Դիտորդների կողմից արձանագրված առողջական խնդիրների վերաբերյալ իրականացվել են հստակ քայլեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2022 թ․ նոյեմբերի 4-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ տեսակցել են կալանավորված անձանց՝ Մ․ Ե․-ին և Գ․ Ս․-ին, որոնք երկուսն էլ այցելության պահին հացադուլի մեջ էին։

Առկա են խնդիրներ նաև Մ. Ե.-ի պահման պայմանների հետ կապված: Վերջինս հացադուլի ժամանակ պահվում է պատժախցում, որը խոնավ ու ցուրտ է, ինչը վատթարացնում է նրա առողջական վիճակը։ Ի դեպ, դիտորդների այցելության պահին ջեռուցման համակարգը գործարկված չէր:

Գ. Ս.-ը գտնվում էր հացադուլում 2022 թ. հոկտեմբերի 20-ից։ Խմբի այցելության օրը վերջինիս հացադուլի մեջ գտնվելու 15-րդ օրն էր: Գ. Ս.-ն ուներ առողջական խնդիրներ, հաշմանդամության երրորդ խումբ: Վերջինս պահանջում էր պատշաճ բուժում և ցանկանում էր հաշմանդամության խմբի փոփոխություն: Գ. Ս.-ն ունի նաև ի ծնե յուրաքանչյուր ձեռքին 4-ական մատ, երիկամային խնդիրներ, ճողվածքներ, որոնց վերաբերյալ կատարվել է ՄՌՏ հետազոտություն, սակայն հետազոտության եզրակացությունը վերջինս չի ստացել։

Ըստ կալանավորված անձի՝ որևէ բուժում չի ստանում, տրամադրվում են միայն ցավազրկողներ, ամեն օր հիմնարկի բժշկի կողմից չափվում է միայն ճնշումն ու քաշը: Գ.Ս.-ը գտնվում էր կարանտինային հատվածում, խուցը ցուրտ ու խոնավ էր։ 

Դիտորդները, արձանագրված խնդիրների հիման վրա, դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով ձեռնարկել անհրաժեշտ, բավարար և ամբողջական միջոցներ՝ ապահովելու Մ. Ե.-ի և Գ. Ս.-ի՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքը։ Նաև Գ. Ս.-ին տրամադրել իր առողջական խնդիրների վերաբերյալ կատարված հետազոտությունների, դրանց եզրակացությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը, առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Գ.Ս.-ին ծանոթացնել հաշմանդամության խմբի փոփոխման կարգին: Քննարկել Մ. Ե.-ին պատժախցից տեղափոխելու հարցը՝ պայմանավորված վերջինիս առողջական խնդիրներով և դրանց հետագա վատթարացման ռիսկերով: Դիտարկել Գ. Ս.-ի պահման պայմանների հետ կապված խցի ջերմաստիճանի հարցը։

 

Ի պատասխան վերոգրյալի և հիմքում ունենալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալները՝ նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Մ․ Ե․-ը հրաժարվել է բժշկական ամենօրյա զննություններից:

2022 թվականի նոյեմբերի 8-ին Մ. Ե․-ը ներկայացել է բժշկական զննության: Օբյեկտիվ բժշկական զննությամբ արձանագրվել է արյան ԶՃ՝ 95/65 մմ սս, վերջինս հրաժարվել է կշռումից:

 Բժշկական զննության իրականացման ժամանակ Մ. Ե․-ը գանգատվել է ընդհանուր թուլությունից, գոտկային հատվածի ցավերից: Խորհուրդ է տրվել դադարեցնել հացադուլը և արձանագրվել է վերականգնողական բուժման անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, 2022 թվականի նոյեմբերի 8-ին Մ. Ե․-ը, իր դիմումի համաձայն, դադարեցրել է հացադուլը և հետհացադուլային հսկողություն իրականացնելու նպատակով տեղափոխվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանում:

Ինչ վերաբերում է Գ․ Ս․-ին՝ վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ փոխարինվել է գրավով, և նա ազատ է արձակվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։

Բայց միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ Գ.Ս․-ը, գտնվելով հացադուլի մեջ, 2022 թվականի մարտի 25-ին հիմնարկում ենթարկվել է նյարդաբանի խորհրդատվության, ախտորոշվել է՝ «Ողնաշարի սկոլիոզ, ցավային համախտանիշով»: Ցուցվել է ՀՇ հետազոտություն:

2022 թվականի մարտի 28-ին ՊՈԱԿ-ի կողմից թույլատրվել է Գ. Ս․-ին տեղափոխվել «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ուղեգրով ՀՇ հետազոտության և խորհրդատվության համար, որն իրականացվել է 2022 թվականի մարտի 30-ին:

2022 թվականի ապրիլի 5-ին Գ. Ս․-ը դադարեցրել է հացադուլը և հետահացադուլային վերականգնողական բուժման նպատակով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, 2022 թվականի մայիսի 23-ին դուրս է գրվել:

Ըստ Գ. Ս․-ի անհատական քարտում առկա տվյալների՝ 2022 թվականի հունիսի 10-ին Գ. Ս․-ը զննվել է Ստորաբաժանման նյարդաբանի կողմից, ախտորոշվել է՝ «Ողնաշարի սկոլիոզ ցավային համախտանիշով, Լ2-Լ3, Լ3-Լ4 ողերի միջողային սկավառակների նեղացում», նշանակվել է դեղորայքային բուժում: Ցուցվել է նեյրովիրաբույժի խորհրդատվություն:

2022 թվականի հունիսի 14-ին ՊՈԱԿ-ում ուսումնասիրվել են Գ. Ս․-ի բժշկական փաստաթղթերը, որի արդյունքում նույն օրը թույլատրվել է վերջինիս տեղափոխել առողջապահական մարմինների բժշկական հաստատություն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում ողնաշարի ՄՌՏ հետազոտության համար:

2022 թվականի հունիսի 20-ին Գ․ Ս․-ը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն՝ առողջական վիճակը գնահատելու համար: Հետազոտության արդյունքում խորհուրդ է տրվել ստացիոնար բուժում, որի համար վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է վիրաբույժի, սրտաբանի, նեյրովիրաբույժի խորհրդատվություններ, արյան բիոքիմիական և ընդհանուր հետազոտություններ, սոնոգրաֆիկ հետազոտություն: Գ. Ս․-ը նեյրովիրաբույժի ցուցումով պետք է կատարեր ողնաշարի ՄՌՏ հետազոտություն, որից սակայն ազատազրկված անձը հրաժարվել է: Գ. Ս․-ը հրաժարվել է նաև առաջարկված ստացիոնար բուժումից, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:

2022 թվականի հունիսի 30-ին Գ. Ս․-ը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը, որի կապակցությամբ տեղափոխվել է Ստորաբաժանում՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով:

2022 թվականի օգոստոսի 1-ին Գ. Ս․-ը տեղափոխվել է «ՄԻԲՍ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է ողնաշարի ՄՌՏ հետազոտության: Հետազոտության արդյունքում արձանագրվել է՝ «Ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների և ստաստիկայի խանգարման ՄՌ պատկեր: Th3/Th4, L5/S1 սկավառակների ճողվածքներ: Ողնուղեղային խողովակի ոչ արտահայտված լայնացում կրծքային հատվածում: Th4, Th5 և Th10 ողերի հեմանգիոմաներ»:

Ըստ Գ. Ս․-ի անհատական քարտի տվյալների՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին կատարվել է անհատական ընդունելություն, որի ժամանակ Գ. Ս․-ի հետ տարվել է խորհրդատվական և բացատրական աշխատանք, մասնավորապես՝ վերջինիս բացատրվել է բժշկասոցիալական վերափորձաքննության կարգը:

Անդրադառնալով պատժախցերի պայմաններին՝ նախարարությունից տեղեկացրել են, որ Հիմնարկի պատժախցերի մասնաշենքի արտաքին ջրահեռացման ցանցն այցի իրականացման ժամանակահատվածում եղել է վթարված, որի հետևանքով պատժախցի սանհանգույցի պատերը եղել են խոնավ, սակայն կատարվել են վթարավերականգնողական աշխատանքներ և ներկայումս ջրահեռացման ցանցը գործում է անխափան:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search