ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ զրուցել են ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) Արմավիրի ստորաբաժանման աշխատակիցների հետ և պարզել, որ ազատազրկված անձանց հիվանդանոց են տեղափոխում այդ թվում, երբ սատուրացիան 90-80-ի միջակայքում է, մինչդեռ սատուրացիայի նորման 94 և բարձրն է: Քովիդ-19–ով հիվանդ լինելու դեպքում եթե այն 94-ից ցածր է, նշանակում է օրգանիզմում թթվածնի քանակը չի բավարարում, և օրգանիզմը սկսում է թթվածնի քաղց ապրել:
Անհանգստացած այս տեղեկությունից՝ Դիտորդների խումբը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ պարզելու համար, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժաշխատողները՝ անձանց հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ կարծիք ներկայացնելիս (տվյալ դեպքում սատուրացիայի որ մակարդակի դեպքում պետք է անձին տեղափոխել հիվանդանոց)։
ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ COVID-19 ախտորոշումով ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը քրեակատարողական հիմնարկներում տրամադրվում է՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վարման կլինիկական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 3526-Լ հրամանի կարգավորումները:
Միևնույն ժամանակ հայտնել են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ՊՈԱԿ-ի կողմից բոլոր քրեակատարողական հիմնարկների համար սահմանվել են համապատասխան ընթացակարգեր՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանների:
Ջերմող և համավարակին բնորոշ այլ ախտանիշներով ազատությունից զրկված անձանց վաղ հայտնաբերման նպատակով ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների կողմից իրականացվում են զանգվածային ջերմաչափումներ, արագ թեստավորումներ՝ ռապիդ և քիթ-ըմպանային թեստերի միջոցով, սատուրոմետրիա, ինչպես քրեակատարողական հիմնարկ մուտք գործած, այնպես էլ գանգատներով բժշկական անձնակազմին դիմած ազատազրկվածների շրջանում:
Ըստ այդմ, ազատազրկված անձի կողմից ներկայացված գանգատների դեպքում ազատազրկված անձը ենթարկվում է ջերմաչափման, սատուրոմետրիայի, ռապիդ թեստավորման (արյունային և քիթ-ըմպանային եղանակներով): Անհրաժեշտության դեպքում իրականացվում է ՊՇՌ թեստավորում, թոքերի ռենտգեն կամ ՀՇ հետազոտություն:
COVID-19 համավարակին բնորոշ ախտանիշներով ազատազրկված անձանց հայտնաբերման դեպքում վերջիններս մեկուսացվում և տեղափոխվում են ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանում կամ առողջապահական մարմինների բուժական հաստատություններ՝ ստացիոնար բուժման նպատակով: