Դիտորդների այցելությունից հետո ազատազրկված անձինք հետազոտվել են իրենց նախընտրած բուժհաստատություններում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2022 թ․ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ տեսակցել են անազատության մեջ գտնվող Վ. Ա.-ին և Ս. Ա.-ին: Վ. Ա.-ը Խմբին հայտնել է, որ ունի առողջական խնդիրներ և դրանցով պայմանավորված` բժշկական հետազոտությունների կարիք։ Դեռևս ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Վ․ Ա․-ի մոտ ախտորոշվել է «Հեմոլիտիկ-ուռեմիկ համախտանիշ»։ Վ․ Ա․-ը միաժամանակ հայտնել է, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ իրեն վատ է զգում, քնած վիճակում մարմինն ամբողջովին սառչում է, ունենում է մարմնի ցավեր, հոդացավեր, որովայնային և երիկամային հատվածներում ցավեր, ինչպես նաև գլխացավեր, ճգնաժամային իրավիճակում ունենում է նաև դողէրոցք, կրիզ։ Ըստ Վ․ Ա․-ի՝ ինքնազգացողությունը գնալով վատանում է, և հավանականությունը մեծ է, որ նոր, ավելի ուժգին կրիզ կարող է լինել։

Ս. Ա.-ը Խմբին տեղեկացրել է, որ ունի դիմածնոտային խնդիր։ Ըստ Ս. Ա.-ի՝ ատամի հեռացման արդյունքում իր մոտ առաջացել է դիմածնոտային խնդիր, ներկայումս ունի երկարատև գլխացավեր։ Ս. Ա.-ը հայտնել է, որ 2022 թ․ հոկտեմբերի 21-ին դիմել է իր հաշվին համակարգչային տոմոգրաֆիա անցնելու խնդրանքով, սակայն Խմբի այցելության օրվա դրությամբ վերջինս համապատասխան հետազոտություն չէր անցել, ինչը, ըստ նրա, պատճառաբանվել էր հերթագրվածների քանակով։ 

Վերոգրյալի հիման վրա Խումբը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով ձեռնարկել անհրաժեշտ, բավարար և ամբողջական միջոցներ՝ ապահովելու Վ. Ա.-ի և Ս. Ա.-ի պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը, այդ թվում ապահովել Վ. Ա.-ի մոտ առկա առողջական խնդիրների ախտորոշմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, բուժական, վերականգնողական բուժման անցկացումը և սեղմ ժամկետում ապահովել Ս. Ա.-ին անհրաժեշտ բժշկական հետազոտությունների անցկացումը։

Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարություն ստացված թիվ 22-55 գրության և հիմքում ունենալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալները՝ նախարարությունից հայտնել են, որ Վ.Պ. Ա.-ը՝ «Ուռեմիկ-հեմոլիտիկ համախտանիշ, սկսվող պոլիօսթեոարթրոզ, միզաքարային հիվանդություն՝ երիկամներում միկրոլիտների (ավազի) տեսքով» ախտորոշմամբ գտնվում է Ստորաբաժանման բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության ներքո:

2022 թվականի նոյեմբերի 12-ին երեկոյան համայցի ժամանակ հերթապահ բուժքրոջ կողմից կատարվել է Վ. Ա.-ի ընդունելություն, որի ժամանակ վերջինս որևէ առողջական գանգատ չի ներկայացրել, օբյեկտիվ զննության արդյունքում հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում. Զ/Ճ 130/85, պուլսը՝ 82 զ/ր, սատուրացիան՝ 96, մարմնի ջերմաստիճանը՝ 36, 2օ

2022 թվականի նոյեմբերի 13-ին կատարվել է Վ. Ա.-ի ընդունելություն Ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ն. Բաբայանի կողմից, որի արդյունքում Վ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է լավ, առողջական գանգատ չի ներկայացվել, օբյեկտիվ զննության  տվյալները եղել են նորմայի սահմաններում։

Վ. Ա.-ի կողմից նշվել է, որ վերջին անգամ, իր ախտորոշումով պայմանավորված առողջական վիճակի հետ կապված գանգատ ունեցել է 2021 թվականի ապրիլ ամսին։

2022 թվականի նոյեմբերի 18-ին Ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ն. Բաբայանի կողմից կատարված ընդունելության ժամանակ Վ. Ա.-ը նշել է, որ նախորդ օրը՝ երեկոյան, ունեցել է ինքնազգացողության հետ կապված գանգատ, որն արդեն անցել է, և ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Վ. Ա.-ը ներկայացրել է գանգատներ հաճախամիզությունից, միզուղիների շրջանում մրմռոցի զգացողությունից, հոդացավերից, որոնք վերջինիս խոսքերով կրում են մշտական բնույթ: Անդրադառնալով նախորդ ընդունելության ժամանակ վերոնշյալ գանգատները չներկայացնելուն՝ Վ. Ա.-ը պարզաբանել է, որ գանգատի բնույթից ելնելով՝ կարևորություն չի տվել: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել են հետևյալ հեմոդինամիկ տվյալները՝Զ/Ճ 120/80, պուլսը՝ 91 զ/ր, սատուրացիան՝ 99, ջերմաստիճանը՝ 36,3օ C ։

Վ. Ա.-ի կողմից նշված գանգատներից ելնելով՝ Ստորաբաժանման ղեկավարի կողմից առաջարկվել է լաբորատոր հետազոտություններ՝ ամբուլատոր պայմաններում, որից վերջինս կրկին հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ հետազոտությունների արդյունքները, ըստ իրեն, միևնույն է առանց ախտաբանական շեղումների են լինելու, քանի որ ներկայումս իր հիվանդությամբ պայմանավորված գանգատ չունի: Ստորաբաժանման ղեկավարի կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Ա.-ը համաձայնվել է հետազոտվել:

2022 թվականի նոյեմբերի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է Վ. Ա.-ի արյան և մեզի քննություն, որոնց արդյունքներով ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել։

Ելնելով Վ. Ա.-ի գանգատներից՝ ՊՈԱԿ-ի բժշկական անձնակազմի կողմից ցուցվել է կատարել պլանային հետազոտություններ և խորհրդատվություններ՝ ստացիոնար պայմաններում։

2022 թվականի նոյեմբերի 24-ին ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված՝ պետության կողմից անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրով, ստացիոնար պայմաններում վերոնշյալը իրականացնելու նպատակով, Վ. Ա.-ը տեղափոխվել է իր իսկ կողմից նախընտրած «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կատարված հետազոտությունների և նեղ մասնագիտական խորհրդատվությունների արդյունքում ախտորոշվել է՝ «Սկսվող պոլիօսթեոարթրոզ: Միզաքարային հիվանդություն՝ երիկամներում միկրոլիտների (ավազի) տեսքով», արդյունքում բուժման կարիք չի արձանագրվել, ստացիոնար բուժման ցուցում չի տրվել, հիվանդին տրվել են համապատասխան խորհուրդներ։

2022 թվականի նոյեմբերի 24-ին Վ. Ա.-ը դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ներկա պահին Վ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Վերջինս գտնվում է Ստորաբաժանման բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության ներքո, անհրաժեշտության դեպքում ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն:

Անդրադառնալով Ս. Ա. Ա.-ին՝ նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի նոյեմբերի 23-ին վերջինս դիմել էր իր միջոցներով «Ռեզուս» կլինիկայում բուժում ստանալու խնդրանքով։ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ՊՈԱԿ-ի կողմից թույլատրվել է կազմակերպել բուժումը, որը կիրականացվի սահմանված կարգով:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search