Կալանավորված անձը գանգատվում է, թե ունի պատշաճ բուժօգնություն ստանալու խնդիր, մինչդեռ ՊՈԱԿ-ից վստահեցնում են, որ կատարվել են բոլոր գործողությունները՝ կալանավորված անձի առողջական խնդիրները մեղմելու և բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերելու համար

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել կալանավորված անձ Ն․ Մ-ի հետ և պարզել, որ վերջինս, ով ունի շաքարային դիաբետ, ցանկանում է անցնել համակողմանի հետազոտություն, քանի որ հիվանդության սրացման ժամանակ  թե՛ իր մոտ եղած, թե՛ հիմնարկի և թե՛ ԲԿ-ների գլյուկոմետրերը (այն սարքերը, որով չափում են շաքարը) շատ տարբեր տվյալներ են ցույց տալիս՝ 11 նիշից մինչև 27, իսկ նշանակված դեղորայքն անարդյունավետ է։ Կալանավորված անձը գանգատվել է նաև բժիշկների անտարբեր և անուշադիր վերաբերմունքից՝ նշելով, որ բուժումը նշանակելուց հետո բժիշկները չեն այցելել և չեն գնահատել տրված դեղորայքի ազդեցությունը և փոփոխության դինամիկան։ Նաև պատմել է՝ երբ վերջին անգամ՝սույն թվականի փետրվարի 6-ին, ինքնազգացողությունը վատացել է, բժիշկը, որը բավականին ուշ է մոտեցել, առաջարկել է իր ներկայությամբ խմել նախկինում նշանակված դեղահաբը, սակայն Ն․Մ-ը, որն այդ դեղի ազդեցությանը չի վստահում, բժշկի՝ դեղահաբը խմելու առաջարկին ի պատասխան պահանջել է ստորագրությամբ դուրս գրել տվյալ դեղորայքը, ինչից բժիշկը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ էնդոկրինոլոգ չէ, և պատասխանատվություն չի ստանձնի նման փաստաթուղթ տրամադրելու համար։

 

Դիտորդների խմբի անդամները հարցը քննարկել են «Վարդաշեն» ՔԿՀ պետի և ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» բժշկական ստորաբաժանման ղեկավարի հետ և պարզել, որ Ն․Մ-ի նկատմամբ թեև կիրառվել են ֆորմալ բնույթի բժշկական միջատություններ (դողորայքի տրամադրում, գլյուկոմետրիկ ստուգում, շտապօգնութամբ քաղաքային հիվանդանոց տեղափոխում), սակայն դիսպասներ հսկողությունը հավուր պատշաճի չի իրականացվել և հնարավոր լաբորատոր-գործիքային հետազոտություն՝ մեզի ընդհանուր քննություն, չի արվել, ախտորոշման ու նշանակումների մեթոդաբանությունը պարզ չէ, դեղորայքը նշանակվելուց հետո անհրաժեշտ մշտադիտարկում չի կատարվել, որպեսզի պարզեն դեղորայքի ազդեցության դինամիկան և բուժման արդյունավետությունը։ Նաև չի կազմվել խնամքի/բուժման հետագա գործողությունների ծրագիր՝ այդ օրերի համար Մ-ի հիվանդության պատմագրում նշումներ չկան։

Վերոնշյալի հիման վրա Դիտորդների խմբի անդամները պահանջել են ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից լաբորատոր հետազոտություն իրականացնել Ն․ Մ-ի շաքարային դիաբետի ախտորոշման ուղղությամբ։ Իրականացնել նաև Կառավարության որոշմամբ դիսպանսեր հսկողության համար նախատեսված քայլերը, այդ թվում մեզի համալիր քննության և ակնահատակի ստուգման հետազոտությունները, քանզի Կառավարության հաստատմամբ շաքարային դիաբետով բոլոր հիվանդները, վերջիններիս համաձայնությամբ, պետք է անցնեն ամսվա ընթացքում առնվազն մեկ արյան հետազոտություն (գլյուկոմետրիա), տարեկան մեկ անգամ մեզի ընդհանուր քննություն (գլյուկոզայի և սպիտակուցի որոշմամբ) և ակնահատակի զննում` ակնաբույժի կողմից: Բուժող բժշկի կողմից այդ հետազոտությունների թիվը և տեսակները կարող են փոփոխվել` ելնելով հիվանդի առողջական վիճակից և անհրաժեշտությունից։

Նաև հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ինչպես նաև ՊՈԱԿ-ի սույն ստորաբաժանման բժշկական անձնակազմի համատեղ ջանքերով ապահովել Ն․ Մ-ի իրազեվածությունը՝ բժշկական բնույթի գործողությունների իրավակարգավորումների վերաբերյալ (օրինակ՝ հիվանդի կողմից դեղորայքը բժշկական անձնակամի ներկայությամբ ընդունելը և այլն)։

Ի պատասխան այս գրության՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ն․Մ-ը 23.02.2022թ. դրությամբ «Շաքարային դիաբետ, տիպ 2-րդ, միջին ծանրության: Սուր շնչառական վարակ» ախտորոշմամբ գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» բժշկական ստորաբաժանման դինամիկ հսկողության տակ և ստանում է համապատասխան բուժում:

Ի դեպ, վերջինս «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունվել է 15.12.2021թ.-ին: Նույն օրը կատարվել է կալանավորված անձի բժշկական զննություն (նա իր մոտ ունեցել է հիպոգլիկեմիկ «Տրուլիսիտի» դեղամիջոց), որի ընթացքում թարմ մարմնական վնասվածքնկեր չեն հայտնաբերվել:

17.12.2021թ.-ին Ն. Մ-ը զննվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» բժշկական ստորաբաժանման բժշկի կողմից (այդ պահին գլյուկոզան արյան մեջ եղել է 10.1 մմոլ/լ)։ Ստորաբաժանման բժիշկը խնդրել է բժշկական ստորաբաժանման անձնակազմին տրամադրել բոլոր բժշկական փաստաթղթերը, սակայն դրանք այդպես էլ չեն ներկայացվել։

Ն. Մ-ն հրաժարվել է «Տրուլիսիտի» դեղամիջոցից բացի այլ դեղորայք ընդունել, և նրա հետ, իր ցանկությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն հարազատներն են մշտապես բերելու,սակայն 23.12.2021թ.-ից հետո չեն բերել:

Կալանավորը պարբերաբար զննվել է ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» բժշկական ստորաբաժանման բժշկի կողմից, իսկ դիաբետի սրացման դեպքերում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» կամ «Արմենիա» ԲԿ-ներ։

12.01.2022թ.-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում Ն. Մ-ը ստացել է պատվաստում «COVID-19»-ի դեմ՝ «Սինոֆարմ» պատվաստանյութով:

31.01.2022թ.-ին Ն. Մանթաշյանը զննվել է ներզատաբանի կողմից (գլյուկոզան արյան մեջ եղել է 19 մմոլ/լ): Ն. Մ-ը համաձայնվել է ստանալ ներզատաբանի կողմից նշանակված դեղամիջոցները՝ «Գլիկլազիդ» 60 մգ. և «Մետտֆորմին», որը տրամադրվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» ստորաբաժանման կողմից: Սակայն ավելի ուշ հրաժարվել է դրանք ընդունել։

07.02.2022 թ. Ն. Մ-ի արյան մեջ գլյուկոզան եղել է 16.7մմոլ/լ: Հրավիրվել է շտապօգնության բրիգադ: Կալանավորված անձին առաջարկվել է տեղափոխվել հիվանդանոց, որից վերջինս հրաժարվել է՝ նշելով, որ ցանկանում է տեղափոխվել հիվանդանոց պլանային կարգով՝ պետ. պատվերի ուղեգրով:

07.02.2022 թ.-ին ներզատաբանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» բժշկական ստորաբաժանման աշխատասենյակում, բուժանձնակազմի ներկայությամբ փորձել է զննել Ն. Մ-ին, սակայն վերջինս, վիրավորելով բժշկին, հրաժարվել է զննությունից, գլյուկոմետրիայից, խորհրդատվությունից և տրամադրվող դեղերից՝ նշելով, որ ներկայումս առողջության հետ կապված գանգատներ չունի և ավելացրել, որ բժշկական ստորաբաժանման ղեկավարը հնարավոր է թունավորած լինի այս դեղամիջոցները:

Նշվածի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն, որը Ն. Մ-ը պատռել է: Կազմվել է նոր արձանագրություն:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ դա միակ դեպքը չէ, երբ կալանավորված անձը կոպտել է բժշկին, հրել նրան, անսպասելի սկսել գոռգոռալ, բղավել, զազրախոսել, տալ սեռական բնույթի հայհոյանքներ:

10.02.2022 թ.-ին Ն. Մ-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, պետ. պատվերի շրջանակում պլանային կարգով հետազոտության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժման համար:

Ն. Մ-ը  10.02.2022-15.02.2022 թթ. ընկած ժամանակահատվածում բուժվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել են նաև լաբորատոր հետազոտություններ: Բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո Ն. Մ-ը ստանում է հիվանդանոցի նշանակումները: 15.02.2022 թ.-ին, 16.02.2022 թ.-ին, 17.02.2022 թ.-ին, 18.02.2022 թ.-ին Ն. Մ-ը կրկին զննվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» ստորաբաժանման բժշկի կողմից: Նշված օրերի ընթացքում պարբերաբար չափվել է Ն. Մ․-ի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որը եղել է 10,8 մմոլ/լ-14.3մմոլ/լ սահմաններում:

Արդարադատության նախարարությունից վստահեցրել են, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 2,5 ամիս գտնվելու ընթացքում Ն. Մ-ի նկատմամբ իրականացված բժշկական գործողությունները չեն կրել ֆորմալ բնույթ, այլ հակառակը, բուժանձնակազմի կողմից կատարվել են բոլոր գործողությունները՝ կալանավորված անձի առողջական խնդիրները մեղմելու և բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերելու համար:

23.02.2022 թ. դրությամբ կալանավորված անձ Ն. Մ-ն իր մոտ առկա հիվանդությունների կապակցությամբ խնամքի կարիք չունի և իր կենցաղային հոգսերն ու կարիքները հոգում է ինքնուրույն:

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search