ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2022 թ․ ապրիլի 7-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ տեսակցել են դատապարտյալներ Գ. Մ.-ին և Ա․ Ու․-ին։
Խմբի անդամներին Գ. Մ.-ը տեղեկացրել է, որ ունի առողջական մի շարք խնդիրներ՝ էպիլեպսիա, էպիդոզային գեներալիզացիա, ոտքերում տրոմբ, վարիկոզ, վարիկոցել և հոգեկան առողջության հետ կապված բազում խնդիրներ։ 2022 թ.-ի մարտի 18-ին ունեցել է նոպաներ, որի համար ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ստացել է բուժում։ Շուրջ մեկ ամիս է, ինչ դեղորայք չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ իր վիճակը լավ է, դեղորայքի կարիք չկա, սակայն ինքն իրեն լավ չի զգում և դեղորայք ընդունելու կարիք ունի։ Ունի նաև վարիկոզի և տրոմբի հետ կապված խնդիրներ, սակայն որևէ հետազոտություն չի անցել և բուժում չի ստացել։
Դիտորդները խնդիրները քննարկել են Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանման աշխատակիցների և ղեկավարի հետ և տեղեկացել, որ հոգեբույժը զննել է Գ․ Մ.-ին և գտել, որ անձը այլևս կարիք չունի բուժման, իսկ անձի այդ պահվածքը պայմանավորված է իր հոգեվիճակով և պահման ռեժիմով։ Ինչ վերաբերում է վարիկոզ հիվանդությանը՝ ստորաբաժանման աշխատակիցները դրա վերաբերյալ անձի բժշկական փաստաթղթերում ոչ մի նշում չեն գտել, սակայն խոստացել են, որ կկազմակերպեն Գ. Մ.-ի բժշկական հետազոտությունը։
Ա․ Ու․-ը Խմբի անդամներին հայտնել է, որ խցում գտնվում են 4 հոգով, որոնցից մեկի՝ Մ․ Պ․-ի հետ մշտապես ունենում են խնդիրներ (Մ․ Պ․-ի հետ ունեցած խնդիրների մասին բարձրաձայնել է նաև նույն խցի այլ ազատազրկված անձ), ինչը պայմանավորված է Ա․ Ու․-ի գենդերային ինքությամբ (նշված անձինք գտնվում են նույնասեռական անձանց պահման համար նախատեսված խցում)։ Իրենց խցակիցը պարբերաբար ատելության կոչեր է հնչեցնում Ա․ Ու․-ի հասցեին, ծաղրում է, հեգնում, իսկ մասնաշենքում վերոնշյալ անձանց վերաբերյալ խոսակցություններ է տարածում, ինչով ոտնահարում է խցակիցների արժանապատվությունը և խնդիրներ ստեղծում մասնաշենքում գտնվող այլ ազատազրկված անձանց հետ։ Բացի դրանից, Մ․ Պ․-ը չի պահպանում հիգիենայի կանոնները։ Վերջինս մի քանի անգամ դիմել է վարչակազմին՝ Մ․ Պ․-ին այլ խուց տեղափոխելու կամ իրեն առանձնացնելու համար՝ թշնամության հիմքով, սակայն մերժել են՝ հորդորելով ևս մեկ ամիս սպասել, քանի որ Մ․ Պ․-ի վճիռը կայացված է, և նա պետք է տեղափոխվի։
Ա․ Ու․-ը նաև հայտնել է, որ շուրջ մեկ տարի առաջ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս հետազոտվել է ՄԻԱՎ-ի նկատմամբ արագ թեստով, սակայն իրեն այդպես էլ պատասխանը չեն ասել։ Երկու շաբաթ առաջ էլ արյան ընդհանուր հետազոտություն է անցել, սակայն մինչ օրս դրա պատասխանը նույնպես չեն հայտնել։
Խմբի անդամները հարցը քննարկել են Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանման աշխատակցի հետ։ Վերջինս հայտնել է, որ եթե հետազոտությունների արդյունքում անձի մոտ որևէ լուրջ բան չի հայտնաբերվում, կարիք չեն գտնում անձին տեղեկացնելու։ Մինչդեռ Ա․ Ու․-ի արյան հետազոտությունների արդյունքում բժշկական քարտի մեջ նշված էր, որ բուժում է նշանակված, սակայն անձը այդ մասին տեղյակ չէր։
Դիտորդները վերոգրյալի հիման վրա առաջարկել են կազմակերպել Գ. Մ.-ի հետազոտումն այլ հոգեբույժի կողմից, հետամուտ լինել վերջինիս պատշաճ բժշկական հետազոտությունը և բուժումը կազմակերպելու հարցում։ Նաև անվտանգությունից և հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու նպատակով քննարկել Մ․ Պ․-ին այլ խուց տեղափոխելու հարցը, և Ա․ Ու․-ին տեղեկացնել իր բժշկական հետազոտությունների արդյունքների մասին։
Որպես ընդհանուր խնդիր՝ Դիտորդներն առաջարկել են Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանման աշխատակիցներին պարզաբանել ազատազրկված անձանց բժշկական հետազոտության արդյունքների մասին իրազեկման անհրաժեշտությունը՝ անկախ արդյունքներից։
Վերջին շրջանում Խումբը բազմիցս բողոքներ է ստացել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ։ Կարճ ժամանակահատվածում առողջության հետ կապված բազմաթիվ ահազանգերը և Խմբի ուսումնասիրությունները հիմք են հանդիսանում եզրահանգելու, որ Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանումը թերանում է իր աշխատանքում։ Հետևաբար Խումբը հորդորում է հատուկ ուշադրություն դարձնել Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանման աշխատանքները կանոնակարգելու և վերանայելու ուղղությամբ։
Ի դեպ Խմբի անդամները այցի ընթացքում արձանագրել են, որ հիմնարկի քննչական սենյակներից դուրս նայող բակային տարածքը ամբողջությամբ աղտոտված է սննդի պլաստմասե տարաներով և հացի մնացորդներով։ Դիտորդների պնդմամբ՝ տարածքը վերածվել է աղբավայրի, բնապահպանական նորմերը լիովին խախտված են։ Ենթադրելի է, որ տվյալ տարածքը տաք եղանակի ընթացքում կպատվի նաև գարշահոտով։
Ի պատասխան Խմբի 18.04.2022թ. թիվ 22-32 գրության՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Գ․ Վ․ Մ․-ը 25.03.2020 թ.-ից «Հետտրավմատիկ էպիլեպսիա հաճախակի էպիզոդային գեներալիզացիա, տոնիկ-կլոնիկ նոպաներով, անձի և վարքի խանգարումներով» ախտորոշմամբ գտնվում է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ, մի քանի անգամ բուժվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
17.02.2022 թ.-ին Գ. Մ․-ը դինամիկ հսկողության շրջանակներում հերթական անգամ զննվել է հոգեբույժի կողմից, որի արդյունքում ախտորոշվել է՝ «Հետտրավմատիկ էնցեֆալոպաթիա, ցնցումային սինդրոմով»: Զննման պահին արձանագրվել է, որ դատապարտյալը ստացիոնար բուժման կարիք չունի, նշանակվել է ամբուլատոր դեղորայքային բուժում:
11.03.2022 թ.-ին նյարդաբանի կողմից նկարագրվել են Գ. Մ․-ի ցնցումային նոպաներ, որոնք դեղորայքային միջամտությունից հետո անցել են: Դատապարտյալը տեղափոխվել է բժշկական մասնաշենքի խցային հատված՝ հսկողություն սահմանելու համար:
18.03.2022 թ.-ին Գ. Մ․-ը կրկին զննվել է հոգեբույժի կողմից, ով, գնահատելով դատապարտյալի հոգեկան վիճակը, վերջին օրերին կրկնվող ցնցումները ախտորոշել է՝ «Հետտրավմատիկ էնցեֆալոպատիա, ցնցումային նոպաներով», ցուցել է ստացիոնար բուժում ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: 18.03.2022 թ.-ին դատապարտյալը հոգեբույժի ցուցումով տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղից դուրս է գրվել 22.03.2022 թ.-ին՝ իր դիմումի համաձայն։ Ըստ տրամադրված էպիկրիզի՝ բաժանմունքում գտնվելիս Գ. Մ․-ի վարքը եղել է հանգիստ, կանոնավոր, հոգեկան վիճակը՝ բավարար:
ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս Գ. Մ․-ը պահանջ է ներկայացրել տեղափոխել իրեն բժշկական մասնաշենք, սակայն հիմքերի բացակայության պատճառով վերջինիս պահանջը չի բավարարվել:
19.04.2022 թ. դրությամբ Գ. Մ․-ը գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» բժշկական ստորաբաժանման անձնակազմի դինամիկ հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ստանում է համապատասխան բժշկական օգնություն: Գ. Մ․-ը 19.04.2022 թ. դրությամբ ստացիոնար բուժման կամ այլ հոգեբույժի զննության կարիք չունի:
Կալանավորված անձ Ա․ Ա․ Ու․-ը, մուտք է գործել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 25.03.2022 թ.-ին, առաջնային բժշկական զննման ժամանակ գանգատներ չի նշել:
31.03.2021 թ.-ին Ա․ Ու․-ը ենթարկվել է HCV և HIV արագ թեստավորման, որոնց պատասխանը եղել է բացասական: Նախարարությունից ընդգծել են, որ HCV և HIV արագ թեստավորման պատասխանները պարզ են լինում հետազոտությունից 5-10 րոպեի ընթացքում, որոնց պատասխանները մատչելի և հասանելի են յուրաքանչյուր հետազոտվող ազատազրկվածի համար:
Ինչ վերաբերում է խցակցի հետ խնդիրներին՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցները կատարել են անհատական ընդունելություն, որի ընթացքում կալանավորված անձ Ա․ Ու․-ը մանրամասնել է, որ խցակից Մ․ Պ․-ն իր նկատմաբ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որոնք իրեն հոգեկան ցավ են պատճառել և քանի որ չի ցանկանում կոնֆլիկտային հարաբերություների մեջ մտնել նրա հետ, խնդրել է կամ խցակցին կամ իրեն տեղափոխել այլ խուց: Ա. Ու․-ի ընդունելությունից հետո վերջինիս կողմից բարձրացված հարցերը քննարկվել են ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ և արդյունքում պարզվել է, որ տվյալ պահին հիշյալ քրեակատարողական հիմնարկի համապատասխան խցերը գերծանրաբեռնված են, իսկ հնարավորության դեպքում Ա. Ու․-ը կտեղափոխվի այլ խուց, որի մասին տեղեկացվել է վերջինիս:
Շրջակայքի աղտոտվածության հարցին անդրադառնալով՝ նախարարությունից հայտնել են, որ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աղբահանության ծառայությունն ըստ պայմանագրի իրականացնում է աղբահանությունը, իսկ Դիտորդների կողմից արձանագրված՝ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բակային տարածքի աղտոտվածությունը պայմանավորված է գարնանային ուժեղ քամիներով, որոնք ստեղծել են անհարմարություններ՝ աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար:
Նախարարությունից անդրադարձել են նաև ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի դիտարկումներին՝ առաջարկելով ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ստանալու ահազանգերի կապակցությամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում կազմակերպել դիտորդների խմբի հետ հանդիպում՝ խնդրո առարկա հարցերը քննարկելու համար։