Դիտորդների խումբը հանդես է եկել օրենսդրական առաջարկով

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) հանդես են եկել օրենսդրական առաջարկով՝ քննարկել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կալանավորված անձանց հանձնուք ընդունելու սահմանափակումները վերացնելու առաջարկով համապատասխան մարմնին դիմելու հարցը, որպեսզի կալանավորված անձանց նկատմամբ կիրառվի նույն մոտեցումը, որը կիրառվում է դատապարտյալների նկատմամբ։ Քանզի ստացվում է, որ օրենքով սահմանված են կալանավորված անձանց հանձնուք ընդունելու սահմանափակումներ, այն դեպքում, երբ դատապարտյալների համար նման սահմանափակումներ չկան։ Բայց չէ՞ որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձը կարող է կալանքի տակ պահվել ավելի երկար, քան, որոշ դեպքերում, դատապարտված լինելու պարագայում։

Խմբի գնահատմամբ կալանավորված անձանց հանձնուքի սահմանափակումը և տարբերակված մոտեցումը չունի որևէ օբյեկտիվ հիմնավորում։

ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ Օրենսդրի կողմից «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 22-րդ հոդվածով կալանավորված անձանց համար սահմանված հանձնուքների ստացման առավելագույն քաշի սահմանափակման պահանջը բխում է կալանավորված անձանց կարգավիճակի առանձնահատկություններից:

 

Դատապարտյալները և կալանավորված անձինք ունեն միմյանցից տարբերվող իրավական կարգավիճակ, ուստի նրանց իրավունքների սահմանափակումների առումով, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, անհրաժեշտ է ցուցաբերել տարբերակված մոտեցում:

Միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ ներկայումս մշակման փուլում են գտնվում ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնցով նախատեսվում են դատապարտյալների և կալանավորված անձանց հանձնուքներ ստանալու և ուղարկելու կարգի համակարգային փոփոխություններ: Եվ նշել, որ Խմբի կողմից ներկայացված առաջարկը կքննարկվի վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների շրջանակում: 

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search