ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձ Ն. Խ.-ի հետ և պարզել, որ վերջինս ունի առողջական խնդիրներ՝ հեպատիտ C, ոտքը վիրահատված՝ ամրակցված է մետաղական ձողով, ունի նաև շիզոֆրենիա, որի կապակցությամբ ընդունում է դեղորայք։ Նա նաև դիմել էր ՔԿՀ-ին՝ մեթադոնային ծրագրում ընդգրկվելու համար, բայց մինչ հանդիպման պահը հարցի լուծման վերաբերյալ տեղեկատվություն չուներ։ Նա հայտնել է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունի, որոնք սրվել են հացադուլի պատճառով, սակայն որևէ ստուգում չի անցել։
Դիտորդների խմբի անդամներն առանձնազրույց են ունեցել նաև ազատազրկված Ս․Մ․-ի հետ, որը կուլ էր տվել դանակ և մկրատի պոչ, և ցանկանում էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Դիտորդները հարցը քննարկել են հիմնարկի պետի հետ և նրանից տեղեկացել, որ վերջինս հաճախ է կուլ տալիս սուր, կտրող-ծակող իրեր, և շարունակ քրեակատարողական հիմնարկ շտապօգնություն է հրավիրվում։ Նա, ի դեպ, նաև ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։
Վերոշարադրյալի հիման վրա Դիտորդների խումբն առաջարկում է իրականացնել Ն․Խ․-ի լյարդի հետազոտություն։ Նաև անհրաժեշտ է համարում Ս․Մ․-ի հետ անցկացնել հոգեբանի և հոգեբույժի բազմակողմանի կոնսուլտացիա՝ հոգեկան խնդիրների ճիշտ ախտորոշման և դրանից բխող համապատասխան գործողությունների ծրագիր կազմելու համար, ինչպես նաև առաջարկում է քննարկել Ս․ Մ․-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու հարցը։
Նույն գրությամբ Խումբը նաև խնդրում է տեղեկացնել՝ արդյո՞ք 30․01․2022 թ․ դատապարտյալ Կ․ Մ․-ի կողմից կատարված ինքնասպանության փորձի (կանխվել է խցակցի կողմից) վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն և ինչ եզրակացություն է արվել։
Ի դեպ, Դիտորդների խումբը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկում տիրող անմարդկային պայմանների մասին, սակայն շարունկում է ականատես լինել դրանց շահագործմանը։ Ուստի, կրկին անգամ առաջարկում է դադարեցնել Հիմնարկի առաջին հարկի խցերի շահագործումը կամ հիմնանորոգել դրանք (մինչև հիմնանորոգման ավարտը այդ խցերը չշահագործել):
ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ Հիմնարկի խցերի վերանորոգման աշխատանքներն ընդգրկված են 2022 թվականի ընթացիկ նորոգման աշխատանքների ցանկում:
Ինչ վերաբերում է Ն․Խ․-ի առողջական վիճակին՝ 2022 թվականի փետրվարի 4-ին վերջինս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ ստացիոնար հետազոտությունների և բուժման նպատակով: Նաև նրա մեզի փորձանմուշը 2022 թվականի փետրվարի 3-ին ուղարկվել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ՝ մեզի տոքսիկոքիմիական հետազոտության նպատակով, որի արդյունքում ափիոնի խմբի թմրամիջոցների թմրալկալոիդների և ափիոիդային շարքի թմրամիջոցների՝ մեթադոնի և բուպրենորֆինի մետաբոլիտների հետքեր չեն հայտնաբերվել: Հետևաբար Ն. Խ․-ի՝ մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր ընդգրկվելու վերաբերյալ դիմումը մերժվել է:
Անդրադառնալով Ս․Մ․-ի հարցին՝ նախարարությունից հայտնել են, որ նա, ստամոքս-աղիքային տրակտի մետաղական օտար մարմինների առկայությամբ պայմանավորված, գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ Հիմնարկում տեղակայված ստորաբաժանման անձնակազմի (այդ թվում նաև հոգեբույժի) դինամիկ հսկողության տակ: Ներկա պահին ստացիոնար հետազոտությունների անհրաժեշտություն չկա:
Բացի այդ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների կողմից Ս. Մ․-ի հետ պարբերաբար իրականացվում են համապատասխան աշխատանքներ և անձնական ընդունելություններ։
2021 թվականի հունվարի 30-ին դատապարտյալ Կ․ Մ-ի կողմից կատարած ինքնասպանության փորձը կանխվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որի վերաբերյալ 2022 թվականի մարտի 1-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, իսկ ինչ վերաբերում է ծառայողական քննություն անցկացնելուն, ապա այդպիսի հիմքեր առկա չեն եղել: