Կանխվել է ինքնասպանության փորձ․ կալանավորված անձը գանգատվում է, որ իր առողջական վիճակին պատշաճ ուշադրություն չի դարձվում

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող կալանավորված անձ Կ․ Հ-ը, իր առողջական վիճակին պատշաճ ուշադրություն չդարձնելու գանգատով, դիմել է ինքնասպանության փորձի, ինչը կանխվել է։ Վերջինս ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներին (այսուհետ՝ Խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ հայտնել է, որ ծայրահեղ վիճակում է՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, տեղաշարժվում է սայլակով, գտնվում է Արմավիր ՔԿՀ բուժմասում։ Ընդունում է մեծ քանակությամբ դեղորայք, ստանում է ներարկումներ՝ բարձր ճնշման դեմ, երակներն արդեն չեն դիմանում այդ ներարկումներին (բազուկները կապտած էին)։ Կ․ Հ-ը հայտնել է նաև, որ իրեն պետք է ԿՎԴ իմպլանտացիա անեն, մասնավոր բժշկական կենտրոնի հետ կա բանավոր պայմանավորվածություն, սակայն Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ը չի տալիս իր համաձայնությունը։ Կ․Հ-ը գտնում է, որ իր հիվանդությունները խոչընդոտում են կալանքը կրելուն և ցանկանում է, որ Բժշկական հանձնաժողովը քննարկման առարկա դարձնի հիշյալ հարցը։

Խմբի անդամները խնդիրը քննարկել են նաև Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման ղեկավարի հետ, որը հաստատել է, որ Կ․ Հ-ի վիճակը ծանր է, բայց միևնուն ժամանակ նշել է, որ վերջինս գտնվում է ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման անձնակազմի խիստ դինամիկ հսկողության տակ, արձանագրվում է ամենօրյա զարկերակային ճնշումը և արձանագրվում է բարձր ցուցանիշներով տատանում։ Անձը ստանում է դեղորայքային բուժում։

 

ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման ղեկավարը հավելել է նաև, որ 20․05․2022 թ․-ին կատարած ինքնասպանության փորձի կապակցությամբ կալանավորը զննվել է հոգեբույժի կողմից, որն արձանագրել է հոգեպես առողջ վիճակ։ Ինչ վերաբերում է ԿՎԴ իմպլանտացիային, ապա վերջին՝ 07․04․2022 թ․-ին Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտում կատարված հետազոտության համաձայն՝ հիվանդը ԿՎԴ իմպլանտացիայի ցուցում չունի։ Նշանակվել է դեղորայքային բուժում։ Սակայն նույն թվով /1183 Հ/Պ/ մեկ այլ տեղեկանքով՝ Կ․ Հ-ին, բացի դեղորայքային բուժումից, խորհուրդ է տրվել նաև ԿՎԴ իմպլանտացիա։

Կ․Հ-ը ԿՎԴ իմպլանտացիայի նպատակով 20․04․2022 թ․ տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որտեղ խորհուրդ է տրվել առողջական վիճակի հսկողություն, դեղորայքային բուժում և նշվել է, որ հիվանդը չունի ԿՎԴ իմպլանտացիայի ցուցում։

Դիտորդների խումբը, վերոգրյալի հիման վրա, թեև արձանագրել է, որ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել են որոշ ջանքեր Կ․ Հ-ի առողջական վիճակի ուսումնասիրության և բուժման նպատակով, սակայն գործադրված ջանքերը չեն տվել ցանկալի արդյունք, և կալանավորված անձի առողջական վիճակը գնալով վատթարանում է (Խումբը նշված անձի առողջական վիճակի վերաբերյալ նախկինում նույնպես ներկայացրել է իր մտահոգությունները)։

Ուստի նշվածի կապակցությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով հետամուտ լինել, որպեսզի Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի և համապատասխան մասնագետների հետ քննարկվի Կ․Հ-ի հետագա բուժման անհրաժեշտությունն ու ռազմավարությունը և քննարկել Կ․ Հ-ի հիվանդությունների՝ կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին համապատասխանությունը՝ իրենց համակցությամբ՝ համաձայն ՀՀ կառավարության 2006թ․մայիսի 26-ի N 825-Նորոշման։

Ի պատասխան 2022 թվականի հունիսի 1-ին ՀՀ արդարադատության նախարարություն ստացված թիվ 22-35 վերոգրյալ գրության՝ նախարարությունից հայտնել են, որ Կ. Հ-ը բազմիցս տարատեսակ հետազոտությունների և նեղ մասնագետների խորհրդատվությունների է ենթարկվել առողջապահական մարմինների բուժական հաստատություններում: Վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրվել են իրարամերժ և իրար հակասող բժշկական ախտորոշումներ և բժշկական ցուցումներ, որոնց կապակցությամբ ՊՈԱԿ-ի վարչակազմը նույնպես ձեռնարկել է համապատասխան քայլեր։ Մասնավորապես՝ Կ. Հ-ի մոտ առկա հիվանդությունների ախտորոշման և դրանց համապատասխան բուժում տրամադրելու նպատակով ՊՈԱԿ-ի վարչակազմի կողմից 2022 թվականի ապրիլի 4-ին թույլատրվել է Կ. Հ-ին տեղափոխել ՀՀ առողջապահական մարմինների բժշկական հաստատություն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ուղեգրով հոլտեր մոնիտորինգ հետազոտության համար, որը կատարվել է 2022 թվականի ապրիլի 7-ին «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կանխարգելիչ սրտաբանության բաժանմունքում (այսուհետ` Սրտաբանության բաժանմունք):

Հատկանշական է այն, որ Սրտաբանության բաժանմունքում հետազոտություն իրականացնելուց հետո, հենց նույն օրը, այսինքն` 2022 թվականի ապրիլի 8-ին, նույն հետազոտության շրջանակներում, Սրտաբանության բաժանմունքի համապատասխան մասնագետների կողմից Կ. Հ-ի առողջական վիճակի և վերջինիս նկատմամբ բժշկական միջամտություն իրականացնելու վերաբերյալ, անհասկանալի պատճառներով, տրվել են 2 իրար հակասող տեղեկանքներ, որոնցից մեկում (եզրակացության վերջին մասում, ներքևի հատվածում) նշվել է «ԿՎԴ իմպլանտացիա ցուցում» (այսինքն` անհրաժեշտ է իրականացնել բժշկական միջամտություն), իսկ մյուսում չի նշվել «ԿՎԴ իմպլանտացիայի» անհրաժեշտությունը ։

Այնուամենայնիվ, ՊՈԱԿ-ի վարչակազմը հիմք ընդունելով Սրտաբանության բաժանմունքում իրականացված հետազոտության արդյունքները և այն, որ Սրտաբանության բաժանմունքի համապատասխան մասնագետների կողմից ցուցված է Կ. Հ․-ին իրականացնել «ԿՎԴ իմպլանտացիա», 2022 թվականի ապրիլի 20-ին վերջինս տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար հետազոտությունների և անհրաժեշտության դեպքում նաև «ԿՎԴ իմպլանտացիայի» նպատակով:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում խորհուրդ է տրվել Կ. Հ․-ի առողջական վիճակի հսկողություն, դեղորայքային բուժում և նշվել է, որ հիվանդը «ԿՎԴ իմպլանտացիայի» ցուցում չունի:

Հաշվի առնելով վերը նշված իրարամերժ և իրար հակասող բժշկական եզրակացությունները՝ 2022 թվականի մայիսի 3-ին ՊՈԱԿ-ի վարչակազմը գրավոր դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն և ներկայացրել իրավիճակը։

ՊՈԱԿ-ի վարչակազմի վերը նշված գրությունը ՀՀ առողջապահության նախարարությունից վերահասցեագրվել է սրտաբանության գծով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատու Համլետ Հայրապետյանին, որը, ծանոթանալով  ներկայացված փաստաթղթերին, ԿՎԴ իմպլանտացիայի հիմնավորում չի տեսել։ Եվ նշել է, որ անհրաժեշտ է շարունակել դեղորայքային բուժումը:

Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով գլխավոր խորհրդատու Համլետ Հայրապետյանի և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքները, շարունակվում է քրեակատարողական հիմնարկի պայմաններում իրականացվել Կ. Հ-ին նշանակված դեղորայքային բուժումը:

Հարկ է նշել նաև, որ Կ. Հ-ի առողջական վիճակի վերաբերյալ վերը նշված իրարամերժ և սխալ հետազոտությունների իրականացման փաստի կապակցությամբ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով ՊՈԱԿ-ի վարչակազմը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ինչի մասին տեղեկացված է նաև Կ. Հ-ը։

Ինչ վերաբերվում է Կ. Հ-ի բուժումը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պայմաններում ստացիոնար կարգով կազմակերպելու հարցին՝ նախարարությունից արձանագրել են, որ Կ. Հ-ի առողջական վիճակով պայմանավորված ՊՈԱԿ-ի վարչակազմի կողմից բազմիցս քայլեր են ձեռնարկվել վերջինիս ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և բուժումը ստացիոնար պայմաններում շարունակելու ուղղությամբ, սակայն, Կ. Հ-ը յուրաքանչյուր անգամ հրաժարվել է բուժումը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պայմաններում ստանալուց, ինչի վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:

Անդրադառնալով Կ. Հ-ի ախտորոշումների՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված որպես խափանման միջոց ընտրված կալանքը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկին համապատասխանելիության հարցին՝ նախարարությունից նշել են, որ այդ հարցի որոշումը ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բացառիկ իրավասությունն է:

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search