ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Դիտորդների խումբ) անհրաժեշտությունից ելնելով 2022 թ․փետրվարին դիմել էր ՀՀ արդարադատության նախարարութուն և ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչություն՝ խնդրելով տեղեկացնել՝ արդյոք 2021 թ․ընթացքում նրանց կողմից ստուգվել է դատապարտյալներին և կալանավորված անձանց հատկացվող սննդի որակը և դրա կալորիականությունը (կատարվել է արդյոք նմուշառում և ուղարկվել փորձաքննության)։ Եվ եթե կատարվել է, ապա արդյոք արձանագրվել են սննդի որակի, կալորիականության և սննդի մատակարարման՝ համապատասխան պայմանագրով նախատեսված չափորոշիչների խախտումներ, ինչպիսի խախտումներ են եղել դրանք և արդյոք հնարավոր է տրամադրել համապատասխան փորձաքննությունների եզրակացությունների պատճենները։
Հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ թե´ նախարարության, թե´ սննդի պատրաստման ծառայությունների ձեռք բերման կողմ հանդիսացող քրեակատարողական ծառայության կողմից 2021 թ. ընթացքում դատապարտյալներին և կալանավորված անձանց հատկացվող սննդի որակը և դրա կալորիականությունը ստուգելու նպատակով փորձաքննություն իրականացնելու գործընթաց չի կազմակերպվել:
Մինչդեռ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար պետության հաշվին անհրաժեշտ սննդով ապահովված լինելու, ՀՀ կառավարության կողմից սահմանված օրական միջին չափաբաժիններով սնունդ հատկացնելու ընդհանուր վիճակի վերաբերյալ ուսումնասիրություն կատարվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից, և գրանցվել է անազատության մեջ գտնվելու ընթացքում անձանց կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով ապահովելու իրավունքի խախտում, քանի որ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու նպատակով պետության կարիքների համար հատկացված գումարի դիմաց մատակարարվել է սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվող սնունդ:
Մասնավորապես, 2021թ. դեկտեմբերին ՀՀ ԱՆ 3 ՔԿՀ-ներում ՀՀ գլխավոր դատախազության նշված վարչության դատախազների կողմից ՀՀ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի աշխատակիցների մասնագիտական աջակցությամբ բոլոր սննդատեսակներից կատարված նմուշառման, դրանց հետագա հետազոտման արդյունքում պարզվել է, որ սննդի էներգետիկ արժեքը էականորեն, շատ դեպքերում բացասական առումով ավելի քան 50%-ով տարբերվում է սահմանված սննդի էներգետիկ արժեքից: Նաև էական տարբերություններ են աձանագրվել տարբեր ՔԿՀ-ներ մատակարարված միևնույն սննդամթերքի կալորիականության չափերի միջև:
Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և ՍՊԸ-ի միջև կնքված՝ ՔԿՀ-ների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի համաձայն՝ ընկերությունը 2021թ. պարտավորվել էր ապահովել ՀՀ ԱՆ 12 ՔԿՀ-ներում պահվող անձանց համար թարմ, որակյալ սննդի պատրաստում և մատուցում: Պայմանագրին կից հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրի համաձայն՝ նախօրոք հաստատված ճաշացուցակով սնունդը պետք է լինի բազմազան, որակյալ և սննդի միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը՝ 2800 կիլոկալորիա:
Խախտումների պատճառները պարզելու, տեղ գտած թերությունները հետագայում բացառելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության, այդ թվում՝ նրանց նկատմամբ կարգապահական ներգործության հարցը լուծելու և սեղմ ժամկետում հայտնաբերված խախտումներով պայմանավորված համապատասխան պայմանագրից բխող միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետին:
Արդյունքում, արձանագրված խախտումներն ու խնդիրները քննարկվել են, դրանք վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ ՔԿՀ-ների ղեկավարությանը տրվել են կոնկրետ հանձնարարություններ: