ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խմբի) անդամները ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել դատապարտյալ Հ.Հ.-ի հետ:
Նա դիտորդներին հայտնել է, որ դատարանում գտնվող գործերից մեկով ունի քաղաքացիական հայցվորի կարգավիճակ, սակայն արդեն 5-րդ նիստն է, ինչ իրեն չեն տեղափոխում դատարան։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 3-ին:
Բացի այդ, կա ևս մեկ գործ ՀՀ վարչական դատարանում, որտեղ ընթանում է իր նկատմամբ նշանակված տույժի վերաբերյալ բողոքի քննությունը, և որին մասնակցելու հնարավորություն իրեն կրկին չեն տալիս՝ դատարան չտեղափոխելով: Նշված գործով հաջորդ նիստը նշանակված է 2020թ. նոյեմբերի 19-ին:
Վերոգրյալի հիման վրա Խումբը թիվ 20-63 ընթացիկ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով իր իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել Հ.Հ.-ի մասնակցությունը նշված դատական նիստերին ապահովելու և անհրաժեշտության դեպքում դատապարտյալին իր իրավունքները պարզաբանելու ուղղությամբ:
Ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից պարզաբանել են, որ ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում դատապարտյալների ուղեկցման հետ կապված հարցերը վերապահվել են ՀՀ ոստիկանությանը: Քրեակատարողական հիմնարկները նշված հարցի առնչությամբ որևէ իրավասություն չունեն:
Ինչ վերաբերում է 2020թ. նոյեմբերի 3-ին նշանակված նիստին, ապա դատապարտյալ Հ.Հ-ի մասնակցությունն ապահովելու նպատակով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխան ծանուցումներ է ուղարկել «Արմավիր» ՔԿՀ-ի պետին և Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարին:
Նշված դատական նիստին Հ.Հ.-ի ներկայությունը չի ապահովվել, քանի որ ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողները դատապարտյալին տեղափոխելու նպատակով հիմնարկ չեն ներկայացել:
2020թ. նոյեմբերի 19-ին նշանակված դատական նիստին դատապարտյալի ներկայությունը չի ապահովվել, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ն համապատասխան գրությամբ չի ծանուցվել դատապարտյալին տեղափոխելու մասին:
Խմբի գնահատմամբ անհրաժեշտ է խնդիրը լուծելու ուղղությամբ հնարավորինս սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել, քանի որ ողջամիտ ժամկետում գործի քննության և դատարանի առջև լսված լինելու իրավունքները արդար դատաքննության իրավունքի անքակտելի բաղադրիչներն են: