ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2022 թ․ապրիլի 14-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել դատապարտյալ Ա. Գ. Ա.-ի հետ և պարզել, որ վերջինս շուրջ 12 տարի ապրում է շաքարային դիաբետով (13 տարի է, ինչ պատիժ է կրում), օրական ստանում է 108 միավոր ինսուլին և հիվանդության պատճառով նրա մոտ սկսվել են տեսողական խնդիրներ։ Ա․Ա.-ը նաև հայտնել է, որ օր օրի իր տեսողությունն ավելի է վատանում։ Իրեն առաջարկում են բողոքներն ու դիմումները ներկայացնել գրավոր, սակայն տեսողության պատճառով չի կարողանում գրել, և հայտնվել է անելանելի վիճակում։
Ի դեպ դատապարտյալը տեղաշարժվում է սայլակով, քանի որ ոտքն ամպուտացված է։
Դիտորդները, ուսումնասիրելով Բժշկական հանձնաժողովի՝ 29․03․2022 թ․եզրակացությունը (հանձնաժոովը, քննարկելով Ա․Ա.-ի հիվանդությունների՝ պատժի հետ անհամատեղելիության հարցը, 29․03․2022 թ. եզրակացության մեջ եզրահանգել է, որ անձը պետք է կրկին հետազոտվի), արձանագրել են, որ այնտեղ չկա որևէ անդրադարձ «Արմենիա» ԲԿ-ի կողմից 17․03․2022 թ․տրված թիվ 32 տեղեկանքին, համաձայն որի՝ «Նրա տեսողությունը OD=0,01, կոոր․չի օգնում, OS-0,01», ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Հանձնաժողովի՝ 29․03․2022 թ․եզրակացությունը չի արտացոլում հիվանդությունների ամբողջական պատկերը, այն չի հանդիսանում օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրության արդյունք։
Դիտորդները, վերոգրյալի հիման վրա, առաջարկում են շտապ ապահովել Ա. Ա.-ի պատշաճ բուժօգնությունը, ինչպես նաև պարտավորեցնել բժշկական հանձնաժողովին կրկին քննարկելու Ա․Ա.-ի հիվանդությունների` պատժի հետ անհամատեղելիության հարցը՝ ներառելով «Արմենիա» ԲԿ-ի կողմից 17․03․2022 թ․տրված թիվ 32 տեղեկանքը։
Միևնույն ժամանակ առաջարկել են ծառայողական քննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչու «Արմենիա» ԲԿ-ի կողմից 17․03․2022 թ․տրված թիվ 32 տեղեկանքը Հանձնաժողովի կողմից չի դարձել քննության առարկա, այն անփութությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է։
ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 29․03․2022 թ․ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը քննարկել է ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․ Ա․-ի ախտորոշումների համապատասխանելիությունը ՀՀ կառավարության 26․05․2006 թ․ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ 825-Ն որոշմամաբ հաստատված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին։
Համաձայն կազմված եզրակացության՝ դատապարտյալ Ա․ Ա․-ի ախտորոշման ճշտման նպատակով անհրաժեշտ է կատարել ակնաբույժի կրկնակի խորհրդատվություն։ Ի դեպ, հարցի քննարկման ժամանակ Հանձնաժողովի կողմից չի անտեսվել Ա․Ա․-ի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունը, այլ Հանձնաժոովը նպատակահարմար է գտել կատարել ակնաբույժի կրկնակի խորհրդատվություն։
19․04․2022 թ․ դատապարտյալ Ա․Ա․-ը ենթարկվել է ակնաբույժի կրկնակի խորհրդատվության, որի եզրակացությունը ստանալուն պես Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովն առաջիկա նիստի ընթացքում կրկին կքննարկի դատապարտյալ Ա․Ա․-ի ախտորոշումների համապատասխանելությունը ՀՀ կառավարության 26․05․2006 թ․ թիվ 825-Ն որոշմամբ հասատված ցանկին։