ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) գործունեությունը կանոնակարգվում էր ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված Խմբի Կարգով:
2020թ. մարտի 20-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 126-Ն հրամանով Խմբի Կարգը ենթարկվեց փոփոխության:
Մինչև Կարգի փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների և Խմբի անդամների միջև տեղի են ունեցել քննարկումներ նոր Կարգի նախագծի վերաբերյալ, որի ժամանակ փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել նախագծում առկա վիճահարույց դրույթների վերաբերյալ:
Սակայն նախարարությունը 2020թ. մարտի 20-ի վերոնշյալ հրամանով ընդունել է համաձայնեցված դրույթների հետ առնչություն չունեցող նոր Կարգ, որում տեղ են գտել բազմաթիվ վիճահարույց դրույթներ:
Օրինակ՝ 75-րդ կետով սահմանվել է, որ Խմբի անդամը ոչ աշխատանքային ժամերին քրեակատարողական հիմնարկներկարող է այցելել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշմամբ: Այսինքն՝ վերահսկողություն իրականացնող մարմինը պետք է հիմնարկի վարչակազմից թույլտվություն ստանա՝ նրան վերահսկելու համար:
Տրամաբանությունից դուրս այս կարգավորումը ոչ միայն անհասկանալի է, այլև որևէ կերպ չի տեղավորվում ողջամտության սահմաններում:
Կարգով սահմանված է, որանհրաժեշտության դեպքում Խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ: Փորձագետների համար առաջադրվում է նույն պահանջը, ինչ անդամների համար: Նաև պարտադիր պայման է նրանց մրցույթով ներգրավելը:
Պարտադիր պայմանների մեջ է մտնում, որ որպես փորձագետ առաջադրվող անձը պետք է հանդիսանա հասարակական կազմակերպության այն ներկայացուցիչը, ով ունի քրեակատարողական ոլորտի երկու կամ ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում:
Օրինակ, եթե անձը բարձրակարգ հոգեբան, կոռուպցիայի գծով մասնագետ կամ սոցիոլոգ է և ցանկություն է հայտնում կամավորության սկզբունքներով աջակցել խմբին և ներդրում ունենալ, ապա ստացվում է, որ չի կարող ընդգրկվել խմբում որպես փորձագետ, քանի որ հասարակական կազմակերպության անդամ չէ, քրեակատարողկան ոլորտում փորձ չունի և պարտադիր պետք է մասնակցի մրցույթի:
Նման չհիմնավորված սահմանափակումները խիստ բացասաբար են ազդում Խմբի գործունեության վրա: Նման կարգավորում կիրառելիս նախագիծը մշակողները ճիշտ չեն պատկերացրել Խմբի գործունեությունը, ավելին՝ անտեսել են Խմբի հետ ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունները:
Նոր կարգում առկա են նաև բազմաթիվ խնդիրներ Խմբում նոր անդամ ընդունելու պահանջների, ընթացակարգի և այլ հարցերի շուրջ:
Այս ամենը խիստ հարցականի տակ է դնում Խմբի բնականոն գործունեությունը:Խմբի անդամները մի քանի անգամ դիմել են ՀՀ արդարադատության նախարարին հանդիպելու և առկա խնդիրները քննարկելու առաջարկով, սակայն մինչև օրս որևէ հանդիպում չի կայացել:
Խումբը նաև իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Խմբի քննարկումների արդյունքում չի պահպանվել ձեռք բերված ընդանուր փոխհամաձայնությունը, և Կարգի փոփոխությունը որևէ կերպով չի համապատասխանում ընդհանուր պայմանավորվածությանը:
Այս հանգամանքը ՀՀ արդարադատության նախարարությանը դարձնում է ոչ հուսալի և ոչ վստահելի գործընկեր: