ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամներին ՔԿ հիմնարկներից մեկում պատիժ կրող դատապարտյալը հայտնել է, որ ֆինանսական և առողջական խնդիրների պատճառով իր ծնողները չեն կարողանում տեսակցության գալ իրեն:
Նա նշել է, որ ցանկանում է տեղափոխվել իր բնակության վայրին մոտ գտնվող հիմնարկ, որպեսզի կարողանա հաճախակի տեսակցել ծնողներին, ում վերջին անգամ տեսել է 2017թ. կարճատև տեսակցության ժամանակ: Ճիշտ է, քրեակատարողական ծառայությունը կարող է փոխհատուցել ծնողների տեղափոխման ճանապարհածախսը, սակայն նրանց առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ճանապարհ անցնել:
Դատապարտյալը տեղափոխվելու հարցով մի քանի անգամ դիմել է տեղաբաշխման հանձնաժողովին, սակայն բոլոր դիմումները մերժվել են: Վերջին անգամ մերժում է ստացել 2019թ․ սեպտեմբերի 16-ին:
Որպես մերժման հիմք՝ տեղաբաշխման հանձնաժողովը մատնանշել է այն հանգամանքը, որ դատապարտյալը հանցագործություն է կատարել իր բնակության վայրի քաղաքի բնակչի նկատմամբ: Հետևաբար այդ վայրին մոտ գտնվող հիմնարկ տեղափոխելու դեպքում կարող են առաջանալ դատապարտյալի անվտանգության ապահովման հետ կապված ռիսկեր, քանի որ այդտեղ պահվող ազատազրկված անձանց մեջ կարող են լինել նաև դատապարտյալի կողմից տուժածների հարազատներ: Հանձնաժողովը չի բացառել նաև այն հանգամանքը, որ տուժածների հարազատներն իրենց կապերի միջոցով կարող են փորձեր ձեռնարկել դատապարտյալից վրեժխնդիր լինելու համար:
Նշված հիմնավորումների վերաբերյալ դատապարտյալը դիտորդների հետ զրույցում նշել է, որ իր գործով տուժողի իրավահաջորդը մահացել է, ինչը նշանակում է, որ այդ ռիսկայնությունն այժմ բավականին ցածր է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ դատապարտյալին իր մատնանշած հիմնարկ չտեղափոխելը կարող է խախտել նրա՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքը, Խումբը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել դատապարտյալի պահանջը բավարարելու ուղղությամբ:
Պատասխան գրության մեջ նախարարությունը տեղեկացրել է, որ դատապարտյաի նոր դիմումի համաձայն պատիժ կրող հիմնարկի պետի կողմից կազմվել է միջնորդագիր, որն արդեն ներկայացվել է տեղաբաշխման հանձնաժողովին և սահմանված կարգով քննարկման առարկա կդառնա հանձնաժողովի առաջիկա նիստում: