Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2022 թ. մայիսի 3-ին հրապարակել է Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Հիշյալ վճռով Դատարանը բավարարել էր Վոլոդյա Ավետիսյանի դիմումը՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտում։
Դիմումը մասնավորապես վերաբերում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությանը։ Դիմումատուն 2013 թ. սեպտեմբերի 23-ից մինչև 2015 թ. մարտի 11-ը գտնվել է նախնական կալանքի տակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղից տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ և հայցը ներկայացնելու պահին (2015 թվականի հուլիսի 31) գտնվել է այնտեղ։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ժամանակ խուցը, որում պահվել է դիմումատուն, գտնվել է գերբնակեցված և չի ապահովվել բնակելի տարածության նվազագույն չափը` 3 քմ։ Ըստ դիմումատուի պնդման՝ խուցը եղել է մոտավորապես 15-20 քառ. մ․, որում պահվել է 7-10 մարդ, երբեմն 12 մարդ: Այսինքն՝ Վ. Ավետիսյանն ունեցել է 3 քմ-ից պակաս բնակելի տարածք, որը տարբեր ժամանակահատվածներում կազմել է 1.5-ից մինչև 2.7 քմ: Գերբնակեցման պատճառով բանտարկյալները նույնիսկ ստիպված են եղել հերթով քնել: Խցի մակերեսի չափսերի վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուին տրամադրել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաշվի է առնվել։ Բանտում նաև չի եղել կենտրոնական օդափոխության համակարգ, խցերն օդափոխվել են պատուհանների և օդափոխիչների միջոցով: Ջեռուցման համակարգի բացակայության պարագայում խցերը ջեռուցվել են էլեկտրական սալիկների միջոցով։ Բանտում անընդհատ գարշհոտ է տիրել։ Դիմումատուն կալանքի ողջ ժամանակահատվածն անցկացրել է խցում՝ բացառությամբ դրսում օրական մեկ ժամյա զբոսանքի և իր մասնակցությամբ քննչական գործողությունների։ Խցակիցներից ոմանք խցերում ծխել են։ Խցերում հաճախ նկատվել են ոջիլներ, ուտիճներ և այլ միջատներ, սակայն բանտի ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկել դրանք վերացնելու համար։
2015 թ. հունվարին Վոլոդյա Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, ավելի ուշ՝ նաև վերաքննիչ դատարան՝ հայտնելով, որ 23.09.2013 թ.-ից գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում և խնդրել ճանաչել իր նկատմամբ դրսևորված անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստը, վերացնել խախտված իրավունքը և փոխհատուցել խախտված իրավունքի համար:
Ներպետական դատարաններում հաջողության չհասնելով՝ դիմել է ՄԻԵԴ: Ի դեպ թե´ ներպետական դատարաններում, թե´ ՄԻԵԴ-ում Վոլոդյա Ավետիսյանի իրավունքները պաշտպանել է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է Վոլոդյա Ավետիսյանին փոխհատուցել 3900 եվրո՝ որպես ոչ նյութական վնաս։