ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամները ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ հանդիպել են դատապարտյալ Ն.Խ.-ի հետ։
Դատապարտյալի հետ ունեցած զրույցի ընթացքում Խմբի անդամները պարզել են, որ Ն.Խ.-ի մոտ ախտորոշվել է «Անձի շիզոիդ խանգարում: Քրոնիկական հեպատիտ «C»՝ ցիրոզի անցումով: Միզաքարային հիվանդություն»: Նա հայտնել է առողջական մի շարք այլ խնդիրների մասին ևս՝ ասթմա, շնչահեղձություն:
Ն.Խ.-ին նշանակվել է հոգեբույժի մշտական հսկողություն, սակայն խնդիրն այն է, որ «Արմավիր» ՔԿՀ-ն հոգեբույժ չունի: Հիմնարկը սպասարկում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հոգեբույժը, ով «Արմավիր» ՔԿՀ է այցելում շաբաթական մեկ անգամ:
Ըստ խցակիցների՝ Ն.Խ.-ն երեկոյան ժամերին նոպաներ է ունենում անկախ այն հանգամանքից՝ դեղեր ընդունում է, թե՝ ոչ: Նման դեպքերում խցակիցները տեղեկացված չեն, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ ձեռնարկել:
Ն.Խ.-ն միաժամանակ հայտնել է, որ խցային պայմաններում իր գերլարվածությունն ավելի է սաստկանում: Նա եղել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ, գտնվելով հոգեբույժի հսկողության տակ, իրեն բավականին առողջ է զգացել:
Վերոգրյալի հիման վրա Խումբը 2020թ. նոյեմբերի 2-ի թիվ 20-60 ընթացիկ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ն.Խ.-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու և նրա առողջության պահպանման ուղղությամբ:
Նախարարությունը 2020թ. նոյեմբերի 16-ի 12.0.08/25573-20 ելից գրությամբ Խմբին տեղեկացրել է, որ դատապարտյալ Ն.Խ.-ն ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ-ի ստորաբաժանման անձնակազմի հսկողության տակ է և անհրաժեշտության դեպքում ստանում է համապատասխան բժշկական օգնություն:
Նա դիսպանսեր հսկողության շրջանակում հոգեբույժի կողմից պարբերաբար ենթարկվում է զննման և խորհրդատվության: Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբերի 29-ին զննվել է հոգեբույժի կողմից, որի արդյունքում նշանակվել է դեղորայքային բուժում: 2020թ. նոյեմբերի 10-ի հոգեբույժի կրկնակի զննության արդյունքում արձանագրվել է առողջական վիճակի դրական դինամիկա: Ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի նշվել: