Արդյո՞ք բուժաշխատողներն անցել են բավարար վերապատրաստումներ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ), հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 21․ 04․ 2021 թ․ Թիվ 163-Լ հրամանով հաստատված Թիվ 2 հավելվածով սահմանված «Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու» ուղեցույցը (այսուհետ՝ Ուղեցույց), դիմել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ տեղեկանալու, թե որքան է կազմում ՊՈԱԿ-ի անձնակազմի թիվը, նշված անձնակազմից քանի անձ է մասնակցել Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության վերաբերյալ վերապատրաստումներին, որքան անձ կարիք ունի անցնելու վերապատրաստումներ, արդյոք բժշկական զննության արձանագրությունը բոլոր բուժաշխատողներն են կազմում, թե այդ իրավասությամբ օժտված է բուժաշխատողների կոնկրետ խումբ (եթե կոնկրետ խումբ՝ նշել այդ խմբի աշխատակիցների թիվը), արդյոք տվյալ աշխատանքը չի ավելացնում բուժաշխատողի աշխատանքային ծավալը և արդյոք քննարկվել է տվյալ բուժաշխատողների լրացուցիչ վարձատրության հարցը (արդյոք լրացուցիչ վարձատրությունն արդարացված չէ)։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից պատասխան գրությամբ հայտնել են, որ 26․ 01․2022 թ․ դրությամբ ՊՈԱԿ-ի աշխատակիցների թիվը 185 է և մինչ օրս Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության վերաբերյալ վերապատրաստումներին մասնակցել է 150 անձ (բժիշկներ, բուժքույրեր/բուժակներ)։

 

Վերապատրաստման եռօրյա դասընթացի շրջանակներում շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու ընթացակարգի վերաբերյալ ընդհանուր դրույթները, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման ընթացակարգը, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության կազմման ընթացակարգը, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության փոխանցումը և պահպանումը, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության պատշաճ կազմման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը։

Տեղեկացրել են նաև, որ ներկայումս վերոնշյալ վերապատրաստման կարիք ունի 35 անձ։ Նաև հավելել են, որ բժշկական զննության արձանագրությունը՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի առկայության դեպքում, լրացվում է բժշկի կողմից՝ բացառությամբ երբ դեպքի զննությունը իրականացվում է ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին։ Նման դեպքում արձանագրությունը կարող է կազմվել միջին բուժանձնակազմի կողմից։ Վերոնշյալ գործառույթը ավելացնում է բուժանձնակազմի աշխատանքի ծավալները, սակայն բուժշխատողի լրացուցիչ վարձատրության հարց դեռևս չի քննարկվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից 26․ 05․ 2006 թ․ընդունված թիվ 825-Ն որոշման մեջ։

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search