Նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել դատապարտյալի՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին համապատասխանելիության հարցը

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Վ. Հ-ը տառապում է մի շարք հիվանդություններով, ունի հենաշարժողական խնդիրներ, չի կարողանում քայլել, տեղաշարժվում է սայլակով, լոգանքից և սանհանգույցից օգտվում է խցակիցների օգնությամբ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ), մտահոգված վերջինիս ազատ տեղաշարժվելու անկարողությամբ, դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ստանում է որևէ բուժում, եթե այո, ապա այն ունի կանխարգելիչ, թե ամոքիչ բնույթ, արդյո՞ք նրան կցված է խնամակալ՝  24-ժամյա ռեժիմով, և ի՞նչ կարգով է կազմակերպվում Վ․ Հ.-ի զբոսանքը։

ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ․ Հ.-ը մինչև 2022 թվականի փետրվարի 21-ը «Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ, կենտրոնական ձև, 2-րդ աստիճանի ակտիվություն, երկկողմանի սակրոիելիտ, էնթեզոպաթիկ համախտանիշ, սինդեզմոֆիտներ, կոնք-ազդրային հոդերի երկրորդային օստեոարթրոզ, ողնաշարի և հոդերի ՖԱ 2-րդ աստիճան: Աուտոիմուն թիերոիդիտ՝ էութիերոզ: Հիպոֆիզի միկրոադենոմա՝ հիպերպրոլակտինեմիայով: Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ: Կարդիալ փականի անբավարարություն: Էրոզիվ պրոկտիտ» ախտորոշմամբ գտնվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ: Նա ստանում է սիմպտոմատիկ բուժում․ նաև խորհուրդ է տրվել բուժական ֆիզկուլտուրա՝ ողնաշարի և հոդերի ֆունկցիոնալ վիճակը բարելավելու նպատակով:

 

Վ. Հ.-ը հենաշարժողական խնդիրների պատճառով օրվա մեծ մասն անց է կացնում անկողնում՝ պառկած վիճակում: Նրա առողջական վիճակի վատթարացումների պատճառով մի քանի անգամ հրավիրվել է շտապ բժշկական օգնության խումբ:

Ինչ վերաբերում է նրա՝ ախտորոշումներով պայմանավորված խնամքի ծառայություններ մատուցելուն՝ նախարարությունից փաստել են, որ վերջինս չի կարողանում ինքնուրույն հոգալ կենցաղային կարիքները, այդ իսկ պատճառով դատապարտյալին պարբերաբար օգնում են խցակիցները:

Վ. Հ.-ի զբոսանքը կազմակերպվում է սահմանված կարգով. վերջինիս տրամադրվում է անվասալյակ՝ զբոսանքի դուրս գալու նպատակով:

Նախարարությունից հայտնել են նաև, որ առաջիկայում նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը կրկին ներկայացնել դատապարտյալ Վ. Հ.-ի ախտորոշումների՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ նախատեսված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին համապատասխանելիության հարցը:

Խնդրո առարկա հարցի քննարկման նպատակով, ի թիվս այլնի, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որի համար 2022 թվականի փետրվարի 21-ին Վ. Հ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ստացիոնար հետազոտություններ և ախտորոշումներ իրականացնելու նպատակով:

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search