2021 թ․ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 13 մահվան, 3 ինքնասպանության, 366 ինքնավնասման դեպք

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ), համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով, ՀՀ արդարադատության նախարարությանը խնդրել են տրամադրել տեղեկույթ 2021 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց շրջանում արձանագրված մահերի ընդհանուր քանակի, մահվան դեպքերի պատճառների, մահվան դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի, հայտարարված հացադուլների քանակի, փախուստի և փախուստի փորձերի ընդհանուր թվի, ինքնավնասման և ինքնասպանության արձանագրված դեպքերի, դրանց դրսևորման եղանակների և պատճառների, քրեակատարողական հիմնարկների վարչակազմի կողմից ինքնավնասումների և ինքնասպանության դեպքերի առնչությամբ՝ դրանց պատճառները պարզելու, հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով կատարված ծառայողական քննությունների կամ ուսումնասիրությունների, ինքնասպանություն կատարած անձանց գործերով հարուցված քրեական գործերի, քրեակատարողական ծառայողների պատճառով կամ մեղավորությամբ կատարված (եթե այդպիսիք կան) ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի վերաբերյալ։

ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ 2021 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է․

 

 Մահվան 13 դեպք՝ 8-ը՝ քաղաքացիական բժշկական հաստատություններում, իսկ 5-ը՝ քրեակատարողական հիմնարկներում։

Ինքնասպանության 3 դեպք՝ 1-ը «Նուբարաշեն» ՔԿՀ –ում և 2-ը «Արմավիր» ՔԿՀ –ում։

Ինքնավնասման 366 դեպք։

Հացադուլ հայտարարելու 374 դեպք։

Փախուստի 2 դեպք՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից և ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։ Փախուստի փորձ չի արձանագրվել։

Ինչ վերաբերում է հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական ծառայողների պատճառով կամ մեղավորությամբ ինքնասպանության հնարավոր դեպքերի վերաբերյալ տեղեկությանը՝ նշել են, որ այն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել նախաքննություն իրականացնող մարմին։

Տեղեկացրել են նաև, որ ինքնավնասման դեպքերի արդյունավետ կանխարգելման նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատվել է «Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման ռազմավարության իրականացման 2021-2022 թթ-ի միջոցառումների մասին» N 513-Լ հրամանը: Ինքնավնասումների կանխարգելման շրջանակներում յուրաքանչյուր ինքնավնասման դեպքով կազմվել են նյութեր, անցկացվել է հետաքննություն, ինչպես նաև իրականացվել են սոցիալ-հոգեբանական բնույթի աշխատանքներ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի  հոգեբանների կողմից տարվել են հոգեբանական աշխատանքներ, որի արդյունքում կազմվել է հոգեբանական եզրակացություն ինքնավնասման հնարավոր դրդապատճառների և վարքի հետագա կանխատեսումների վերաբերյալ:

Ի դեպ արձանագրված ինքնավնասումները հիմնականում կատարվել են մեկանգամյա օգտագործման սայրի կամ կրակայրիչի մետաղական գլխիկի միջոցով քերծվածք կամ կտրվածք անելու, ինչպես նաև զանազան իրեր և առարկաներ կուլ տալու եղանակով:

Որպես արձանագրված ինքնավնասումների և ինքնախեղումների պատճառներ՝ նշվել են նյարդային գերլարման, հոգեկան հուզմունքի, անհավասարակշռության, ապագայի անորոշության, մեղքի զգացման հոգեվիճակում գտնվելը, անձնական, ընտանեկան, առողջական խնդիրները, քրեական գործի, խափանման միջոցի, պատժախուց տեղափոխելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ կայացված որոշումների հետ անհամաձայնությունը, այլ քրեակատարողական հիմնարկ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, բժշկական կենտրոն տեղափոխվելու ցանկությունը, իրականացված խուզարկությունը, արգելված իրերի հայտնաբերումը, բուժանձնակազմի, խցակիցների հետ խնդիրները:

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search