Ազատազրկված անձը պնդում է, թե իրեն ժամկետանց դեղորայք են ներարկել, ինչի հետևանքով առողջական խնդիրներ են առաջացել

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել ազատազրկված անձ Ռ․Ս․-ի հետ, որը Դիտորդներին հայտնել է, թե 02.09.2022 թ. բուժմասում իրեն ներարկել են ժամկետանց դեղորայք՝ «Դիկլոֆենակ», ինչի արդյունքում ձեռքը ցավում է: Ժամկետանց դեղորայքի ներարկման արդյուքնում նաև սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Վերջինս նաև տեղեկացրել է, որ այդ ժամկետանց դեղորայքի սրվակը վերցրել է և որպես ապացույց ուղարկել դատախազություն՝ միաժամանակ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին:

Խումբը վերոգրյալի հիման վրա դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով անցկացնել ներքին քննություն՝ պարզելու համար հնարավոր ժամկետանց դեղորայք կիրառելու փաստը և հաստատվելու դեպքում մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության։

Ի պատասխան այս գրության և հիմքում ունենալով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալները՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ըստ Ստորաբաժանման փաստաթղթաշրջանառության՝ Ռ․ Ս․-ին «Դիկլոֆենակ» տեսակի դեղորայք է ներարկվել 2022 թվականի օգոստոսի 31-ին՝ «դիկլոֆենակ+անալգին+դեքսամետազոն+վիտամինB12» փնջով: Ներարկման փաստն արձանագրվել է վերջինիս նշանակման թերթիկում՝ ստորագրությամբ:

 

2022 թվականի սեպտեմբերի 2-ին Ռ. Ս․-ին «Դիկլոֆենակ» ներարկելու վերաբերյալ գիշերային հերթափոխի բուժանձնակազմի կողմից համապատասխան մատյանում (հավելված 14) որևէ գրառում կամ արձանագրություն առկա չէ: Ստորաբաժանման հերթապահ բժշկական անձնակազմի բանավոր հարցման հիմքով, ըստ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ենթադրվում է, որ Ռ. Ս․-ի մոտ առկա «Դիկլոֆենակ»-ի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի ժամկետի ավարտով դատարկ սրվակը վերջինս հնարավոր է, որ աննկատ վերցրել է 2022 թվականի օգոստոսի 31-ին, երբ հերթապահ բուժքույրը հավաքել է վերոնշյալ դեղերի փունջը։Այն իբրև ներարկված ժամկետանց դեղորայք, որպես իրեղեն ապացույց, մի քանի օր անց տրամադրել է դատախազությանը՝ նպատակ ունենալով 2022 թվականի սեպտեմբերի 2-ին սպասարկող անձնակազմին ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու մեջ մեղադրել, քանի որ, վերջիներիս պնդմամբ, այդ օրը ազատազրկվածի հետ ունեցել են տարաձայնություն՝ «Դիկլոֆենակ» ներարկելու պահանջի շուրջ, որը չի բավարարվել՝ մասնաշենքը սպասարկող բժշկի ցուցման բացակայության հիմքով:

Նախարարությունից նաև հավելել են, որ վերոնշյալ դեպքով ծառայողական քննություն նշանակելու անհրաժեշտության հարցը կքննարկվի հետագայում՝ ելնելով դատախազության կողմից համապատասխան դատավարական ընթացակարգի ավարտի արդյունքներից:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search