ՀՀ արդարադատության նախարարի՝ 2022 թվականի մարտի 24-ի N 129-Ա հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն ընդգրկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքների խորհրդատվական խմբում:
ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը լրամշակվել և ուղարկվել է շրջանառության, որի կապակցությամբ նախարարությունը կից ներկայացնում է նախագծի լրամշակված տարբերակը։
Առաջիկայում կկազմակերպվեն խորհրդատվական խմբի քննարկումներ։ Կից ներկայացվում է նաև ՀՀ արդարադատության նախարարի՝ 2022 թվականի մարտի 24-ի N 129-Ա հրամանը:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, պատիժների կատարման ու կրման, դատապարտյալների նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները կարգավորող օրենքներից, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների կողմից ընդունված իրավական ակտերից։
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, դատապարտյալին խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանող երաշխիքների ապահովման չափանիշների վրա, որոնք սահմանում են պատիժների կատարման ու կրման կարգը և պայմանները, դատապարտյալների հետ վարվեցողության կանոնները, ինչպես նաև դատապարտյալների նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության այլ միջոցները։
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակներն են՝ պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, նրա իրավահպատակ վարքագծի ձևավորումը և նոր հանցագործությունների կանխումը։