ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ նույնասեռական անձանց (քրեակատարողական հիմնարկներում այս հասկացության տակ նկատի ունեն ոչ միայն սեռական կողմնորոշումը, այլև քրեական որոշ օրենքներով արգելված արարք կատարած և դրա համար պատժված անձանց) խցերը, ինչպես նաև հեռախոսային հանգույցը՝ տաքսաֆոնը, առանձնացված են։ Սնունդը նույնպես մատուցվում է առանձին տարաներով, իսկ հիմնարկի սանիտարահիգիենիկ աշխատանքներում ընդգրկված են միայն այդ խմբի մարդիկ։
Նման երևույթները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկներում գերիշխում է քրեական ենթամշակույթը, նշված խմբին պատկանող անձանց նկատմամբ առկա է անհանդուրժող մթնոլորտ և նրանք ենթարկվում են խտրական վերաբերմունքի։
Հեևաբար Խումբն առաջարկում է խստացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչպես նաև մշակել համապատասխան գործողությունների ծրագիր՝ քրեակատարողական հիմնարկներում խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառելու ուղղությամբ։
ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ խոցելի խմբին պատկանող անձինք Քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կարանտինային խցից համապատասխան խուց տեղափոխվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացված միջնորդության (ՀՀ արդարադատության նախարարի հրամանով հաստատված հավելվածի՝ Ձև 7) հիման վրա՝ հաշվի առնելով նրանց հոգեբանական համատեղելիությունը և մի շարք այլ առանձնահատկություններ: Հետագայում այլ խուց ազատությունից զրկված անձանց տեղափոխման հարցը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից քննարկվում է հիմնականում դատապարտյալների կամ կալանավորված անձանց դիմումի հիման վրա, այլ ոչ թե սեռական կողմնորոշմամբ կամ այլ առանձնահատկություններով պայմանավորված:
Քրեակատարողական հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ աշխատանքներում կալանավորված անձինք և դատապարտյալները նույնպես ընդգրկվում են բացառապես իրենց դիմումի հիման վրա:
Միևնույն ժամանակ նախարարությունից փաստել են, որ այս ոլորտում ռազմավարական միջոցառումների առանցքը կազմում է այն, որ ազատությունից զրկված անձանց նկատմամբ պետք է դրսևորվի հավասար վերաբերմունք, պետք է բացառվի խտրական ցանկացած դրսևորում: