Ազատազրկված անձը հայտարարել է հացադուլ՝ պահանջելով ցուցված բուժումը իրականացնել ստացիոնար պայմաններում

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող ազատազրկված անձ Հ. Վ.-ն ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ունի միզասեռական համակարգի հետ կապված խնդիր, իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և բուժումը կազմակերպելու վերաբերյալ բժշկական ցուցում կա, սակայն պատշաճ բուժում ՔԿՀ-ում չի ստանում: Ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու պատճառով հացադուլ էր հայտարարել: Հացադուլի նպատակը, ըստ ազատազրկված անձի, քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելն ու վիրահատության ենթարկվելն է:

Վերոգրյալի հիման վրա Խումբը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով քննարկել Հ․ Վ․-ին հնարավորինս արագ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և անհրաժեշտ բուժումը կազմակերպելու հարցը։

ՀՀ արդարադատության նախարարությունը, հիմքում ունենալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալները, պատասխան գրությամբ հայտնել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ․ Ժ․ Վ․-ը՝ «Միզուկի ստրիկտուրա: Ստորին միզուղիների ինֆեկցիա: Միզաքարային հիվանդություն: Ձախ երիկամի ավազանի քար: Զարկերակային հիպերտենզիա, 2-րդ աստ., ծանր ընթացք: Արյան շրջանառության անբավարարություն, ՖԴ 1: Շաքարային դիաբետ 2-րդ տիպ, ինսուլինապահանջ ձև» ախտորոշմամբ գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ:

 

2022 թվականի օգոստոսի 23-31-ն ընկած ժամանակահատվածում նա հետհացադուլային վերականգնողական բուժման նպատակով գտնվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում, որտեղից դուրս է գրվել բավարար առողջական վիճակով:

2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում միզուղիների հետ կապված առողջական վիճակով պայմանավորված՝ վերջինս ստացիոնար պայմաններում ախտորոշման ճշտման և բուժման ռազմավարությունը որոշելու և անհրաժեշտության դեպքում նաև բուժման նպատակով գտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել է իր և վերջինիս կնոջ գրավոր համաձայնությամբ: Գրավոր դիմումում Հ. Վ․-ի կինը պատրաստակամություն է հայտնել հաշվի նստել բժշկական կենտրոնի կողմից տրված ցանկացած եզրակացության, խորհրդի կամ ցուցումի հետ:

Ըստ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի դուրս գրման էպիկրիզի՝ Հ. Վ․-ի մոտ ախտորոշվել է՝ «Միզուկի ստրիկտուրա: Ստորին միզուղիների ինֆեկցիա: Միզաքարային հիվանդություն: Ձախ երիկամի ավազանի քար: Զարկերակային հիպերտենզիա, 2-րդ աստ., ծանր ընթացք: Արյան շրջանառության անբավարարություն, ՖԴ 1: Շաքարային դիաբետ 2-րդ տիպ, ինսուլինապահանջ ձև»: Նշված կենտրոնում ցուցվել է հակաբորբոքային բուժման կուրս՝ ամբուլատոր պայմաններում, որից հետո պլանային կարգով ուրեթրոգրաֆիա և վիրահատական ծավալի որոշում, ՄՍԿՏ՝ ն/ե կոնտրաստավորմամբ և ձախ երիկամի ավազանի քարի բուժման հետագա տակտիկայի որոշում: Հիվանդը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից բավարար առողջական վիճակով՝ համապատասխան խորհուրդներով:

2022 թվականի սեպտեմբերի 5-ին Հ. Վ․-ը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց անմիջապես հետո հայտարարել է հացադուլ՝ հրաժարվելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգի կողմից ցուցված դեղորայքային բուժումից (նշվածի վերաբերյալ առկա են բուժանձնակազմի կողմից կազմված արձանագրությունները և ազատազրկված անձի հրաժարականը)՝ պահանջելով ցուցված բուժումը իրականացնել ստացիոնար պայմաններում:

2022 թվականի սեպտեմբերի 23-ին հացադուլի մեջ գտնվելու ընթացքում, հացադուլով պայմանավորված վիճակի գնահատման նպատակով, Հ. Վ․-ին ցուցվել են լաբորատոր հետազոտություններ, սակայն վերջինս հրաժարվել է, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան զեկուցագիր:

2022 թվականի սեպտեմբերի 27-ին Հ. Վ․-ը «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնում ենթարկվել է արյան կլինիկական և բիոքիմիական հետազոտության, որի եզրակացության համաձայն ազատազրկված անձի մոտ պաթոլոգիկ շեղումներ չեն արձանագրվել:

2022 թվականի սեպտեմբերի 30-ին Հ. Վ․-ը առողջական վիճակի գնահատման նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ կատարված խորհրդատվության արդյունքում ախտորոշվել է՝ «Միզուղիների բորբոքում: Երիկամաքարային հիվանդություն: Զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստ.», խորհուրդ է տրվել անցկացնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից նշանակված բուժումը, իսկ բուժման ավարտից հետո կատարել ուրոլոգի խորհրդատվություն: Ցուցվել է դինամիկ հսկողություն: Ստացիոնար բուժման ցուցում չի տրվել:

2022 թվականի հոկտեմբերի 4-ին Հ. Վ․-ը, հացադուլով պայմանավորված, առողջական վիճակի գնահատման նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ», այնուհետև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ: Նշված բժշկական կենտրոններում կատարված հետազոտությունների և նեղ մասնագետների զննության արդյունքում տրված տեղեկանքների համաձայն՝ վերջինիս շտապ հոսպիտալիզացիայի ցուցում չի տրվել:

2022 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ Հ․Վ․-ն գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական հաստատությունում` բուժման և հսկողության նպատակով:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search