«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ներից տեղափոխված անձինք կապահովվե՞ն արդյոք աշխատանքով

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն Որոշման համաձայն՝ ՀՀ ԱՆ «Կոշ» և«Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը 2022 թվականի հունվարի 1-ից դադարելու է, ինչով պայմանավորված նշված հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձինք տեղափոխվում են այլ քրեակատարողական հիմնարկներ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Դիտորդների խումբ) նշվածի կապակցությամբ հարցում է արել՝ տեղեկանալու 2021 թ․հոկտեմբերի 28-ի դրությամբ նշված քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված քանի անձ է պահվել, նրանցից քանիսն են ներգրավված եղել վարձատրվող, իսկ քանիսը չվարձատրվող աշխատանքներում։ Տեղաբաշխումից հետո վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներում ներգրավված անձանցից քանիսն են ապահովվել աշխատանքով (և ինչ պայմաններով՝ վարձատրվող, թե չվարձատրվող)։ Ազատությունից զրկված անձանցից քանիսն են ապահովվել աշխատանքով, ովքեր նախկին ՔԿՀ-ում չեն աշխատել։ 

ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ (կոնկրետ ամսաթվով՝ սույն դեպքում հոկտեմբերի 28-ով, տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ, քանի որ քրեակատարողական համակարգում հաշվետվությունները վարվում են ամսական կտրվածքով) ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվել է 62 դատապարտյալ, որոնցից 10-ն աշխատել է տեխնիկատնտեսական սպասարկման վարձատրվող աշխատանքներում, իսկ քրեակատարողական հիմնարկի և դրան հարող տարածքի բարեկարգման առանց վարձատրության աշխատանքներում ներգրավված է  եղել 5 դատապարտյալ:

 

2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պահվել է 69 կալանավորված անձ և 88 դատապարտյալ, որոնցից 4-ն աշխատել է տեխնիկատնտեսական սպասարկման վարձատրվող աշխատանքներում, 5 դատապարտյալ ներգրավված է եղել քրեակատարողական հիմնարկի և դրան հարող տարածքի բարեկարգման առանց վարձատրության աշխատանքներում, իսկ 2 կալանավորված անձ ներգրավված է եղել չվարձատրվող սանիտարահիգիենիկ աշխատանքներում: 

Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց այլ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխումից հետո վարձատրվող կամ չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու վերաբերյալ վիճակագրական տվյալների ներկայացմանը, ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ  փաստել են, որ հայցվող տեղեկությունը դեռևս տրամադրել հնարավոր չէ, քանի որ նշված հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց այլ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, և խնդրո առարկա տեղեկությունը հնարավոր կլինի տրամադրել 2022 թվականի հունվարի 1-ից հետո, երբ ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի 1755-Ն որոշման կարգավորումների համաձայն վերջնականորեն կապահովվի ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներումպատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, ևպահվող կալանավորված անձանց տեղափոխումն այլ քրեակատարողական հիմնարկներ։

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search