Անազատության մեջ գտնվող անձի՝ «օտար մարմիններից ձերբազատվելու» վիրահատությունը կկազմակերպվի սահմանված կարգով

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2022 թ․նոյեմբերի 11-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել անազատության մեջ գտնվող Ս. Ք. Մ.-ի հետ և տեղեկացել, որ վերջինս 2022 թ. նոյեմբերի 8-ից սկսել է հացադուլ՝ կապված անհրաժեշտ բուժօգնություն չստանալու, այդ թվում՝ այդ նպատակով քաղաքացիական բուժհաստատություն տեղափոխումը չապահովելու հետ: Այցից մոտ քսան օր առաջ Ս. Մ.-ը կատարել է ինքնավնասում՝ կուլ է տվել դանակ, ասեղ, ասեղի միջոցով ծակել է իրեն, կտրել ձախ թևը: Ս. Մ.-ը Խմբին տեղեկացրել է, որ օտար մարմինները դեռևս գտնվում են իր օրգանիզմում և տվել էր համաձայնություն՝ օտար մարմիններն օրգանիզմից հանելու վերաբերյալ, այդ թվում՝ վիրահատական ճանապարհով, եթե բժշկական այլ միջամտությամբ դրա իրականացումը հնարավոր չէ ապահովել:

Վերոգրյալի հիման վրա Խումբը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով ձեռնարկել անհրաժեշտ, բավարար և ամբողջական միջոցներ՝ ապահովելու Ս․Ք․Մ․-ի՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքը, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության ապահովել Ս․Մ․-ի տեղափոխումը հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն, ապահովել վերջինիս անհրաժեշտ բուժօգնության տարամադրումը, բժշկական հետազոտությունների իրականացումը, օրգանիզմից օտար մարմինների հեռացումը: Ըստ անհրաժեշտության նաև ապահովել Ս․Մ․-ի հետ հոգեբանական աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝ ինքնավնասումներ կատարելու հանգամանքով պայմանավորված հոգեբույժի մշտական վերահսկողության իրականացում:

 

Ի պատասխան ՀՀ ԱՆ-ից ստացված գրության և հիմքում ունենալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալները՝ նախարարությունից հայտնել են, որ Ս․ Ք․ Մ․-ը 2022 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարել է հացադուլ, որը դադարեցրել է 2022 թվականի նոյեմբերի 15-ին և հրաժարվել է բուժզննումից:

2022 թվականի նոյեմբերի 8-ին Ս.Մ․-ը հրաժարվել է իր կողմից դանակ և երկաթյա իրեր կուլ տալու հանգամանքով պայմանավորված որովայնի օրգանների ռենտգեն հետազոտությունից՝ պահանջելով կանչել շտապօգնության անձնակազմ:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Բաբայանի և ավագ բուժքույր Ն. Դարբինյանի կողմից կատարվել է Ս.Մ․-ի ընդունելություն: Վերջինիս բացատրվել է, որ շտապօգնության կանչն իրականացվում է միայն օբյեկտիվ և սուբյեկտիվ տվյալների համադրության արդյունքում՝ արձանագրված անհրաժեշտությունից ելնելով:

Ս.Մ․-ը տեղեկացվել է նաև, որ օբյեկտիվ տվյալի համար անհրաժեշտ է ռենտգեն հետազոտություն, որը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, ինչից վերջինս հրաժարվել է:

Ն.Բաբայանի կողմից առաջարկվել է գանգատների առկայության դեպքում իրականացնել սպազմոլիտիկ դեղամիջոցի ներարկում, որից ևս Ս.Մ․-ը հրաժարվել է: Նշվածի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Այնուհետև՝ օտար մարմնի հեռացման նպատակով Ն.Բաբայանի կողմից առաջարկվել է վիրահատական բուժման կազմակերպում, որից Ս.Մ․-ը հրաժարվել է՝ կրկին պահանջելով շտապօգնության կանչ:

2022 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ս.Մ․-ը կատարել է ինքնավնասում՝ ձախ ձեռքի նախաբազկի շրջանի մաշկային ծածկույթը մակերեսորեն վնասելու եղանակով: Վիրաբուժական միջամտության կարիք չի արձանագրվել: Բուժքրոջ կողմից առաջարկված վիրակապությունից Ս.Մ․-ը հրաժարվել է:

2022 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ս.Մխիթարյանը պահանջել է ներարկման եղանակով ցավազրկում: Բուժքրոջ կողմից ներարկումը կատարելու պահին Ս.Մխիթարյանը վերցրել է ներարկիչի ասեղը, որից հետո հայտարարել է, որ կատարել է ինքնավնասում՝ ասեղը փորը մտցնելու եղանակով: Ս.Մխիթարյանը կրկին հրաժարվել է տեղում առաջարկվող բուժօգնությունից, որի արդյունքում չի իրականացվել սպազմոլիտիկ դեղամիջոցի ներարկումը:

2022 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Ս.Մ.-ը կրկին կատարել է ինքնավնասում՝ որովայնի աջ հատվածի շրջանի մաշկային ծածկույթի մակերեսորեն վնասելու եղանակով: Վիրաբուժական միջամտության կարիք չի արձանագրվել, վերջինս բուժքրոջ կողմից առաջարկված վիրակապությունից հրաժարվել է:

2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ս.Մ.-ը կրկին կատարել է ինքնավնասում՝ ձախ ձեռքի նախաբազկի շրջանի մաշկային ծածկույթը մակերեսորեն վնասելու եղանակով: Վիրաբուժական միջամտության կարիք չի արձանագրվել: Ս.Մ.-ը բուժքրոջ կողմից առաջարկված վիրակապությունից հրաժարվել է:

2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։45-ին, Ս.Մ.-ը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ իրականացվել է ՌԱՊԻԴ թեստավորում, որի արդյունքում վերջինիս մոտ արձանագրվել է՝HCV` բացասական, HIV` բացասական, COVID-19` բացասական։

Անդրադարձ կատարելով Ս. Մ.-ի հետ հոգեբանական աշխատանքների կազմակերպման և հոգեբույժի մշտական վերահսկողության իրականացման հարցին՝ հայտնել են, որ յուրաքանչյուր ինքնավնասման դեպքով կատարվել է ընդունելություն սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների կողմից: Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմված տեղեկանքների համաձայն՝ Ս. Մ․-ի հետ տարվում են համապատասխան խորհրդատվական աշխատանքներ՝ հուզական ֆոնի իջեցման, ինքնավնասման դրսևորումների կանխման և ինքնավնասման ռիսկի նվազեցման ուղղությամբ, սակայն տարվող աշխատանքները դեռևս դրական արդյունք չեն տվել:

Ս.Մ․-ը զննվել է նաև Ստորաբաժանման հոգեբույժի կողմից, որի արդյունքում ախտորոշվել է որպես հոգեպես առողջ:

2022 թվականի նոյեմբերի 24-ին Ս.Մ․-ը զննվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային գոտին սպասարկող բժշկի կողմից, ով արձանագրել է, որ վերջինիս վիճակը բավարար է, հարցերին պատասխանում է ժամանակին, ռեակցիաներն ադեկվատ են։ Օբյեկտիվ՝ ձախ ձեռքի նախաբազկի 1/3-ի շրջանում առկա են կարեր։ Նրա խոսքերով՝ 3 օր առաջ կատարել է ինքնավնասում, մշակվել է վերքը և կտրվածքի խորության պատճառով դրվել են կարեր և մաքուր վիրակապ։ Խորհուրդ է տրվել կատարել վիրակապություն և 3-4 օրից հանել կարերը։

2022 թվականի նոյեմբերի 25-ին Ս.Մ․-ը զննվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային գոտին սպասարկող բժշկի կողմից, ինչի արդյունքում արձանագրվել է, որ Ս.Մ․-ը գանգատվում է էպիգաստրալ շրջանի ցավերից։ Ս.Մ․-ը հայտարարել է, որ 40 րոպե առաջ կուլ է տվել 6-7 մետաղյա պտուտակ, որից հետո կատարվածի մասին տեղյակ է պահել հսկիչներին։ Օբյեկտիվ՝ որովայնի շոշափումը ցավոտ է։ Ախտորոշվել է՝ «Օտար մարմիններ աղեստամոքսային տրակտում»։ Ցուցվել է ռենտգեն հետազոտություն՝ օտար մարմինների առկայությունը ճշտելու համար, որը շտապ կարգով իրականացվել է նույն օրը՝ «Մաստեր ֆարմ» բժշկական կենտրոնում։ Ըստ որովայնի շրջադիտակային ռենտգենոգրաֆիայի՝ «Տեսանելի են ռենտգեն ինտենսիվ ստվերներ՝ օտար մարմիններ (4,5 մմ չափերով թվով՝ 6 մեխեր, 7 մմ չափերով 1 պտուտակ և 7 մմ տրամաչափի թվով՝ 2 դանակների ծայրեր)»։ Հիմք ընդունելով եզրակացությունը՝ Ս.Մ․-ի նկատմամբ սահմանվել է դինամիկ հսկողություն քրեակատարողական հիմնարկի պայմաններում։

2022 թվականի նոյեմբերի 25-ին Ս.Մ․-ը կրկին հայտարարել է հացադուլ, իրեն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջով՝ կտրականապես հրաժարվելով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնությունից:

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ս.Մ․-ը դադարեցրել է հացադուլը:

2022 թվականի նոյեմբերի 29-ին Ս.Մ․-ը պնդել է, որ կրկին կուլ է տվել մետաղյա պտուտակներ, գամեր, շեղբով դանակներ, նշել է նաև, որ արյուն է փսխում։ Ախտորոշվել է՝ «Վիճակ ստամոքսի արյունախխումից հետո (օտար մարմիններ)»։ Ախտորոշման արդյունքում ցուցվել է որովայնի ռենտգենոգրաֆիա, որը իրականացվել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին «Մաստեր ֆարմ» բժշկական կենտրոնում։ Ըստ որովայնի շրջադիտակային ռենտգենոգրաֆիայի՝ «Տեսանելի են ռենտգեն ինտենսիվ ստվերներ՝ օտար մարմիններ (7 մմ տրամաչափի թվով՝ 2 դանակների ծայրեր,որոնք համեմատելով նախկին հետազոտությունների հետ՝ պարզվել է, որ դանակների դիրքը մնացել է անփոփոխ), նույն մակարդակում տեսանելի են 3 պտուտակներ, որոնք նախկին հետազոտությամբ չեն հայտնաբերվել, որովայնի աջ՝ կես, հաստ աղիքի վերել հատվածի պրոեկցիայով իրարից 1-2,7սմ հեռավորությամբ տեսանելի են 4,5մմ չափերով թվով՝ 6 մեխերը և 7մմ չափերով՝ 1 պտուտակը։ Որովայնի խոռոչում հետազոտման պահին առկա է չափավոր մեթեորիզմ, ազատ գազ և չեն հայտնաբերվել ձևավորված «Կլոյբերյան գավաթիկներ»։

2022 թվականի նոյեմբերի 29-ին՝ Ս.Մ․-ը ժամը 20։15-ի սահմաններում, շտապ օգնության կանչով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է՝ «Ստամոքս-աղիքային համակարգի օտար մարմիններ (դանակներ, պտուտակներ)»։ Ախտորոշման արդյունքում ցուցվել է բուժում բազմապրոֆիլ կլինիկայում։

2022 թվականի նոյեմբերի 30-ին Ս.Մ․-ը կատարել է ինքնավնասում, որի կապակցությամբ շտապ օգնության կանչով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է՝ «Աջ նախաբազկի 1/3–ի առաջնային մակերեսի կտրած վերք, նույն շրջանի կարված վերքեր»։ Կատարվել է վերքի անզգայացում, դրվել են կարեր։ Խորհուրդ է տրվել կատարել վիրակապություններ։

2022 թվականի դեկտեմբերի 1-ին ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման ղեկավար Գ.Գեժոյանը՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ին իրեն հասցեագրված դիմումի շրջանակներում, կատարել է Ս.Մ․-ի ընդունելություն, որի ժամանակ վերջինս գանգատվել է որովայնի շրջանի ցավերից, սրտխառնոցից, պարբերաբար փսխումներից, ընդհանուր թուլությունից։ Հայտարարել է, որ կրկին կուլ է տվել նոր մետաղական օտար մարմին։

Աղեստամոքսային տրակտի օտար մարմինների առկայության կապակցությամբ առաջարկվել է ՀՀ առողջապահական մարմինների բուժական որևէ հիմնարկում ստացիոնար հսկողություն և անհրաժեշտության դեպքում վիրահատություն, որից Ս.Մ․-ը հրաժարվել է՝ պահանջելով իրեն հրատապ տեղափոխել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Ս.Մ․-ին բացատրվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատական բուժում չի իրականացվում։

Ս.Մխիթարյանի ընդունելության ժամանակ որոշվել է վերջինիս ներկայիս առողջական վիճակը գնահատելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կազմակերպել որովայնի ռենտգեն հետազոտություն և վիրաբույժի խորհրդատվություն՝ «Մաստեր-Ֆարմ» բժշկական կենտրոնում, որի կապակցությամբ Ս.Մ․-ն առարկություն չի հայտնել։

Ս.Մ․-ի նոր կուլ տված օտար մարմնի առկայությունը ճշտելու և արդեն առկա մարմինների դիրքային փոփոխությունները պարզելու համար ցուցվել է ռենտգեն հետազոտություն և վիրաբույժի խորհրդատվություն, որն իրականացվել է 2022 թվականի դեկտեմբերի 2-ին «Մաստեր ֆարմ» բժշկական կենտրոնում։

Ըստ Ս.Մ․-ի որովայնի շրջադիտակային ռենտգենոգրաֆիայի՝ «Ռենտգեն ինտենսիվ ստվերներ՝ 8մմ չափով մկրատ, որը նախկին հետազոտությամբ չկար, Լ2-Լ3 մակարդակում հարողնաշարային գծով տեսանելի են նախկին հետազոտություններով հայտնաբերված 7 մմ տրամաչափի թվով՝ 2 դանակների ծայրեր և 3 պտուտակներ, որովայնի աջ կես, հաստ աղիքի վերել հատվածում, տեսանելի են թվով՝ 1 մեխ և 1 պտուտակ։ Որովայնի խոռոչում հետազոտման պահին առկա է չափավոր մեթեորիզմ, ազատ գազ, սակայն չեն հայտնաբերվել ձևավորված «Կլոյբերյան գավաթիկներ»։

Նույն օրը Ս.Մ․-ին տրամադրվել է վիրաբույժի խորհրդատվություն, ըստ որի ախտորոշվել է՝ «Աղեստամոքսային տրակտի բազմաթիվ մետաղյա օտար մարմիններ»: Ախտորոշման արդյունքում ցուցվել է բուժում բազմապրոֆիլ կլինիկայում: Վերջինս հրաժարվել է ինչպես առաջարկվող ստացիոնար հսկողությունից, այնպես էլ առհասարակ ՀՀ առողջապահական մարմինների բուժական որևէ հիմնարկում սպասարկվելուց՝ պահանջելով իրեն տեղափոխել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Ս.Մխիթարյանի հետ տարվել են բացատրական-բանակցային աշխատանքներ ՀՀ առողջապահական մարմինների բուժական հիմնարկում ստացիոնար հսկողության և անհրաժեշտության դեպքում վիրահատական բուժում անցնելու շուրջ՝ օտար մարմիններից ձերբազատվելու նպատակով: Վերջինիս կապակցությամբ Ս.Մ․-ը տվել է գրավոր համաձայնություն՝ վիրահատվելու ՀՀ առողջապահական մարմինների բուժական ցանկացած հիմնարկում, բացի «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Ս.Մ․-ի՝ «օտար մարմիններից ձերբազատվելու» վիրահատությունը կկազմակերպվի սահմանված կարգով: Ներկայումս Ս.Մ․-ը գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search