ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքն իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկված քանի անձ է դիմել իր կրոնական առաջնորդին հանդիպելու համար, նշված դիմումներից քանիսն է բավարարվել, իսկ քանիսը մերժվել և նշված հանդիպումներն արդյոք ազդում են ազատազրկված անձին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա։
ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ տեղեկացրել է հետևյալը․
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված անձանց մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման, այդ թվում հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների կողմից 2021 թվականի ընթացքում պարբերաբար կատարվել են այցելություններ ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներ, որոնց ընթացքում հոգևոր սպասավորները հանդիպումներ են ունեցել ցանկություն հայտնած ազատությունից զրկված անձանց հետ:
Բացի այդ, հոգևոր սպասավորների կողմից կատարվել են մկրտություններ, անցկացվել են պատարագներ, իսկ տոնական օրերին (տաղավար տոներին)` տոնակատարություններ:
2021 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ կազմակերպվել է 56 կրոնական միջոցառում, որոնց մասնակցել է 665 անձ:
Հայ առաքելական եկեղեցու սպասավորներից բացի ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ այցելում են նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կրոնական կազմակերպությունների հետ հանդիպումների վերաբերյալ դիմումները հիմնականում բավարարվում են, սակայն վերոնշյալ կազմակերպությունների հետ հանդիպումների վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում, ուստի դիմումների բավարարման և մերժման առնչությամբ տեղեկություն տրամադրել հնարավոր չէ:
Փաստել են նաև, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, ինչպես նաև այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները չեն ազդում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա: