2021թ. փետրվարի 4-ին Սիվիլնեթը կազմակերպել է «Բարեփոխվո՞ւմ է արդյոք կալանավորների կյանքը» թեմայով առցանց քննարկում:
Որպես բանախոս՝ հանդես են եկել ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ՄԻՊ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը և ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարե Հովհաննիսյանը:
Ն. Հովհաննիսյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում Դիտորդների խմբի կողմից արձանագրված այն խնդիրները, որոնք առնչվում են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմաններին, ազատազրկված անձանց դիետիկ սննդով ապահովելուն, կրթական ծրագրերի բազմազանության ապահովմանը, ազատազրկված անձանց աշխատանքով ապահովելու հնարավորությունների ընդլայնմանը և այլն: Ն. Հովհաննիսյանն անդրադարձել է նաև այն կարգավորումներին, որոնք տեղ են գտել Դիտորդների խմբի ձևավորման և հասարակական վերահսկողության իրականացման նոր կարգը սահմանող ՀՀ արդարադատության նախարարի 2020թ. մարտի 20-ի թիվ 126-Ն հրամանում՝ էականորեն սահմանափակելով Դիտորդների խմբի գործունեությունը: