Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ-ում» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը, Դիտորդների խմբի անդամ Լուիզա Վարդանյանը, ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանը և Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը։
Զարուհի Հովհաննիսյանը, սկսելով քննարկումը, նշեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հիմնարկի՝ կալանավորված և խցային պայմաններում պահվող անձանց համար նախատեսված մասնաշենքը (մեկուսարանի շենք) ներկա դրությամբ պիտանի չէ բնակության համար, և նման պայմաններում անձանց պահելը անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորում է։
Չէ՞ որ մեկուսարանի շենքն այն տարածքն է, որտեղ անձը տեղափոխվում է Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու առաջին իսկ օրերին, և այն սթրեսը, կարելի է ասել հոգեբանական այն «լրջագույն բռնությունը», որ կարող է նա զգալ իր նկատմամբ, մեծ և արժանապատվությունը նվաստացնող խնդիր է, որը պետք է հաղթահարի մարդը, կինը, անչափահասը։ Ի դեպ այդ մասնաշենքը, որը բնակեցվածության առումով ամենահագեցածն է, և այնտեղ պահվում են նաև անչափահասներ և մանկահասակ երեխաներ ունեցող կալանավոր կանայք, շատ հին է, և Դիտորդների խումբն ամեն տարի բարձրաձայնում է, որ այն հիմնահատակ վերանորոգման կարիք ունի։ Տարիներ շարունակ Արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը որոշակի միջոցներ տրամադրել են, որպեսզի կատարվի մասնակի վերանորոգում, բայց խնդիրը գլոբալ առումով չի լուծվել, և այսօր, կապված նաև եղանակային պայմանների հետ, շենքում առաջացել է ջրահեռացման խնդիր։ Առաջին հարկում, որտեղ գտնվում են կարանտինային խցերը, պատժախցերը, աշխատակազմի սենյակները, բժշկական սենյակը՝ դեղորայքով հանդերձ, երկրորդ հարկից թափվող ջրի հոսքի պատճառով դարձել է բնակության համար ոչ պիտանի, ուստի Դիտորդների խումբն առաջարկում է ժամանակավորապես՝ մինչև խնդրին հիմնահատակ լուծում տալը, դադարեցնել այդ հարկի շահագործումը։ Ի դեպ խոնավությունը կարող է ուղիղ ազդել այդտեղ պահվող դեղերի որակի վրա, ինչն էլ իր հերթին՝ կանանց առողջության վրա․ բազմաթիվ ահազանգեր են եղել՝ կապված կանանց առողջության հետ, ինչը անմիջականորեն կարող է ազդել կանանց վերարտադրողական առողջության վրա։ Եվ եթե այս վիճակը շարունակվի, ժամանակավոր միջոցներ չկիրառվեն, անմարդկային վերաբերմունքը կարող է հավասարեցվել խոշտանգման։
Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ դիմել են Քրեակատարողական ծառայությանը՝ 2022 թ․ միջոցներ տրամադրելու և մասնաշենքը հիմնանորոգելու համար, սակայն ժամանակավոր լուծման մասին խոսք չի ասվել, մինչդեռ խնդիրը հրատապ լուծման կարիք ունի։
Լուիզա Վարդանյանն ի հավելում նշեց, որ սա ոչ թե ընթացիկ, այլ առաջնահերթ լուծման խնդիր է, քանզի պահման վատ պայմանները ոչ միայն հոգեբանական ճնշման առումով են ազդում այնտեղ ապրող մարդկանց վրա, ինչը կարող է ավելացնել ինքնասպանությունների և դրա փորձերի թիվը, այլև խոչընդոտում են այլ՝ կրթության, սպորտով զբաղվելու իրավունքների իրացմանը, հավելյալ խնդիրներ առաջացնում տարեց, հաշմանդամ, անչափահաս դատապարտյալների համար։
ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանը ի պատասխան նշեց, որ 2019 թվականին տվյալ ՔԿՀ–ում իրականացվել են շինարարական որոշակի աշխատանքներ, և նախատեսվում է մինչև 2023 թվականը շենքային խնդիրներին վերաբերող բոլոր հարցերը լուծել։ Հատկապես անչափահասների համար այնպես անել, որպեսզի ոչ բանտային պայմաններ լինեն։ Սակայն 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդության, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով պետական բյուջեի ֆինանսական միջոցների որոշակի վերաբաշխում է տեղի ունեցել։ Ներկա պահին քննարկումներ են ընթանում ՔԿ ծառայության գործընկերների հետ, որպեսզի առաջիկայում կարողանան մասամբ լուծում տալ խնդրին։
ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանն էլ ասաց, որ բացի ջրահեռացման համակարգի վերանորոգումից, նախագծում տեղ են գտել նաև տվյալ ՔԿՀ–ի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար սանհանգույցից պատշաճ կերպով օգտվելու հնարավորության ընձեռումը։
Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ։