Ազատազրկված անձը գանգատվում է՝ ցուցված է ուլտրաձայնային հետազոտություն, սակայն մինչ հանդիպման պահը այն չի կազմակերպվել

Ազատազրկված անձ Մ․Մ․-ի շագանակագեղձի շրջանում ուռուցք է հայտնաբերվել: Վերջինս դիմել է բուժմասին, բժիշկը ցուցում է տվել մաշկաբանի խորհրդատվություն: Այնուհետև իրեն զննել է վիրաբույժը, ով ցուցում է տվել անձին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և կատարել ուլտրաձայնային հետազոտություն: Սակայն մինչև օրս հետազոտությունը չի կազմակերպվել։

Այս մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներին (այսուհետ՝ Խումբ) վերջիններիս ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ հայտնել է ազատազրկված Մ․Մ․-ն՝ նաև նշելով, որ ցավեր ունի։ Այդ ցավերն անցել են ոտքերին, և դժվարությամբ է քայլում: Նրա պնդմամբ՝ բուժմասից տեղեկացրել են, որ նշված է հետազոտության օրը, սակայն վստահ չէ՝ կտանեն, թե ոչ:

Խմբի անդամները հիշյալ հարցերի վերաբերյալ փորձել են տեղեկատվություն ստանալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» Արմավիրի ստորաբաժանման աշխատակիցներից, սակայն գործավարը հայտնել է, որ բոլորը գտնվում են արձակուրդում:

Վերոգրյալի հիման վրա Խումբը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով հետամուտ լինել, որպեսզի Մ․ Մ․-ը ենթարկվի հետազոտության։

 

ՀՀ արդարադատության նախարարությունը, հիմքում ունենալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալները, պատասխան գրությամբ հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Մ․ Ա․ Մ․-ը զննվել է բժշկի կողմից, որի արդյունքում ախտորոշվել է՝ «Օրգանական էմոցիոնալ-անկայուն խանգարում: Հետկոնտուզիոն համախտանիշ: Էնցեֆալոպատիա: Լյարդի աջ բլթի հեմանգիոմա: Ձախ երիկամի կիստա: Շագանակագեղձի ադենոմա: Թեթև աստիճանի հիպերմետրոպիա», նշանակվել է փոշտի շրջանի և ամորձիների սոնոգրաֆիկ հետազոտություն:

2022 թվականի սեպտեմբերի 15-ին «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնում կատարվել է Մ. Մ․-ին ցուցված փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտությունը, որի եզրակացության համաձայն արձանագրվել է՝ «Հեպատիտի, լյարդի հեմանգիոմայի, ձախ երիկամի կիստայի, քրոնիկական պրոստատիտի ՈւԶ-ի պատկեր»:

2022 թվականի սեպտեմբերի 29-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կատարվել է Մ. Մ.-ի մակամորձու ուլտրաձայնային հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է՝ «Մակամորձու կիստաներ»:

Նաև հայտնել է, որ կատարված հետազոտությունների արդյունքում կորոշվի Մ. Մ.-ի վիրահատության անհրաժեշտությունը և կատարման մոտեցումները:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search