ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի և «Հոգեբանների գիտական միավորում» ՀԿ-ի համագործակցության արդյունքում 2021 թ․ ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ՍՀԻԱ բաժնի հոգեբանների հետ անց է կացվել դասընթաց-վերապատրաստում։ Կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ «Հոգեբանների գիտական միավորում» ՀԿ-ի մասնագետների կողմից ներկայացվել է հաշվետվություն՝ եզրակացությամբ և առաջարկներով, ինչը Դիտորդների խմբի կողմից հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության քննարկմանը։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, անդրադառնալով «Հոգեբանների գիտական միավորում» ՀԿ-ի մասնագետների կողմից ներկայացված հաշվետվությանը, ընդգծել է, որ ներկայացված առաջարկները համարվում են ընդունելի, դրանցից որոշների ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են որոշակի միջոցառումներ, իսկ որոշ առաջարկենրի հետ կապված նախատեսվում են մասնագիտական քննարկումների և վերլուծությունների իրականացում։ ՀՀ քրեակատարողական ծառայությունը հատկապես կարևորություն է տալիս հոգեբանների՝ պարբերական բնույթ կրող սուպերվիզիաների իրականացմանը, որը թույլ կտա խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են հոգեբանական լճացումն ու մասնագիտական այրումը, ինչպես նաև կնպաստի հոգեբանական աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը: Սակայն նշել է, որ սուպերվիզիոն աշխատանքների բացակայությունը պայմանավորված է ֆինանսական բաղադրիչի խնդրայնությամբ: