման արդյունքում կրկին ենթարկվել է վերափորձաքննության, որի հիման վրա Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության վերափորձաքննության բաժնից ստացվել է վերջինիս հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին և 2022 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը անփոփոխ թողնելու վերաբերյալ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կայացված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը:

Անդրադառնալով Ա. Չ․-ին լսողական սարք տրամադրելու վերաբերյալ հարցին՝ տեղեկացրել են, որ աջակցող միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշմամբ, որի համաձայն՝ պետական միջոցների հաշվին լսողական սարքեր ձեռք բերելու իրավունք ունեն միայն լսողության խնդիրներ ունեցող մինչև 29 տարեկան, 30-64 տարեկան հաշմանդամություն ունեցող, և 65 տարեկանը լրացած անձինք:

Այսպիսով, Ա. Չ․-ի առողջական խնդիրների լուծման ուղղությամբ կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև վերջինիս պարզաբանվել է հաշմանդամության խմբի սահմանման համար փորձաքննության հանձնաժողովին դիմելու կարգը:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search