Հացադուլի պատճառը բժշկական փորձաքննական որոշումն է, որով ազատազրկված անձն այլևս հաշմանդամ չի ճանաչվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող ազատազրկված անձ Գ. Մ.-ի հետ և տեղեկացել, որ վերջինիս հացադուլի պատճառը բժշկական փորձաքննական որոշումն է, որով իրեն հաշմանդամ չեն ճանաչել։ Մինչ այդ, նա ունեցել է 3-րդ կարգի հաշմանդամություն, և ամենամյա փորձաքննության արդյունքում՝ 22․09․2022թ․-ին ստանալով բժշկասոցիալական փորձաքննական որոշումը, տեղեկացել է, որ իրեն հաշմանդամության կարգից զրկել են։ Նշվածից բացի, Գ. Մ.-ը դիտորդներին հայտնել է, որ ընթացիկ տարվա հաշմանդամության թոշակը չստանալու կապակցությամբ գումարը վերադարձվել է պետ․բյուջե։ Այդ տեղեկատվությունը նրա հարազատներին հայտնել են բանկից։

Խումբը վերոգրյալի հիման վրա դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով Գ. Մ.-ին պարզաբանել բժշկական հանձնաժողովի որոշման բողոքարկման կարգն ու պայմանները, ինչպես նաև աջակցել ստանալու հաշմանդամության թոշակը։

ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գ․ Մ․-ը բժշկասոցիալական փորձաքննության 2021 թվականի հունիսի 20-ի N 1403635 որոշմամբ ճանաչվել է երրորդ խմբի հաշմանդամ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը:

2022 թվականի մայիսի 23-ին վերջինիս դիմումի հիման վրա միջնորդություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության միասնական սոցիալական ծառայության պետին՝ հաշմանդամության խմբի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ վերափորձաքննություն նշանակելու նպատակով, սակայն 2022 թվականի սեպտեմբերի 20-ին ստացվել է Գ. Մ․-ին հաշմանդամ չճանաչելու վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննության (այսուհետ՝ ԲՍՓ) որոշումը:

 

Ի դեպ, Գ. Մ․-ի հետ կատարված անհատական ընդունելության ընթացքում բացատրվել է ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման կարգը, և 2022 թվականի սեպտեմբերի 30-ին վերջինս դիմել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետին՝ ԲՍՓ որոշումը վերադասության կարգով վերանայելու խնդրանքով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել:

Անդրադառնալով Գ. Մ․-ի ընթացիկ տարվա հաշմանդամության թոշակի չստանալուն և գումարը պետական բյուջե վերադարձնելուն` նախարարությունը տեղեկացրել է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի՝ «Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգի» 21-րդ կետը, համաձայն որի՝ «(...) Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով: Չվճարված կենսաթոշակի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա տասներկու ամսվա կենսաթոշակի գումար՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:(...)», 2021 թվականի դեկտեմբերի 9-ին հաշմանդամության թոշակը ստանալու նպատակով Գ. Մ․-ի կողմից քաղաքացի Ա. Մ․-ին տրված լիազորագիրը՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի գրությամբ ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դիրքորոշում ստանալու նպատակով:

Խնդրո առարկայի վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հունվարի 21-ի գրությամբ ստացվել է դրական պատասխան:

2022 թվականի փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի կողմից վերոհիշյալ լիազորագիրը վավերացվել և 2022 թվականի փետրվարի 4-ին տրամադրվել է քաղաքացի Ա. Մ․-ին:

Միևնույն ժամանակ արձանագրել է, որ նույն հարցի վերաբերյալ, նույն գործընթացով 2022 թվականի հունիսի 27-ին քաղաքացի Ա. Մ․-ին տրամադրվել է ևս մեկ լիազորագիր:

Նաև նշել է, որ Գ. Մ․-ը 2022 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարել է հացադուլ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին դադարեցրել է հացադուլը:

Ի լրումն վերոգրյալի՝ նաև հայտնել է, որ ազատազրկված անձանց հաշմանդամության խմբի տրամադրումը, ինչպես նաև վերափորձաքննությունը դուրս է Հայաստանի Հանրապետության արադարադատության նախարարության լիազորությունների շրջանակից:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search